Գեղակերտն այսօր էլ հպարտ է

0
40

Իր արժանահիշատակ գործերով, իր հանրահայտ ու ճանաչված զավակներով

Բնակավայր

Արմավիրի մարզի Գեղակերտ /նախկինում` Սամաղար/ համայնքը ճանաչված է որպես սպորտի դարբնոց: Այստեղից են <<դուրս եկել>> շատ հանրահայտ մարզիկներ ու մարզիչներ: Հատկապես ծանրամարտում ունեն լուրջ հաջողություններ: Այս մարզաձևը գյուղում հիմնել է Ֆելիքս Ալիևը: Նշելով այս մասին, գյուղապետարանի աշխատակից Դավիթ Զաքարյանը հավելեց.

-Սկզբում ակումբի մի հատվածում են սկսել պարապմունքները: Հետո` 1973-ին, հիմնադրվեց մանկապատանեկան մարզադպրոցը, որտեղ ի թիվս այլ մարզաձևերի խմբակների, սկսեց գործել նաև ծանրամարտինը: Մյուս խմբերը երկար կյանք չունեցան, փակվեցին, մնաց միայն այս մեկը: Մնաց և ակնառու հաջողություններ արձանագրեց, ինչի ապացույցը մեր չեմպիոններն են: Վանիկ Ավետիսյանը` Եվրոպայի չեմպիոն , վերջերս աշխարհի առաջնությունում 3-րդ տեղը գրավեց, Անդրանիկ Կարապետյանը` ոսկե մեդալակիր, և էգեղակերտ գուսան ռուբեն մարզիչլի շատերը, որ փայլել են միջազգային մրցաշարերում: Մեր դպրոցի սան է նաև Յուրիկ Սարգսյանը, ով 1977 թ. աշխարհի երիտասարդական առաջնությանը 2-րդ մրցանակին արժանացավ: Մարզաձևը զարգացավ Ֆելիքս Ալիևի ջանքերի շնորհիվ…

Զրույցն ընդմիջելով, վաստակաշատ մարզիչը հետևյալն ասաց. <<Ոչ միայն իմ, այլև սաներիս շնորհիվ է զարգացել մարզաձևը: Պատրաստել եմ նաև ապագա մարզիչների, ովքեր շարունակել են իմ գործը: Ահավասիկ, Աշոտ Փիլոսյանի սանը` Սիմոն Մարտիրոսյանը, դարձավ պատանիների օլիմպիական չեմպիոն, սաներիցս Վիգեն Խաչատրյանը հիմա մարզիչ է և տնօրեն. նրա սան Անդրանիկ Կարապետյանը  վերջերս դարձավ Եվրոպայի չեմպիոն: Այնպես որ, իմ ցանած սերմերը լավ հունդեր են տվել, ինչի համար առավել ևս ուրախ եմ ու հպարտ: Հավատացած եմ, այս դարբնոցից միշտ էլ լավ, ինձնից առավել <<դարբիններ>> են դուրս գալու, լավ չեմպիոններ: Յուրիկ Սարգսյանի ավանդույթներին առայսօր էլ հավատարիմ ենք մնում: Իմ սան Կարեն Մարգարյանն անցած տարի դարձավ Եվրոպայի պատանիների փոխչեմպիոն, առաջիկայում կմասնակցի միջազգային մրցաշարի, որտեղից, հուսով ենք, մեդալով կվերադառնա: Արդեն 47 տարի ես այս մարզադպրոցում եմ աշխատում, ընդ որում, 33 տարի համատեղության կարգով աշխատել եմ նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Այս ընթացքում պատրաստել եմ 34 սպորտի վարպետ, միջազգային կարգի 8 սպորտի վարպետ: Ես հայի ու ադրբեջանցու խառնուրդ եմ, բայց գլուխս հայի է: Մարդուն միայն ազգությունով չեն որակի. ինչ ազգ ուզում է լինի, կարևորը` գլուխը մարդու լինի: Ես պարտական եմ առաջինն իմ ծնողներին, որ ինձ լույս աշխարհ են բերել, երկրորդը` հայ ազգին եմ պարտական, քանի որ երակներումս նաև հայկական արյուն կա, մտածում և խոսում եմ հայերեն: Իմ ամբողջ էությամբ, ամեն ինչով նվիրված եմ այն ժողովրդին, որի շնորհիվ սովորել ու միջնակարգ կրթություն եմ ստացել, ինստիտուտ եմ ավարտել, դպրոցում մարզիչ եմ աշխատում: Այս ամենը` հայկական միջավայրում, ահա թե ինչու ամբողջությամբ հայի մտածելակերպ ունեմ: Էջմիածին քաղաքում եմ ծնվել և այսօր էլ այնտեղ եմ ապրում: Ներկայիս պատերազմական լարված իրավիճակն ինձ վրա շատ է ազդում: Մանավանդ, երբ զոհեր են լինում, խոր ցավ ու ափսոսանք եմ ապրում: Նախահարձակ կողմը` Ադրբեջանը, որևէ արդարացում չի կարող ունենալ: Ըստ իս, ժողովուրդները մեղավոր չեն, ոչ ոք չի ցանկանա, որ իր զավակը զոհվի: Տա Աստված, որ խաղաղություն լինի, հարցը խաղաղ ճանապարհով լուծվի, բոլոր ազգերն էլ իրար հետ խաղաղ ու համերաշխ գոյակցեն: Սպորտում թող միայն իրենց ուժը փորձեն: Կարծում եմ, որ նման խնդիրների դեպքում պետք է գործի միջազգային տրիբունալը, և պատասխանատվություն կրի այն երկրի ղեկավարը, ով խախտում է օրենքը, պատերազմ հրահրում և անմեղ զոհերի պատճառ դառնում…>>:

