Գալուս նպատակը մեկն է`

0
18

ծառայել հայրենի գյուղի զարգացմանն ու բարգավաճմանը…

Ընտրություն

   -Սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրությանն առաջադրել եմ թեկնածությունս,-ասաց Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի ղեկավարի թեկնածու Արմեն Հարությունյանը:- Նպատակս գյուղի համար լավ գործեր  անելն է: Ուզում եմ, որ փոփոխություններ լինեն, բարեփոխումներ, առաջընթաց լինի: Պրոբլեմներ շատ ունենք` խմելու ջուր, գիշերային լուսավորություն, ասֆալտապատում և այդպես շարունակ: Չի եղել և այսօր էլ չկա մանկապարտեզ: Ես անձնական շահագրգռություն չունեմ, շահ չեմ հետապնդում: Ապահովված եմ, ունեմ իմ բիզնեսը, <<Ագարակ-գռաֆ գազ>> ՍՊԸ տնօրենն եմ: Այնպես որ, ինչ որ անելու եմ, գյուղի ու գյուղացու համար եմ անելու: Ծնվել, մեծացել եմ այստեղ, անչափ սիրում եմ հայրենի գյուղս, այստեղ է իմ ապագան: Երևանում էլ տուն ունեմ, որդիս այնտեղ է մանկապարտեզ, քոլեջ հաճախել, բայց այսօր սովորում է ծննդավայրիս դպրոցում: Գյուղացիներն ինձ շատ լավ գիտեն, նրանց աչքի առաջ եմ մեծացել: Ճիշտ է, հայրս աշխատող, ստեղծող մարդ է եղել, բայց ես ամեն ինչ զրոյից եմ սկսել: Ինչի հասել եմ, հասել եմ իմ աշխատանքով: ԲՀԿ անդամ եմ, ընդունում եմ նրա գաղափարախոսությունը: Իրոք, մեր խոսքը գործ է` եթե մի բան ասում ենք, ապա անպայման անում ենք: Կուսակցությունը, բնականաբար, տվել է իր համաձայնությունն առաջադրվելուս հարցում, կաջակցի ինձ` իրագործելու ծրագրերս և գյուղը տանելու բարգավաճման ուղիով: Եթե ժողովուրդը տվեց իր քվեն, ապա կանենք ամեն ինչ և կհասնենք մեր նպատակներին: Հենց այնպես խոսքեր չենք շռայլում, մեր խոսքի տերն ենք լինելու մինչև վերջ: Մարդը պետք է ձգտում ունենա, ոչնչից չհիասթափվի: Ամեն նեղություն մարդու համար է: Եթե ձգտում չունեցար, ոչնչի էլ չես հասնի: Պարապ նստեցիր, ոչ ոք քեզ հաց չի բերի տա, պետք է աշխատես, ստեղծես…

     -Ըստ Ձեզ, ի՞նչ է պահանջվում համայնքի ղեկավարից:
   -Ես ունեմ այսօր մոտ 30 աշխատող: Եթե կարողանում եմ նրանց հետ նորմալ աշխատել, եթե մարդիկ ինձանից գոհ են, ինձանով ընտանիք են պահում, ուրեմն այստեղ էլ նորմալ է լինելու ամեն ինչը: Եթե ասում եմ, թե ամեն ինչ անելու եմ, չի նշանակում` միայնակ եմ գործելու: Համոզված եմ, որ կուսակցությունն ինձ միանշանակ օգնելու է, այդ առումով որևէ խնդիր չեմ տեսնում: Մնացածը իմ ուժերով, իմ հնարավորությունների սահմաններում կարվի` գյուղացիների հետ համատեղ: Անհրաժեշտության դեպքում անձնական միջոցներից կներդնեմ: Առաջնահերթ, ընտրվելու դեպքում, լուծելու եմ ջրագծերի խնդիրը, որպեսզի մաքուր ջուր խմենք: Կան մարդիկ, որ զրկված են ջրից, նրանց պիտի ապահովել: Կասֆալտապատեմ փողոցները, կլուսավորեմ: Դեռևս չգազաֆիկացված փողոցների խնդրով արդեն իսկ դիմել եմ պատկան մարմիններին: Հավատացած եմ, որ այդ հարցը կլուծվի: Գիշերային լուսավորության ցանց անցկացվեց ԱԺ պատգամավորներից մեկի աջակցությամբ, բայց միացում չարվեց, այդպես կիսատ էլ մնաց: Արդեն քայքայվել է` հարկ է վերականգնել և գյուղը խավարից դուրս բերել: Ժամանակի ընթացքում բոլոր խնդիրներն էլ աստիճանաբար իրենց լուծումը կստանան: 
