Բջնիի գյուղապետի <<հաջողությունը>>

0
27

Էվրիկա

Տեղ գտած միջադեպերը պարտակելու և հանցածին իրավիճակը <<թեժ>> պահելու գործում…

   Մարտի 15-ին Բջնիում կայանալիք ՏԻՄ ընտրության առիթով փորձեցինք հանդիպել գործող համայնքապետ Արմեն Մաթևոսյանի հետ: Վերջինս, սակայն, ամեն կերպ խուսափեց այդ հանդիպումից` ինչ-ինչ պատճառաբանություններ մոգոնելով: Ավելին, չթաքցնելով խուսափողականությունն ու գոռոզամտությունը, անհարգալից ու անբարեկիրթ գտնվեց մեր հանդեպ: Մեզ մնում էր հանդիպել  համայնքի բնակչությանը և նրա միջոցով ստանալ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները…

  Գյուղի կենտրոնում փոքրիկ մետաղական ծածկի տակ /այն ավելի շուտ կանգառի է նմանվում/ նկատեցինք մի քանի տարեց մարդու, որ թղթախաղով էին զբաղված: Գրեթե բաց երկնքի տակ էին, քանի որ տեղացող առատ ձյունը հասնում էր նաև նրանց: Զարմացանք` մի՞թե գյուղում մի տեղ, մի անկյուն չկա զբաղմունքի համար, որ այս պայմաններում են մարդիկ ստիպված մեռցնում իրենց ազատ ժամանակը: Ասացին, որ կա, խանութի տարածքը, բայց այն չեղածի հաշիվ է` ոչ աթոռ ու սեղան, ոչ մի տարրական պայման, սանիտարական անմխիթար վիճակն էլ` մյուս կողմից, այնպես որ գերադասելին էլի սա է…

  Մշակույթի տունը, խորհրդային ժամանակաշրջանից ժառանգած հրաշալի մի կառույց, ամբողջությամբ քանդված, անտեր վիճակում է: Համայնքի ղեկավարը, թերևս, այնքա՜ն զբաղված է, որ ժամանակ չի գտնում այդ հարցով զբաղվելու… Կամ, միգուցե, զբաղվում է. ի՜նչ իմանաս… Չենք կարող չնշել, որ Բջնիի ժողովուրդը շատ պատվախնդիր ու աշխատասեր է, քրտնաջան ու ծանր աշխատանքով է հոգում ամենօրյա ապրուստի կարիքները: Սակայն գնալով վիճակը վատթարանում է, ինչը հուսալքված մարդկանց ստիպում է բռնել արտագաղթի ճանապարհը:

  Ճիշտ է, այս վիճակն ընդհանուր է, սակայն դա չպետք է երբևէ արդարացնի տեղերում ղեկավար կարգված կամ քաջնազարի բախտով <<թախտին>> հայտնված որոշ անձանց անգործությունն ու անպատասխանատվությունը: Բջնեցին, օրինակ, իր անմխիթար վիճակի առաջին ու հիմնական պատասխանատու համարում է համայնքապետին, քանի որ հենց նրան է ընտրել` հուսալով, որ իր դարդին դարման անող կլինի: Սակայն…

  Գնալով մարդկանց թիվն ավելացավ, քանզի առիթ էր ստեղծվել` գոնե սրտները բացելու, իրենց հոգս ու ցավի մասին բարձրաձայնելու համար: Հուսահատ ու անելանելի վիճակում հայտնված մարդիկ դժգոհելու շատ բան ունեին, բայց, այդուհանդերձ, գործող գյուղապետին համարում էին չարյաց փոքրագույնը, այն նկատառումով, որ վերջինս գոնե, իր բոլոր թերություններով հանդերձ, գյուղում ծագող վիճաբանությունների ու կոնֆլիկտների դեպքում ոստիկանություն չի ահազանգում, տաքարյուն ջահելներին իրավապահների ձեռքը չի գցում:

  Այստեղից, թերևս, կարելի է հետևություն անել, թե որքան շատ լինի նման իրավիճակների հավանականությունը, որքան բջնեցիները շատ, այսպես ասած, տալիք-առնելիք ունենան, միմյանց հետ կռվեն ու գժտվեն, այնքան լավ … գյուղապետի համար: Տեղ գտած միջադեպերը խթանելու, ինչ-որ հանցանք-զանցանքի մեջ բռնվածներին հովանավորելու յուրօրինակ ու հրաշալի միջոց է, այնպես չէ՞: Միգուցե, հենց գյուղապետն էլ իր ուրույն գործելաոճով դրդո՞ւմ է, որ հանցածին իրավիճակը միշտ թեժ լինի: Հաղթաթուղթը` համագյուղացիներին լռեցնելու, ստեղծված անմխիթար վիճակի հետ հարմարվելու և իր հավերժական <<թագավորությունը>> հաստատ պահելու համար, միշտ իր ձեռքին կլինի:

   Ընդհանուր առմամբ, ցավալին ու տագնապեցնողն այն է, որ Ա. Մաթևոսյանի նման համայնքապետերն իրենց անփառունակ գործունեությամբ մեռցնում են մարդկանց հավատն ու վստահությունը երկրի իշխանությունների, երկրի ապագայի հանդեպ: Ահա թե ինչու մարդկանց համար լրիվ մեկ է, թե ով կլինի գյուղապետի աթոռին, քանի որ, նրանց համոզմամբ, ով էլ գա` իր մասին է մտածելու, իր անձնական շահն է առաջ տանելու: Նման պաշտոնյաները լավ գիտեն դա և, ըստ էության, շարժվում են մեզանից հետո` թեկուզ ջրհեղեղ արատավոր ու պարսավելի գործելակերպով: Եվ, ի վերջո, որքան էլ նրանք իշխանությունների դրածոն համարվեն, այնուամենայնիվ,  արջի ծառայություն են մատուցում նույն այդ իշխանություններին…

Ռ. Մ.