Ֆելիքս Ալիևը ևս համոզված է, որ Արցախը բուն հայկական տարածք է, ինչը լավ գիտեն նաև հենց իրենք` ադրբեջանցիները: Պարզապես, նրանք բոլորն էլ վախեցած են և չեն համարձակվում բարձրաձայնել այդ մասին: Շատերն էլ անտեղյակ են, ինչպես, ասենք, 1915 թ. ցեղասպանությունից. ոչ երբևէ կարդացել են, ոչ լսել և ոչ էլ գաղափար ունեն, թե ինչ է կատարվել… Այդուհանդերձ, ինչպես Ֆ. Ալիևը նշեց, հարցը հասունացել է, և մոտ ապագայում Թուրքիան անպայման կճանաչի հայոց ցեղասպանությունը: Ադրբեջանում էլ գնալով կհամակերպվեն այն մտքի հետ, որ այն, ինչն իրենցը չէ, չի էլ կարող լինել` որքան էլ ուժ ցուցադրես կամ այլ անազնիվ միջոցների դիմես:

***

Գեղակերտում այլ արժանի գործեր ևս արվել են ու կան, այլ արժանի ու հանրահայտ մարդիկ ևս ապրում են: Նրանցից է գուսան Ռուբենը, ում <<Էջմիածին>>, <<Երևանի սիրուն աղջիկ>> և շատ այլ երգեր ճանաչված ու սիրված են հայ հանդիսականի կողմից:

-Երիտասարդ տարիներիս,- ասաց գուսան Ռուբենը,- աշխատում էի Շավիղ Գրիգորյանի նախաձեռնությամբ կազմակերպված Հայպետֆիլհարմոնիայի գուսանական անսամբլում: Համերգներով լինում էինք գյուղերում, բոլորը մեզ ճանաչում էին: Այնպես ստացվեց, որ ինձ նշանակեցին Գեղակերտի մշակույթի տան տնօրեն, և ես տեղում գուսանական փոքր խումբ կազմակերպեցի: Հանդես էինք գալիս գյուղի աշխատավորության առջև, լինում յայլաներում: Աստիճանաբար ճանաչում ձեռք բերեցինք, և մի օր էլ կուլտուրայի մինիստրության կողմից արժանացանք գուսանական անսամբլի կոչման: Ամբողջ հանրապետությունում սկսեցինք ելույթներ ունենալ: Այն էլ` այնպիսի պայմաններում, երբ շատ գյուղերում մշակույթի տներ գոյություն չունեին: Մենք էլ զրկված էինք տարրական հարմարություններից, բայց մեր գործն անշահախնդիր ու նվիրված անում էինք: Հանուն արվեստի ոչինչ չենք խնայել և բազում դժվարություններ հաղթահարել: Այդ սերը պահպանել ենք նաև այսօր…

Մեր զրույցը շատ տխուր ընդմիջում ունեցավ` կապված ոչ այնքան հեռավոր ողբերգական դեպքի վերհուշի հետ: Գուսան Ռուբենի որդին` Գառնիկը, զոհվել է 1994 թ. արցախյան պատերազմում: Գուսանը երգ է ձոնել նահատակ որդու հիշատակին.

