Գեղեցիկ օրեր դեռ կգան…

0
27
Վստահ ու լավատես է Մխիթար Քեթցյանը
Խոստովանություն

   Արդեն 20 տարի է, որ <<Սայաթ-Նովա>> աշուղական անսամբլում եմ` որպես քամանահար և երգիչ: Գիտեք, շատ ծանր տարիներ էին, հոգեբանական առումով, բայց, անկեղծ ասած, երբ հետ եմ նայում, անցած այդ ճանապարհը երջանիկ է թվում: Երջանիկ տարիներ էին: Մենք զբաղվում էինք ստեղծագործական աշխատանքով, դա մեզ հույս էր տալիս, ոգեշնչում: Ինչպես յուրաքանչյուր հայ, առհասարակ, շատ հոգսաշատ օրեր ու տարիներ ենք ունեցել, բայց մեր աշխատանքը մեզ առաջ էր մղում, սիրով էինք մեր գործն անում և որևէ ակնկալիք որևէ մեկից չունեինք:
   Ամենակարևորը, որ ամբողջ այդ գործի գլխին կանգնած էր մի մարդ, ով իր գիտակցական կյանքի մեծ մասը նվիրաբերել էր դրան, և նրա վերաբերմունքը, գործի նկատմամբ սրտացավությունը շատ վարակիչ էին բոլորիս համար: Խոսքը մեր խմբի ղեկավար Թովմաս Պողոսյանի մասին է, ում արածը միանշանակ պետք է արժանվույնս գնահատվի: Թեև նրա վաստակի ամենամեծ գնահատականը ժողովրդի սերն է, սիրո այն դրսևորումը աշուղական արվեստի հանդեպ, ինչում մեծ է Պողոսյանի լուման: 
   Այո, ինչ որ արել ենք, արել ենք սիրով ու նվիրումով և չգիտեմ, թե ինչքանով ենք գնահատվել: Ցավալի մի երևույթ նշեմ, որ շատ է բնորոշ մեր իրականությանը. չգիտես ինչու, հետո են գնահատում…

   Քանի որ մեր ղեկավարի 60-ամյակն է, իմ և մեր ընկերների անունից սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ նրան, ցանկանում երկար տարիների կյանք, առողջություն, որպեսզի միշտ կանգնած լինի անսամբլի գլխին և մնա մեր կողքին: Վստահ եմ, որ եթե ոչ այսօր, ապա նրա արածը հետո շատ մեծ գնահատական է ստանալու: Այսպիսի ասացվածք կա` ծառի բուն հաստությունը երևում է կտրվելուց հետո… Ամենակարևորը` մեզ համբերատարություն, ինչպես ասում են, ժամանակներն են, ուղղակի, անհամ: Չարենցի հանրահայտ տողը` <<Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր>>, հաստատ մեր այս ժամանակների համար չէ ասված:
   Մենք շատ ենք համբերել և էլի ենք համբերելու, քանի որ վստահ պիտի լինենք, որ գեղեցիկ օրեր էլ են գալու…
   <<Ընկեր>>-ական խոսք.- Մեր շատ սիրելի ու տաղանդավոր երգիչ, մանկավարժ Մխիթար Քեթցյանի ձայնի հոգեթով ելևէջները յուրաքանչյուրիս սրտում սիրո թրթիռ են առաջացնում, իսկ հայկական աշուղական երգի մաքրամաքուր, զուլալ աղբյուրի պես մատուցումը վկայում է նրա յուրահատուկ օժտվածության, շնորհաշատ արվեստագետ լինելու մասին: Նա, հիրավի, հայ ազգային բարձրարժեք արվեստը ներկայացնող մեր օրերի ռահվիրաներից ու փայլուն ներկայացուցիչներից մեկն է…
SHARE