Գառնին սովորական գյուղ չէ

0
36
Եվ սովորական էլ չպիտի լինի նրա նկատմամբ ընդհանուր վերաբերմունքը…

Ժառանգություն

   Աշոտ Վարդանյանը Գառնի համայնքը ղեկավարում է 1996 թվականից: Գյուղին նվիրված, գյուղը շատ սիրող անձնավորություն է: Դա մեկ անգամ ևս ապացուցվեց վերջերս Գառնու տաճարի տարածքում սրճարանի կառուցման դեմ իր բողոքն ու անհամաձայնությունն արտահայտելով: Մեր հանդիպումն սկսվեց հենց այդ թեմայի շուրջ խոսակցություն ծավալելով:
    -Տաճարը կառուցվել է 1-ին դարում,- ասաց պարոն Վարդանյանը,- բայց նրա տարածքը 4 հազար և ավելի տարվա պատմություն ունի: Պարիսպը բրոնզեդարյան ժամանակների կառույցի մաս է, ներսում բնակավայր է եղել: Հետո արդեն, 1-ին դարում, կառուցվել է տաճարը: Եվ, ահա, ոմանց մտքով անցել էր այս տարածքում սրճարան կառուցել: Մենք դա անթույլատրելի համարեցինք, պայքարեցինք դրա դեմ, և կառավարությունում էլ, փառք Աստծո, հասկացան, որ չի կարելի ինչ-որ սրճարան կառուցելով աղավաղել Գառնու պատմական տարածքը: Կարելի է հուսալ, որ խնդիրն արդեն վերջնականապես փակված է, օրակարգից հանված: Համայնքի կողմից ժամանակին արվել է ամեն ինչ, որպեսզի տաճար այցելող զբոսաշրջիկները որևէ բանի պակաս չզգան, սպասարկման առումով բավարար պայմաններ ստեղծվեն: Գառնու տաճարը մեր ազգի անձնագիրն է, բոլորինս է, և ոչ ոք իրավունք չունի նրան վերաբերվել ինչպես մասնավոր սեփականության: Ես այս պայքարում արդարության կողմն էի, և արդարությունը հաղթեց: Հնարավոր չէ ապակողմնորոշել հասարակությանը, թոզ փչել մարդկանց աչքերին, մանավանդ որ օրենքը ևս մեր կողմն էր: Գյուղում ունենք զբոսաշրջության տեղեկատվական կենտրոն: Ուզում ենք զբոսաշրջիկներին ցույց տալ տաճարի պարիսպը դրսի կողմից: Այդ պարիսպը 4300 տարվա պատմություն ունի: Մենք հպարտանալու և ցույց տալու շատ-շատ բաներ ունենք: Սեպտեմբերի վերջին տոնելու ենք Գառնի համայնքի 4180-ամյակը, արդեն կունենանք համայնքի ավանդական օր: Ձգտում ենք մեր ուժերով զարգացնել զբոսաշրջությունը, ինչի արդյունքում ավելի կբարձրանա նաև բնակչության կենսամակարդակը: Այնպես որ, մենք մեր ուժերով, հնարավորության սահմաններում, տեղում բարենպաստ միջավայր ենք ստեղծում տվյալ ոլորտի զարգացման համար, և <<դրսի>> անհարկի միջամտություններն անտեղի ու ավելորդ են…
Այնուհետև խոսք գնաց համայնքում կատարված աշխատանքների մասին, և մենք պարոն Վարդանյանից տեղեկացանք, որ տեղական բյուջեի միջոցներով անում են անհրաժեշտը: Համայնքի բյուջեն 104 մլն դրամ է, որից մոտ 60-70 մլն-ը միայն աշխատավարձ է վճարվում: 2 ավտոբուս տրամադրված է ուսանողներին անվճար Երևան տանել-բերելու համար, 2-ը` դպրոցականներին սպասարկելու նպատակով: Ինչ հնարավորություն կա` ներդրվում է մատաղ սերնդի կրթության գործի կազմակերպման համար: Գործում է 4 խումբ ունեցող մանկապարտեզ` մոտ 130-140 երեխայով: Մշտական ուշադրության կենտրոնում է արվեստի դպրոցը, գործում է 4-5 խմբակ` գոբելեն, ասեղնագործություն, խեցեգործություն