      -Խոսենք Ձեր ընտանիքից, ծնողներից:
     -Հորս անունը Մանուկ է, բայց գյուղում Աղաս են ասում: Ես նրանից շատ բան եմ սովորել: Շատ աշխատասեր է: Մեր այգին գյուղում տարբերվում է մյուսներից, մատով կարելի է ցույց տալ: Դա նրա քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Իր այգուց համարյա դուրս չի գալիս: Հողը, բնությունը սիրող մարդ է: Նա իր աճեցրած բերքը ոչ այնքան վաճառել է, որքան բաժանել մարդկանց: Բոլորին է մասնաբաժին հանում իր աշխատածի արդյունքից: Ունեմ 3 դուստր, որդի, 3 թոռնիկ: Ե՛վ ծնողներից եմ հարուստ, և՛ երեխաներից, և՛ թոռներից: Աստված ինձ բարի աչքով է նայում: Որքան բաժանում եմ, այնքան էլ` ստանում: Չկա մարդ, որ ինչ-որ հարցով դիմի և ես չօգնեմ: 2 խանութ ունեմ, որտեղ գյուղացիների պարտքը հասնում է մոտ 10 մլն դրամի: Իմ գյուղը, իմ գյուղացիներին շատ եմ սիրում, միշտ կանգնած եմ նրանց կողքին: Ովքեր կընտրեն ինձ` նրանց ցավը տանեմ, չընտրեն էլ` էլի ցավները տանեմ, բոլորն էլ ինձ համար հավասար են: 
-Ինչպե՞ս եք պատկերացնում գյուղացի-գյուղապետ փոխհարաբերությունները:
-Պետք է իմանալ` ում հետ ինչպես կազմակերպել աշխատանքը, ինչպիսի վերաբերմունք ցուցաբերել: Մարդիկ տարբեր են լինում, կարող է` ինչ ուզում ես ասա կամ արա, միևնույն է, քոնը չընդունի: Համենայնդեպս, պիտի ջանաս այնպես անել, որ իրեն լավ զգա: Այսօր ժողովրդի հետ աշխատելը շատ դժվար է, որովհետև մարդիկ նեղության մեջ են, իսկ նեղությունից ամեն ինչ սպասելի է: Այնպես որ, պիտի ամեն կերպ հասկանալ մարդկանց և ընդառաջել: Եթե դրել եմ թեկնածությունս, ապա բոլորի հետ էլ պիտի լեզու գտնեմ, բոլորի հետ էլ աշխատեմ: Գյուղում գրեթե բոլորն էլ իրար բարեկամ են, ուստի պիտի այնպես արվի, որ մարդիկ հասկանան, ընտրության պատճառով իրարից չնեղանան: Ով ուզում է` թող ընտրվի, միայն թե գյուղի համար լավ լինի: Համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, մեր գյուղն առաջ է գնալու…
     -Ամեն տեղ էլ ընկերական շրջապատ ունենալը մեծ նշանակություն ունի, և Ձեր պարագայում, մեր կարծիքով, առավել ևս դրա կարևորությունը մեծ է: Ի՞նչ կասեք ադ մասին: 