Իմ քաջ որդին մարտնչում էր Արցախում,

Հարվածներից թուրք դահիճն էր վախում,

Հայրենիքի սերն էր սրտում բաբախում,

Ջերմ կարոտով սպասել են օջախում:

կրկներգ

Ավարայր ու Սարդարապատ ենք տեսել,

Մենք եկել ենք ու Արցախին ենք հասել,

Մենք կհաղթենք ու կհաղթենք`

Գուսան Ռուբենն է ասել:

Ամեն ծնող թող կոչ անի իր որդուն`

Լինեն Վարդան ու Անդրանիկ քաջազուն,

Գերված Մուշը, Ալաշկերտը ու Սասուն,

Անին, Վանը քաջերին են սպասում:

կրկներգ

Այս տանն է ծնվել, այստեղ մեծացել

Ազատամարտիկ Արցախի, ռազմիկ,

Անունը` Գառնիկ:

Գեղակերտի մսուր-մանկապարտեզը կոչվում է Գառնիկ Կարապետյանի անունով: <<Որդիս,- հիշում է հայրը,- 28 տարեկանում կամավոր գնաց մասնակցելու Արցախի ազատամարտին: Զոհվեց, երբ 30 էր… Նա տեսողական խնդրի պատճառով չէր ծառայել բանակում: Ահա թե ինչու, եթե դիմեր զինկոմիսարիատ, նրան չէին զորակոչի, ուստի կամավոր մեկնեց ռազմաճակատ: Հայրենիքի համար ճակատագրական պահին նա իր մատաղ կյանքը կամովին զոհաբերեց: Ինքը ինձ գրեթե ոչինչ չէր պատմում, պատմում էին նրա ընկերները` Գառնիկի ռիսկի, քաջության, հայրենասիրության մասին: Մեր տունը հավաքատեղի էր դարձել նրա ազատամարտիկ ընկերների համար: Շատ հումորով էր, անեկդոտներ գիտեր` որքան ասես: Նույնն էր մնացել նաև ռազմի դաշտում: Ոգևորում էր մարտական ընկերներին, ջանում ամեն կերպ թեթևացնել նրանց հոգսն ու դժվարությունը: Իրոք, թե՛ գյուղի, թե՛ ընկերների պարծանքն էր: Շատ լավ ձայն ուներ, շատ լավ դաշնամուր էր նվագում: Ավելի շատ հայրենասիրական երգեր էր սիրում… Նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել սահմանին: Թշնամին ուզում է այս անգամ էլ կոտորել մեր ազգին: Ինձ ցավ է պատճառում, որ հայերը, սոցիալական պայմաններից դրդված, թողնում` գնում են հայրենիքից: Ինչո՞ւ այդ արտագաղթ կոչված չարիքի դեմը չեն առնում, ինչո՞ւ… Ամուսնանան, ծնունդ լինի և բարգավաճի Հայաստանը: Փառք Աստծո, այսօր էլ կանգնած ենք թշնամու դեմ և արժանի հակահարված ենք տալիս, բայց գնալով կարող ենք սպառվել, չէ՞: Անձնական շահը պիտի մի կողմ դնել և միայն հայրենիքի շահով առաջնորդվել: Պիտի մտածել երկրի, պետության, ժողովրդի մասին, այլապես…>>:

Այո, միայն հարուստներով հայրենիքը երկար չի կարող գոյատևել: Ակնհայտ փաստ է` ոչ մի պաշտոնյայի, մեծահարուստի որդի չի գնում սրի բերանը, չի գնում սահմանում ծառայելու: Թողնում, փախչում են… Բոլորն էլ պիտի գնան, հայրենիքը բոլորինն է, պարտքը` նույնպես: Մեր պատգամավորը սահմանին կանգնած զինվորն է, մեր մեծամեծերն ու նախարարները հայրենիքը պահող մարտիկներն են: Նրա՛նց պետք է ուշադրություն դարձնել: Թող հզորություն լինի մեր բանակին, նորանոր զենքեր լինեն, որ բնաջնջեն անարգ թշնամուն: Ով հզոր է, նրա հետ մի սեղանի շուրջ կնստեն, կբանակցեն, իսկ ով թույլ է, նրան հաշվի չեն էլ առնի ու կկործանեն…

SHARE