Գառնին իր կարևոր գրավչությունն ունի

0
33

Բնակավայր

Եվ հարկ է այն ավելի հասանելի ու ցանկալի դարձնել այստեղ այցելողի համար

Կոտայքի մարզի Գառնի համայնքում նախորդ տարի աշնանը կայացած ՏԻՄ ընտրությանը համայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Սահակյանը: Պարզ է, որ եթե մարդիկ նախընտրեցին նրա թեկնածությունը, նշանակում է` նրանից ակնկալիքներն ավելի մեծ են: Արդեն համոզվել է, որ կարող է անել ավելին, ուստի և ջանք ու եռանդ չի խնայելու Գառնիի դեմքն առավել պատշաճ, ներկայանալի դարձնելու համար:

Գառնին, ինչպես գիտենք, զբոսաշրջային կարևոր, միջազգային համբավ վայելող բնակավայր է, պատմական գեղատեսիլ վայր, սակայն առայսօր նրա գրավչությունն ու հնարավորություններն այնքան էլ արդյունավետ, նպատակային չեն օգտագործվում: Պարոն Սահակյանը կարևոր է համարում, որ զբոսաշրջիկին կարողանան գոնե 2-3 օր պահել գյուղում, քանի որ ունեն, բացի հանրահայտ տաճարը, շատ ավելի հետաքրքիր ու արտասովոր վայրեր, անկյուններ, որոնք հաստատ դուր կգան այցելուներին: Իսկ դրա համար, ինչ խոսք, համապատասխան պայմաններ պետք է ստեղծեն ու ապահովեն, ինչն ավելի շատ մասնավոր ձեռնարկատիրության ոլորտի խնդիր է:

Ուստի հարկ է մասնավոր հատվածին հնարավոր ամեն ինչով աջակցել, բարենպաստ միջավայր ստեղծել, իսկ անհրաժեշտության դեպքում` համատեղ ծրագրեր, նախաձեռնություններ կյանքի կոչել: Կան կառույցներ, շինություններ, որոնք սեփականաշնորհվելով` անգործության են մատնված. կարելի է դրանք վերափոխել հյուրատների, ժամանցի և այլ օբյեկտների, ինչի պահանջարկը կա, մեծ է: Հարկ է նշել, որ արդեն հյուրատներ ստեղծվում են, այս տարի երկուսը կգործեն, ինչը նաև աշխատատեղերի խնդիր կլուծի, ինչի կարևորությունը շատ մեծ է:

Առհասարակ, համայնքում կան մի շարք խնդիրներ, որոնց լուծումը ժամանակի հրամայական պահանջ է: Լավ պատկերացնելով այդ ամենը, նորընտիր համայնքապետը վստահ է, որ չլուծվող խնդիր չկա, ընդամենը ցանկություն է պետք, ինչպես նաև` աշխատասիրություն ու եռանդ, ինչի դեպքում հաջողությունը չի ուշանա: Հավատացնում է, որ առաջիկա մեկ-երկու տարում Գառնին որակապես բոլորովին այլ է ներկայանալու թե՛ իր բնակչին և թե՛ առաջին հերթին այստեղ եկող զբոսաշրջիկներին:

Առաջնահերթ բարելավելու են աղբահանության վիճակը, և այդ նպատակով առաջին կարևոր քայլն արդեն արված է` աղբահան մեքենա են ձեռք բերել: Արտաքին լուսավորության ապահովման ուղղությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի 3-4 կմ երկարությամբ էներգախնայող համակարգ տեղադրվի: Խմելու ջրի խնդիրն է ամենացավոտը և ամենամեծ ներդրում պահանջողը: Քանի որ համայնքի բյուջեով կամ տեղի հնարավորություններով դա անհնար է կատարել, ուստի ելքը կա՛մ պետական միջամտությունն է, կա՛մ համապատասխան ներդրող(ներ) գտնելը: Այդ ուղղությամբ գործուն քայլեր են ձեռնարկում, նպատակահարմար ուղիներ փնտրում: Ի տարբերություն խմելու ջրի, ոռոգման հարցում խնդիրն այնքան էլ բարդ չէ, համայնքի ուժերով հնարավոր է կարգավորել:

Շատ լավ մանկապարտեզ ունեն, որտեղ մոտ 100 երեխա է հաճախում: Խնդիրը միայն այն է, որ շենքային պայմաններն ու հնարավորություններն սկսում են չբավարարել եղած պահանջարկը: Չնայած երաժշտական դպրոց ունեն, բայց շենքը բավականին հին է, ահա թե ինչու պետական ծրագրով նորն է կառուցվելու: Հողատարածքի հատկացումն արվել է, և առաջիկա մեկ-երկու տարում, ըստ հավաստիացումների, դպրոցը նոր շենք կունենա: Ներկայումս արվեստի դպրոցն է հիմնանորոգվում` Աղասի Ալեքյանի (ծնունդով գառնեցի, ներկայումս` ՌԴ Նիժնի Նովգորոդի հայ համայնքի ղեկավարը) նվիրաբերած միջոցներով: Այստեղ շախմատի դպրոց են բացելու: Մտադիր են նաև համակարգչային դասարան հիմնել:

Ի դեպ, Աղասի Ալեքյանը նախորդ տարի 40 հեկտար ընկույզի այգի է տնկել, իսկ այս տարի նրա կողմից կհիմնվի 100 հեկտար նուշի այգի: Այս ամենն, անշուշտ, բավականին ներդրումներ են, աշխատատեղեր և այլն, ինչը գյուղի կյանքի առաջմղման լուրջ խթան է:

Մոտ 8 հազար բնակիչ ունի Գառնին: Մշակութային կյանքը, ինչպես պարոն Սահակյանը նշեց, առայժմ բավարար աշխուժություն ու հագեցվածություն չունի: Այս ուղղությամբ ևս քայլեր պետք է արվեն: Գրադարանը վերանորոգման կարիք ունի, պատշաճ պայմաններ պետք է ստեղծել ընթերցողների համար: Մշակույթի տանը գործում են պարի, թատերական և այլ խմբակներ: Մարզական միջոցառումների անցկացմանն ավելի մեծ ուշադրություն են նվիրելու, համայնքի բյուջեով հատուկ այդ նպատակի համար գումար է հատկացված: Ըմբշամարտի դպրոց ունեն, որի արդյունքները բավականին հուսադրող ու գոհացուցիչ են:

Բնակիչներն իրենց հուզող խնդիրներով առաջին հերթին դիմում են գյուղապետարան, համայնքի ղեկավարին: Այդ խնդիրների լուծման գործում զգալի է նաև Ահարոն Սահակյանի ընկերների դերակատարումը. <<Ինքս մեծ մասամբ ընկերության արդյունք եմ: Ընկերության մեջ գնահատում եմ անշահախնդրությունը: Էլ չեմ ասում ազնվության մասին, որովհետև ոչ միայն ընկերության մեջ, այլև առհասարակ կյանքում մարդը պետք է ազնիվ լինի: Մենակությունը վատ է բոլոր առումներով, ուստի մարդը ձգտում է կողքին ընկեր ու հարազատ ունենալ: Շատ հարցեր լուծվում են բացառապես ընկերության միջոցով, և ընդ որում շատ ավելի հեշտ են լուծվում…>>:

Ընկերությունը, ըստ նրա, կյանքի բոլոր բնագավառներում էլ իր կարևոր նշանակությունն ունի, ՏԻՄ-ում` առավել ևս: Ընկերները, վստահելով իրեն, ավելի կկապվեն հարազատ համայնքի հետ և չեն ափսոսա ոչինչ` ներդրումներ անելով: Խնդիրն այնպիսի մթնոլորտի ձևավորումն է, ինչի դեպքում հնարավորինս շատ մարդիկ կձգտեն Գառնիում լավ գործերի ու նախաձեռնությունների հեղինակ դառնալ: Կյանքի հետաքրքրությունն առանց ընկերության իմաստազուրկ կդառնա: Առհասարակ, չկա կյանք առանց ընկերության:

Ահարոն Սահակյանը ՀՀԿ անդամ է, ընդգրկված է ԱԺ ընտրությունների կուսակցության նախընտրական ցուցակում.

-Առաջարկը Հանրապետական կուսակցության կողմից եմ ստացել: Կարող եմ, ինչ խոսք, օգնել իմ կուսակցությանը, աշխատել հօգուտ նրա, ընտրողին հասցնել մեր ծրագրային հիմնադրույթներն ու առաջնահերթ խնդիրները: Ժողովուրդն, ըստ իս, իշխանությունների մասին կարծիք ձևավորում է առաջին հերթին ՏԻՄ կառույցի, նրա ղեկավարի միջոցով: Այնպես որ, եթե ես այսօր իմ տեղում լավ եմ աշխատում, ուրեմն կամա թե ակամա բարձրացնում եմ իշխանության հեղինակությունը, հակառակ պարագայում` վարկաբեկում…

SHARE