Բոլոր ճանապարհները` դեպի Սասունիկ

0
24
Փոխըմբռնում

 -Ընկերությունը հիմնադրել ենք 2010 թվականին,- մեզ հետ զրույցում նշեց <<ՍԿԻՖՖ Շին>> ՍՊԸ հիմնադիր Մանվել Մելքոնյանը:- Արտադրում ենք ներքին հարդարման շինարարական ապրանքներ և շինարարական չոր շաղախներ` ծեփամածիկ, սալիկի սոսինձ, ջրաէմուլսիոն և ջրադիսպերսիոն ներկեր: Կազմակերպությունը հիմնադրելով Սասունիկ գյուղում, հաշվի ենք առել բնակավայրի հարմար տեղն ու դիրքը, ինչպես նաև Երևանին մոտ գտնվելու հանգամանքը: Մեծ նշանակություն է ունեցել նաև Սասունիկի համայնքապետ Արման Մարգարյանի անձը, ում հետ լավ հարաբերությունների մեջ ենք: Փոխադարձաբար իրար օգնում, ձեռք ենք մեկնում` ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը լուծելիս: Խոսքն առաջին հերթին թե՛ համայնքի, թե՛ մեր արտադրության զարգացմանն է վերաբերում: Արման Մարգարյանն այն ղեկավարներից է, որ իրոք մտահոգված է համայնքի խնդիրներով և ջանում է ամեն կերպ, օր առաջ բավարար լուծում տալ դրանց: Մասնավորապես, մեծապես շահագրգռված է, որ մեր արտադրությունում իր բնակիչներն աշխատատեղ ունենան: Մենք էլ ենք շահագրգիռ, որ առաջին հերթին տեղացիները մեզ մոտ աշխատեն…

   Պարոն Մելքոնյանն այնուհետև հավելեց, որ ներկայումս շատ բարդ խնդիր է արտադրանքի իրացումը. <<Հիմնականում վաճառում ենք Հայաստանի տարածքում, ինչը շատ դժվար է: Իրականացնում ենք միայն մեծածախ վաճառք: Աշխատում ենք ընկերությունների հետ: Սեփական խանութ չունենք: Վաճառքը կազմակերպում ենք մեր մենեջերների միջոցով, ովքեր կազմակերպություններին, խանութներին առաջարկում են մեր արտադրանքը: Նաև ԼՂՀ, Վրաստան ենք տարել մեր արտադրանքը: Շուկա մտնելն այսօր բավականին դժվար է, քանի որ մրցակցությունն ահռելի մեծ է: Մրցակցությանը դիմանալու համար առաջնահերթ պետք է պահպանել բիզնեսի կանոնները: 30 տարի բիզնեսում եմ և լավ գիտեմ այդ ամենի մասին: Բիզնեսում հաջողության հասնելու հիմնական գրավականը, կարելի է ասել, հետևյալն է` պետք է սիրես գործդ, օրենքի դաշտում աշխատես և ձգտես այնպես անել, որ քո գործից ուրիշ մեկը չտուժի: Այս դեպքում ցանկացած բիզնես հաջողություն կունենա: Մեր արտադրանքի որակը շատ բարձր է, շատ մեծ ուշադրություն ենք դարձնում որակին: Հենց դրանով էլ, կարելի է ասել, պայմանավորված է այն հանգամանքը, որ այդքան էլ մեծ ապրանքաշրջանառություն չունենք: Բոլորը չէ, որ կարող են մեր արտադրանքը գնել: Մեր խնդիրը ոչ այնքան տեղական, որքան արտասահմանյան արտադրանքի հետ մրցակցելն է, նրա հաշվին շուկայում տեղ գրավելը: Հասկանալի է, որ ֆինանսական պայմաններից ելնելով մարդիկ ի վիճակի չեն բարձրորակ ապրանք գնել, բայց և պիտի գիտակցել, որ էժանագինն առնելն էլ առավել քան նախընտրելի չէ: Մենք էժանագին ապրանք չենք արտադրում: Արտադրում ենք, ասենք, այնպիսի ներկ, որ երկար տարիներ կպահպանվի, միայն օճառաջրով լվանալ է պահանջում: Խոսքը լատեքսային ներկերի մասին է, որ 10 տարի կարող են դիմանալ: Մեր մենեջերները նաև բացատրական աշխատանք են տանում սպառողների շրջանում` նշելով մեր արտադրածի անվիճելի առավելությունները: Արտադրանքի բարձր որակը գալիս է, անշուշտ, մեր մասնագետներից, որ բարձր որակավորում ունեն: Ունենք մեր լաբորատորիան, որտեղ անհրաժեշտ փորձարկումներ ենք անցկացնում: Ներկայումս ի վիճակի ենք արտադրել այնպիսի ներկ, որը մարդկանց մտքով կարող է անցնել, որը նրանց ուզածը լինի: Մեր մասնագետների համար դա բարդ խնդիր չէ: Բացի այդ, նաև մեր սարքավորումներն են բարձրակարգ` ներկրված Իտալիայից: Ջանում ենք ոչ հեռու ապագայում հասնել նրան, որ տեղական շուկայից դուրս մղվի ներկրված արտադրանքը: Անհրաժեշտ հումքը ներկրելով Եվրոպայից, կարող ենք ամենաբարձր որակն ապահովել: Ցանկացած պարագայում մեր արտադրանքը ներկրվածի համեմատ առավելություններ ունի: Մենք միայն ռեցեպտուրայով ենք աշխատում, ինչն էլ որակի կայունության ապահովման կարևոր նախադրյալներից է: Դա անգամ ամենախստապահանջ վարպետներն են հաստատում` մեր արտադրանքն օգտագործելով իրենց շինաշխատանքներում: Այո, կայուն ու մշտական որակ: Ռեցեպտուրայում փոփոխության առկայության դեպքում այդ մասին պետք է անպայման տեղեկացնել սպառողին…>>: 
   Այս ամենով հանդերձ, ընկերությունն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահում գյուղը, նրա մարդկանց: Անհրաժեշտության դեպքում իրենց հնարավորությունների սահմաններում ձեռք են մեկնել սասունիկցիներին: Իրենց գյուղի մարդիկ են համարում` տարբերություն չդնելով: Հարազատի պես սրտացավորեն են վերաբերվում համայնքին վերաբերող ցանկացած խնդրի: Եթե, ասենք, նկատում են, որ ճանապարհի բարեկարգման խնդիր կա, ապա իրենք են առաջարկում ընկերության աջակցության պատրաստակամության մասին: Պարոն Մելքոնյանն էլ իր հերթին գոհ է սասունիկցիների ջերմ վերաբերմունքից. <<Սասունիկը շատ լավ գյուղ է, լավ համայնք ունի: Որևէ խնդիր, անախորժություն չենք ունեցել, բոլոր հարցերը բարձր մակարդակով լուծվում են: Փոխըմբռնման առողջ մթնոլորտի պայմաններում ենք գործում: Երբևէ չեմ զգացել, որ տարբերություն դրվի մեր միջև, մենք էլ տեղացիների պես նույն իրավունքների ու նույն պարտականությունների տերն ենք, կրողը: Գյուղը շատ է հարազատացել, և ուր էլ գնանք, միևնույն է, բոլոր ճանապարհներն էլի մեզ Սասունիկ են բերում…>>:
SHARE