          -Այո, ես ընկերական մեծ շրջապատ ունեմ: Ընկերներս կողքիս կանգնած են, և գիտեմ, որ ցանկացած հարցում ինձ օգնելու են: Ունեմ շատ լավ ընկերներ, որ բարձր պաշտոններ են զբաղեցնում: Իմ ընտրվելու դեպքում, կարող եմ ասել, նրանց աջակցությամբ գյուղում անլուծելի խնդիր չի մնա: Սա բոլորիս ցանկությունն է: Ինձ վստահության քվե տալով, ագարակցիները մեծապես օգնած կլինեն իրենց, առաջնահերթ կշահեն իրենք: Իմ անձնական գործերը մի կողմ եմ թողնելու և գյուղապետարանում նստած` մտածելու եմ իրենց մասին: Գիտակցելով սա, կարծում եմ, մարդիկ ճիշտ ընտրություն կկատարեն: Ինքս ինձ թույլ չեմ տա` մարդկանց ասելու, որ ինձ ձայն տվեք: Կարող եմ միայն ասել, թե ինչ կարող եմ անել իրենց համար: Եթե վստահում են, ապա թող ձայն տան… Ինչ վերաբերում է, առհասարակ, ընկերությանը, ապա ասեմ, որ մարդու հետ երկար ճանապարհ պիտի անցնես` ընդ որում, փողային հարաբերություններ ունենալով: Եթե մարդը փողին կուլ գնաց, ապա նա ընկեր չի դառնա: Փողը կեղտոտ բան է, մարդկանց կարող է փոխել, այնպես որ, եթե փողային հարցում դիմացինի հետ ճիշտ լեզու գտար, անցաք այդ փորձությունը, ապա հաշվիր, որ ընկերության հարցն էլ լուծվեց: Ունեմ երկար տարիների մանկության, աշխատանքային ընկերներ: Զուտ մաքուր ընկերությունը կարող է կապող օղակ հանդիսանալ: Կյանքն ինձ չի փոխել: Մանկության ընկերներիցս են Արսեն Ռոզիկյանը /Հայաստանում չէ/, Մխիթար Միրզոյանը, Գալուստ Հովհաննիսյանը, Արայիկը: Մշտապես ընտանիքներով հանդիպում ենք: Հակոբ Գրիգորյանի /ներկա էր մեր զրույցին` խմբ./ հետ աշխատանքային ընկերներ ենք: Թեև նա այսօր չի աշխատում, դուրս է եկել, բայց իմ կողքին կանգնած է, իմ ընկերն է: Լավ ու ազնիվ ընկեր է: Գյուղում ավագ ընկերներ ունեմ, ումից շատ բան եմ սովորել: Կրտսեր ընկերներ ևս ունեմ, առհասարակ, ընկերության մեջ տարիքը որևէ նշանակություն չունի: Իմ աշխատողի հետ ընկերություն եմ անում: Գյուղացիներն իմ ընկերներն են, այսօր ինչ հարցով էլ դիմեն, հնարավորություններիս սահմաններում ձեռք կմեկնեմ…
       Հակոբ Գրիգորյանը, ընդմիջելով զրույցը, նշեց, որ Արմենը շատ լավ անձնավորություն է ընդհանրապես բոլորի համար. <<Ավագանու ընտրությանը թեկնածությունս դրել եմ այն վստահությամբ, որ Արմենի հետ միասին ամեն ինչ անելու ենք, որպեսզի ոչ ոք մեզանից դժգոհ չմնա: Սիրում եմ, որ մարդը մաքուր լինի և անի այն, ինչի կարիքը տվյալ գյուղացին ունի: Առաջին անգամ եմ առաջադրվում, քանի որ գիտեմ` Արմենը գյուղի համար ամեն ինչ անելու է, աթոռի կամ պաշտոնի համար չի գալիս: Ինքն ավելի լավ աթոռ ու պաշտոն ունի: Համայնքապետ դառնալով, միմիայն գյուղին օգուտ կտա…>>:
-Ահա այս ամենը տեսնելով,-ավելացրեց Արմեն Հարությունյանը,-Հակոբը կանգնել է կողքիս: Պատրաստ է միասին`միասնական ուժերով լուծելու գյուղի առջև ծառացած խնդիրները: Ես էլ փոխադարձաբար սիրում ու վստահում եմ նրան: Շատերի նման չի ասում` ասելու համար: Ասում է, ուրեմն կանի: Մշտապես հետաքրքրվում է, թե ինչով կարող է օգտակար լինել: Դա ինձ մեծ ուժ է տալիս: Ամենակարևորը վստահությունն է, որը կա մեր մեջ: Էլի