Գիտակցված, անսխալ ընտրություն կատարել

0
13

Կողմնորոշում

Որպեսզի հետագայում ափսոսելու կամ զղջալու առիթ չլինի

-2000 թ. սկզբից ՕԵԿ-ի շարքերում եմ,- Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանն է:- Ես այսօր արդեն <<Հայկական վերածնունդ>> կուսակցության վարկանիշային կարգով առաջադրված թեկնածուներից մեկն եմ: Եթե ընտրվեմ, ապա անպայման առաջնորդվելու եմ ժողովրդի շահերով: Մարդկանց հոգսուցավերին, գյուղացուն մտահոգող բոլոր խնդիրներին լավ տեղյակ եմ, և դա բնական է, քանի որ արդեն 26 տարի համայնքի ղեկավար եմ: Իսկ կուսակցության նախընտրական ծրագրի 30 կետերն էլ ինձ հոգեհարազատ են, ամենակարևորը` իրատեսական: Պիտի խոստովանեմ, որ իմ առաջադրման գործում դա ևս իր դերն ու նշանակությունն է ունեցել: Բնակիչները նախընտրական քարոզչության շրջանակներում կազմակերպվող  հանդիպումների ընթացքում այն նույն խնդիրներն են բարձրացնում, որոնք և համագյուղացիներս` ոսկեվազցիներն ունեն: Ամենամտահոգող խնդիրներն են` ոռոգման և խմելու ջրի անբավարարություն, ճանապարհների անբարեկարգ վիճակ: Հարկ է նշել, որ հինգ տարի առաջ էլ էլի նույն խնդիրներն էին օրակարգում, այնպես որ, կարծես ոչինչ չի փոխվել: Պարզ է, որ ժողովուրդը նեղված է, հիասթափված: Արդարացի են մարդիկ` ասելով, որ պատգամավորները գոնե տարին մեկ անգամ գյուղեր այցելեն, բնակիչների վիճակը տեսնեն և ըստ այդմ օրենսդիր մարմնում հարց բարձրացնեն կառավարության առաջ: Գյուղացուն, ճիշտն ասած, այնքան էլ շատ բան պետք չէ: Նա վերաբերմունքի, ջերմ մոտեցման կարիք ունի: Մնացածը լուծվող հարցեր են: Իմ ամենաառաջին խոստումը լինում է այն, որ ընտրվելու դեպքում կլինեմ գյուղաշխարհի մարդկանց կողքին, չեմ մոռանա նրանց հոգսերի ու խնդիրների մասին և դրանց վերաբերյալ անպայման հարցապնդումներ կանեմ գործադիր մարմնին: Ի վերջո, պետք է տվյալ հիմնախնդիրների մասին հաճախակի բարձրաձայնել և հետևողական լինել, որպեսզի դրանք տեղ հասնեն: Եթե չենք կարող, ասենք, այդ մարդկանց նյութապես կամ ֆինանսապես օգնել, ապա գոնե բարոյապես նրանց կողքին լինենք: Բոլորս էլ գիտենք, որ գյուղատնտեսությունը ռիսկային ոլորտ է, և պետության աջակցությունը խիստ անհրաժեշտ ու պահանջված է: Ոսկեվազն, օրինակ, նախորդ տարի մեծապես տուժեց կարկտահարությունից և, մասնավորապես, ելակի մշակությունից որևէ օգուտ չստացավ, այն դեպքում, երբ միայն այս մշակաբույսից տարեկան միլիոնավոր դոլարների եկամուտ էր ունենում: Եվ դա, ըստ էության, բացասաբար է ազդելու այս տարվա ցուցանիշների վրա, մասնավորապես` պտղաբուծության առումով: Ասածս, բնականաբար, բնավ չի նշանակում, թե աշխատանք չի տարվել կամ հաջողություններ չկան, պարզապես, մի շարք խնդիրներ դեռևս մնացել են` խանգարելով իրավիճակի ընդհանուր բարելավումն ապահովելուն… Հանդիպում եմ ժողովրդի հետ, բացատրում մեր ծրագրի հիմնադրույթների իրականացման կարևորությունը, ինչպես նաև գիտակցված ընտրություն կատարելու անհրաժեշտությունը: Չնայած, պատկերացնում եմ, որ ընտրողի համար հեշտ չի լինելու, քանի որ թեկնածուները շատ են, կողմնորոշվելը` դժվար, իսկ մրցապայքարը լարված ու անզիջում է: Ամեն դեպքում, լավատեսորեն տրամադրվենք և հուսանք, որ ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունենալու…