և այլն: 40-50 երեխա էլ այստեղ է զբաղված: Տարեկան 2-3 երեխա են ուղարկում մայրաքաղաք` Թերլեմեզյանում սովորելու: Մշակույթի տանն են տեղավորված զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնը, պարի, երգի, բուժքույրական խմբակները: Երաժշտական դպրոցում կազմակերպված են շվիի, դաշնամուրի, քանոնի և երգի դասընթացներ: Համայնքապետարանի ենթակայության տակ մոտ 85 աշխատող կա: Գառնին արդեն, կարելի է ասել, քաղաքի ապրելակերպով է շարժվում: Բնակչության թիվն անցնում է 8 հազարից:       
Այս տարի, ինչպես ցավով նկատեց պարոն Վարդանյանը, գյուղացու վիճակն աննախանձելի է` կապված ցրտահարության հետ: Հուսով են, որ կառավարության աջակցությամբ կկարողանան որոշակիորեն շտկել իրավիճակը և կոտրած տաշտակի առջև հայտնվելու դժբախտությունից խույս տալ: Անկախ այդ ամենից, արդեն  վերանորոգել են ոռոգման ջրատարը: Խմելու ջրի խնդիր, ճիշտ է, չունեն, բայց ներտնտեսային ցանցը շատ վատ վիճակում է: Տարեկան 1-2,5 կմ այդ ցանցի վերանորոգում է կատարվում համայնքի բյուջեով, բայց դրանով էլ վնասում են ասֆալտապատ ճանապարհները: Մոտ 2 կմ փողոցային լուսավորություն է անցկացվել, այստեղ էլ խնդիր է սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ կատարելը: Ֆինանսական սուղ միջոցները հնարավորություն չեն տալիս այն ընդլայնելու: Չնայած դրան, գյուղապետն այդ սուղ հնարավորություններով էլ փորձում է համայնքի վիճակն էապես բարելավել և մարդկանց առավել շատ օգտակար լինել:
-Եթե համայնքի ղեկավարը,- ասաց պարոն Վարդանյանը,- ունակ է լսելու բնակչին, ապա դժվար թե բնակիչը չընդունի նրան: Պետք է հասկանալ մարդուն, ընդ որում, յուրաքանչյուրին` յուրովի, բացատրել խնդիրը, ուղի, ճանապարհ մատնանշել: Եթե մարդը եկել, հասել է քո դուռը, ուրեմն դու պարտավոր ես նրան որևէ կերպ աջակցել, նրան հոգսակից լինել: Ջանում եմ բարերարներ գտնել` առկա խնդիրներին լուծում տալու նպատակով, թող պետական միջոցներն ուղղվեն էլ ավելի ծանր վիճակում գտնվող սահմանամերձ գյուղերին, որպեսզի այնտեղի մարդիկ չլքեն հայրենիքի սահմանը: Նախորդ տարի հորաքրոջս որդին` Աղասի Ալեքյանը, խմելու ջրի նոր ջրագիծ կառուցեց, գերեզմանատան տարածքն ասֆալտապատեց: Այսօր էլ եկեղեցի է կառուցում գյուղում: Պետական միջոցներով 1,5 կմ ջրագիծ է կառուցվել, պետական ծրագրով տաճարի տարածք խմելու ջուր հասցվեց: Մարզպետարանն է 50 մ ջրագիծ  անցկացրել նոր թաղամասում: Պետությունը մեր կողքին է, մեզ հետ են բարերար հարազատները, ընկերները…
Համայնքի բյուջեից օգնություններ են հատկացնում սոցիալապես անապահով ընտանիքներին, փորձում են շատ ու շատ անհրաժեշտ պահերի բնակչին օգնության հասնել: Բազմազավակ ընտանիքներին են ուշադրության կենտրոնում պահում, ձեռք մեկնում ապրուստի խնդիրները հոգալիս: Գյուղացին, ինչ էլ պատահի, մենակ չէ, նրա թիկունքին համայնքապետարանը կանգնած է: Գառնին սովորական գյուղ չէ, և սովորական էլ չպիտի լինի նրա նկատմամբ ընդհանուր վերաբերմունքը…
SHARE