մարդկանց եմ վստահում, որ նույնպես իրենց թեկնածությունը դրել են ավագանիում ընտրվելու համար: Կարևորում եմ ավագանու դերը, քանզի նրա օգնությամբ կկարողանամ համայնքի համար լավ գործեր անել: Ձևական ավագանի ինձ պետք չէ: Ավագանու անդամները գյուղապետարանում առանձին սենյակ են ունենալու, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան իրենց հուզող հարցերով դիմելու նրանց: Այդ հարցերը համատեղ կքննարկենք և համապատասխան լուծում կտանք: Գյուղապետարանի աշխատակազմը փոխելու մտադրություն չունեմ: Աշխատողի հետ աշխատելու խնդիր չեմ տեսնում: Ինքնանպատակ ոչինչ իմ կողմից չի արվելու…
     Ընկերոջ խոսքը շարունակեց Հակոբը. <<Ռեալ պիտի լինի ընկերը, իր խոսքի տերը, ինչով օժտված է Արմենը: Ինչպես նա նշեց, ընկերներ ունի թե՛ գյուղում, թե՛ գյուղից դուրս: Նրանք բոլորն էլ, համոզված եմ, Արմենի համար պատրաստ են անելու ամեն ինչ…>>:
      -Ինձ ավագ ընկեր է նաև հայրս,-ասաց Արմենը:-Ունեցածս աշխատասիրությունը, ձգտումը հայրիկիցս եմ ժառանգել: Կարող է գիշերն էլ չքնեմ` մտածեմ, թե ինչ օգտակար գործ ձեռնարկեմ: Մարդուց, ով հողը մշակելով կարող է տարին մի քանի անգամ եկամուտ ստանալ, շատ բան կարելի է սովորել: Մի կտոր հող պարապ չի թողնի` կմշակի: Աշխատող, արարող մարդ է հայրս: 75 տարեկան է, բայց հանգիստ նստել չգիտի: Հորս սրտովն այնքան էլ չէ, որ առաջադրել եմ թեկնածությունս: Ասում է` ամեն ինչ ունես, ինչու ես իզուր գլխացավանքի մեջ ընկնում… Գիտի, որ գյուղացիների խնդրանքով եմ դրել թեկնածությունս, բայց, միևնույն է, սիրտը ցավում է ինձ համար: Գիտի, որ մարդկանց միայն լավն եմ ցանկանում, որ մարդկանց օգնելու համար ոչինչ չեմ խնայի, որ մարդկանց միջև տարբերություն չեմ դնում, բոլորին հավասար աչքով եմ նայում… 
      Մտերիմ ընկերներից Սամվելը Մոսկվայից հատուկ եկել է ընկերոջն այս օրերին թևութիկունք լինելու համար. <<Պատրաստ էի նաև ուրիշ մեկի համար գալ, ով գյուղում փոփոխությունների ձեռնամուխ կլիներ: Գործող գյուղապետի նկատմամբ ոչինչ չունեմ, խելոք մարդ է, մեզ հետ էլ նորմալ  հարաբերություններ ունի: Ուղղակի` գյուղում փոփոխություն, տեղաշարժ չկա: Փոփոխություններ այսօր անհրաժեշտ են, ահա թե ինչու որոշեցինք և խնդրեցինք Արմենին, որպեսզի դնի թեկնածությունը: Սկզբում չէր ուզում` պատճառաբանելով անձնական ծանրաբեռնվածությունը: Բայց… Արմենն արժանի է, աշխատասեր է և կարող է գյուղը զարգացման ճանապարհով տանել: Հանուն գյուղի զարգացման, հանուն նրա վաղվա օրվա եմ գործերս Մոսկվայում թողել և եկել: Մտածում եմ բոլորի, ընդհանուրի մասին, անձնական շահ կամ շահագրգռություն չունեմ: Մտածում եմ, որ բոլորի համար լավ լինի, որ իմ համագյուղացին բարեկեցիկ ու լավ կյանքով ապրի, լավատես լինի ապագայի նկատմամբ: Եթե մեր շուրջը խելացի մարդիկ կան, եթե ուզում են, որ ամեն ինչ լավ լինի, ուրեմն պիտի Արմենն ընտրվի: Համոզված եմ, որ այդպես էլ լինելու է…>>: 
