Գինու մշակույթ

0
45
Ինչո՞ւ չի զարգանում հայկական գինեգործությունը…

     Գինու սպառումն աշխարհում աճում է արագընթաց տեմպերով /տարեկան 10-15 տոկոսով/ : Դրան յուրովի, թերևս, նպաստել են կարմիր գինու օգտակարության մասին բժշկական նորագույն հետազոտությունների արդյունքների վերաբերյալ հրապարակումները: Հանրահայտ է, որ Հայաստանը գինու արտադրության հին ավանդույթներ ունի, արտադրական հզոր կարողություններ ու բարձրորակ խաղողի այգետարածքներ: Սակայն, այդուհանդերձ, հայկական գինին միջազգային շուկաներում արժանի ճանաչում ու հեղինակություն չունի…
     Հայաստանից գինու արտահանումը 2010 թ. համեմատ 2011-ին նվազել է մոտ 22 տոկոսով` 924 հազար լիտրից իջնելով մինչև 733 հազար լիտր: Փոխարենն աճում է ներմուծումը` 2010-ի 550 հազար լիտրից 2011-ին այն հասել է 620 հազար լիտրի: Ըստ որոշ տեղեկությունների, մեր գինեգործարանների մի մասը գինի է ներմուծում` տեղում շշալցելու համար: Բնականաբար, դա էժանագին ու անորակ գինի է և լրջորեն հարվածում է հայկական գինու վարկանիշին: Սխալ կլինի կարծել, թե մեր երկրում գինու արտադրության պոտենցիալն սպառված է, ուստի այդ պատճառով է գինի ներմուծվում և տեղում շշալցվում: Ոչ հեռու 1980-ին Հայաստանն արտադրել է 90 մլն լ գինի` ներկայիս 6,8 մլն լ-ի համեմատ…
      Ռուսաստանյան շուկայում գինու սպառումը գնահատվում է տարեկան մոտ 1 մլրդ լ, իսկ սպառման տարեկան աճը միայն 2012-ին սպասվում է 10-15 տոկոսի սահմաններում: Եթե այդ աճի միայն 1 տոկոսը բավարարվի Հայաստանի հաշվին, ապա գինու արտահանումը կկրկնապատկվի կամ կեռապատկվի: Իսկ մինչ այդ մեր երկիրը վտանգում է կորցնել ներկայիս իր չնչին` 0,3 տոկոս մասնաբաժինը…  

   Հայկական գինեգործությունը, չունենալով զարգացման ռազմավարական ծրագրեր, կարող է կորցնել միջազգային շուկաներում հաստատվելու բարեպատեհ առիթը: Կան հիմնախնդիրներ, որոնք վճռորոշ նշանակություն ունեն այդ գործում: Առաջինը, մասնագետների դիտարկմամբ, կարմիր խաղողի սորտերի անբավարարությունն է, մինչդեռ այդ սորտերից են ստացվում հայկական լավագույն գինիները: Գյուղացիները դժվարությամբ և դժկամությամբ են նոր այգիներ հիմնում, ինչը բավականին թանկ հաճույք է`  այն առումով,որ զգալի ֆինանսական ներդրումներ է պահանջում: Հայկական բիզնես միջավայրի համար տվյալ ոլորտն առայժմ հետաքրքրություններից դուրս է մնում: Գինեգործարանների մի մասը փորձում է խաղողի խնդիրը լուծել սեփական այգետարածքներ հիմնելու ճանապարհով, բայց սա հեռանկարային չէ… Հաջորդ կարևոր խնդիրը կապված է հայկական գինու գնի հետ: Արտահանվող գինու մաքսային արժեքը 1 լ-ի հաշվով 3,4 դոլար է: Արտաքին շուկաներում դրա մանրածախ գինը /ակցիզ, հարկեր և այլն/ հասնում է 10-15 դոլարի: Այդ գնով ցանկացած երկրում կարելի է գտնել ֆրանսիական ու իտալական բարձրորակ գինի: Կամ` ավելի էժան ու որակապես հայկականին չզիջող չիլիական գինի: Ասել կուզի, զուտ գնային առումով հայկականը մրցունակ չէ… Ուրիշ բան, եթե ստեղծվի <<հայկական գինի>> բրենդը, մոտավորապես այնպիսին, ինչպիսին <<հայկական կոնյակ>>-ն է կամ <<վրացական գինի>>-ն: Սակայն դա պահանջում է հայկական գինեգործական ընկերությունների ջանքերի համատեղում, ինչի ցանկություն առայժմ չի նկատվում: Մերոնք չեն ցանկանում միջոցներ առանձնացնել հայկական գինին պատշաճ գովազդելու համար…  
SHARE