Ինչպես մեր հետագա զրույցից տեղեկացանք, բնակչության հետ հանդիպումները հիմնականում ծառայում են իրենց նպատակին, <<Հայկական վերածնունդը>> կայուն ընտրազանգված ունի, մարդիկ հավատում ու վստահում են այս ուժին, իսկ Հայկ Հովհաննիսյանն այն թեկնածուն է, որ շրջապատի հարգանքն ու համակրանքն է վայելում:

-Դա,- նշեց պարոն Հովհաննիսյանը,- թող անհամեստ չհնչի, իմ աշխատանքի շնորհիվ է, արածիս արժանի գնահատականը: Ոսկեվազն այն եզակի գյուղերից է, որ խմելու ջրի խնդիր չունի: 90 տոկոսով գազաֆիկացված է: Մտահոգող խնդիրը ոռոգման ջուրն է: Ժամանակին ջուր ստացել ենք երկու տեղից, իսկ հիմա դրանք համարյա գոյություն չունեն: Բազմիցս բարձրացրել եմ տվյալ խնդիրը, ասել եմ, որ դոտացիոն մի գիծ էլ լինի Ոսկեվազում, ինչի արդյունքում 50 հեկտարով էլ կավելանան ելակի մշակման տարածքները, 500 նոր աշխատատեղ կունենանք: Բերքահավաքի շրջանում միայն դրսից 500-700 մարդ է ներգրավվում այդ աշխատանքում: Ունենք գինու և կոնյակի երկու գործարան, տրիկոտաժի ֆաբրիկա, 15-20 հեկտար տարածք զբաղեցնող ջերմատնային տնտեսություններ: Որքան կարողանում` անում ենք մեր ժողովրդի համար: Միայն թե ոռոգման ջրի խնդիրը լուծվի, ոսկեվազցին դժգոհելու ոչ մի պատճառ չի ունենա: Նախորդ տարի 100 մլն դրամ գումար է հատկացվել մանկապարտեզի նորոգման համար, 90 մլն-ը` սոցներդրումների հիմնադրամի, իսկ մնացած 10-ը` համայնքապետարանի կողմից: Շատ մեծ գումար կառավարության կողմից 10 տարվա ընթացքում հատկացվել է եկեղեցի կառուցելուն: Քիչ բան է մնացել, որ ավարտի հասցնենք այն: Նվազագույն կենսապայմաններ Ոսկեվազում ապահովված են…

Խոսելով ընկերության մասին, Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ ընկերության մեծ ջատագով է: Չկա մարզում մի գյուղ, բնակավայր, որտեղ ընկեր չունենա. <<Իմ կյանքում ընկերության համար պատրաստ եմ եղել ամեն ինչի և համոզված եմ, որ նույնն էլ կանեն ընկերներս: Եթե ընկերներս կողքիս չլինեին, ապա ես նման քայլի չէի գնա, ընտրապայքարի մեջ չէի մտնի: Պայքարելու եմ մինչև վերջ` հավատարիմ մնալով սկզբունքներիս ու համոզմունքներիս: Կընտրի ժողովուրդը` կշարունակեմ ազնվորեն ու նվիրված ծառայել նրան, բնական է, արդեն մեծ հնարավորություններ ունենալով: Կոչ եմ անում` գնալ ընտրությունների և քվեարկել սրտի թելադրանքով: Այնպես, որ հետո ափսոսելու առիթ չունենան: Այո՛, գիտակցված ու անսխալ ընտրություն կատարել…>>:

SHARE