  Արմեն Հարությունյանի ցանկությունն է, որ ընտրություններն անցնեն մաքուր, արդար, առանց խախտումների: Ամենակարևորը` խաղաղ ու հանգիստ մթնոլորտ լինի, թշնամական դրսևորումներ ի հայտ չգան: Համոզված է, որ այդպես էլ լինելու է: Թեկնածուի խոսքերով, անխելք մարդիկ են միայն լարվածություն ստեղծում: Ով ում ցանկանում է, թող նրան էլ ընտրի: Կարևոր չէ, թե ով կընտրվի, կարևորն այն է, որ գյուղի համար լավ լինի, գյուղը առաջընթաց ապրի, մարդկանց վիճակը բարելավվի: Գյուղացիներն արժանի են բարեկարգ համայնքում ապրելու, նրանք հյուրասեր, բարյացակամ, հաց տվող, կամեցող մարդիկ են: Արմենի ձգտումն է միակուռ ու բարեկարգ համայնք ունենալ: Հպարտորեն նշեց, որ կինը նույն գյուղից է, շատ լավ ընտանիքից.
      -Առհասարակ, իմ ընտանիքին շատ եմ սիրում: Համերաշխ ընտանիք ունեմ: Տան համերաշխությունը գալիս է իմ ծնողներից: Ինչ տեսել եմ, այն էլ սովորել: Ծնողներս էլ շատ սիրով են եղել, իրենց աշխատասիրությամբ քարը քարին դրել, օջախ կառուցել: Նույն այդ սերն ու միությունը նրանցից ժառանգելով, հավատարմորեն շարունակում ենք: Չկա ընտանիք, որտեղ անախորժություն չլինի, ուղղակի` հարթել է պետք, ինչը գալիս է տղամարդուց, տան մեծերից: Եթե ես իմ ընտանիքը չսիրեմ ու չհարգեմ, ապա ոչ մի ընկերոջ էլ չեմ կարող սիրել ու հարգել, ժողովրդի հետ էլ լավ լինել չեմ կարող: Ինչ ուզում է լինի` ինձ համար առաջինն իմ ընտանիքն է: Մարդն իր ընտանիքն ամուր պիտի պահի: Իսկ գյուղն էլ իր հերթին մի մեծ ընտանիք է: Ընտրվելուցս հետո գյուղն ինձ համար երկրորդ` մեծ ընտանիք է լինելու: Պետք է այնպես անենք, որ գյուղում բոլորն էլ իրար հետ հաշտ ու համերաշխ ապրեն: Ինչպես իմ ընտանիքում, այնպես էլ համայնքում պիտի լինի: Մեր համայնքը մի մեծ ընտանիք է լինելու… Հողատարածքներ կան, որ մարդիկ չեն մշակում` վառելանյութը, պարարտանյութը թանկ է, մշակելու հնարավորություններ չկան: Կապահովենք անհրաժեշտը, որպեսզի հողն իր լիարժեք նպատակին ծառայի: Ընկերներիս օգնությամբ նաև ձեռք կբերենք գյուղտեխնիկա, մատչելի գներով անհրաժեշտ պարագաները, կլուծենք ոռոգման ջրի խնդիրը և այլն: Այնպես կկազմակերպենք աշխատանքները, որ գյուղում ոչ մի կտոր հող պարապ, անմշակ չմնա: Կստեղծենք գյուղտեխնիկայի պարկ, որն այսօր շատ անհրաժեշտ է գյուղին ու գյուղատնտեսությանը…
      Արմեն Հարությունյանին գյուղում ճանաչում են նաև որպես շատ ընտանիքների երեխաների կնքահոր, քավորի: Էլի շատ են ցանկացողները` նրա հետ նման բարեկամական կապեր, հարաբերություններ հաստատելու համար: Սա, բնականաբար, խոսում է Արմենի լավ մարդ լինելու մասին, անհատ, ով մարդկային լավագույն հատկանիշների կրողն է` առատաձեռն, կամեցող…
SHARE