Գիտակցված, ճիշտ ընտրություն

0
34

Դիրքորոշում

ԿԱՐԻՆԵ ՄՈՎՍԻՍՅԱՆ (Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն)

   Կրթությունն այն ոլորտն է, որտեղ հասարակական կյանքի ցանկացած երևույթ իր արտացոլումն է գտնում, առավել ևս` Սահմանադրությանն առնչվող փոփոխություն: Ոլորտի ներկայացուցիչներս ավանգարդում պետք է լինենք, և մեր բաժին հասարակական պարտքն ու պարտականությունը բարեխիղճ, պատշաճորեն կատարենք:

  S. KhachatryanԳորիսի <<Երիտասարդական միություն>> ՀԿ-ն, որի ներկայացուցիչն եմ, իր գրասենյակի միջոցով համապատասխան աշխատանք է տանում` մարդկանց տեղեկացնելու, իրազեկելու, նրանց հուզող հարցերին անհրաժեշտ պարզաբանումներ տալու համար: Բնակիչներին կողմնորոշելու խնդիր կա, ինչի համար նրանց շրջանում տարվող քարոզչական աշխատանքը պիտի հասկանալի, մատչելի ու դյուրըմբռնելի լինի: Մենք հենց դա էլ արել և շարունակում ենք անել, որպեսզի յուրաքանչյուրը գիտակցված գնա իր <<Այոն>> կամ <<Ոչը>> ասելու: Բնականաբար, <<Այո>>-ի ճամբարը ներկայացնելով, մեր խնդիրը հօգուտ Սահմանադրության առաջարկվող փոփոխությունների քարոզչություն ծավալելն է` հստակ գիտակցելով, որ այդ քայլը մեր երկրի, պետության ու ժողովրդի կենսական շահերից է բխում:

  Խորհրդարանական կառավարումն այսօր, այո, մեր երկրի համար առավել պահանջված ու նպատակահարմար է, պետական կառավարման մոդելի առումով` մեկ քայլ առաջ այսօր գործողից: Նախագահական, միանձնյա կառավարումն իր բացասական կողմերն ունի, ինչի բացառման դեպքում ավելի լավ համակարգ, ավելի արդյունավետ գործող պետական ինստիտուտներ կունենանք: Սա իմ կարծիքն է, համոզմունքը, որը ես երբևէ չեմ պարտադրել որևէ մեկի: Իմ պարտքն եմ համարել և համարում, որ իմ շրջապատը տեղեկացվածության առումով խնդիրներ չունենա, ճիշտ կողմնորոշվի, գիտակցի այս քայլի կարևորությունը և այդպիսի համոզվածությամբ էլ գնա քվեարկության:

  Օրինակները բազում են, երբ աշխարհի շատ պետություններ` Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Հնդկաստան և այլն, խորհրդարանական կառավարման մոդելի կիրառմամբ հասել են տպավորիչ, ակնառու հաջողությունների: Ինչու մեր երկիրն էլ ավելի չզարգացնի իր տնտեսությունը, առաջընթաց քայլեր չկատարի և իր քաղաքացու կենսագործունեության համար բարենպաստ պայմաններ չստեղծի: Ճիշտ է, մեր ոլորտում վերջին տարիներին մեծ փոփոխություններ են կատարվել և շարունակվում են, բայց եթե հնարավոր է առավել արդյունավետ դարձնել այդ բարեփոխումները, ավելի մեծ արդյունքների հասնել, ապա ինչու ձեռնպահ մնալ դրանից… Ամենակարևորը` ժամանակի պահանջներին համաքայլ ընթանալ, ինտեգրվել զարգացած եվրոպական պետությունների ընդունելի փորձին և կրթական ժամանակակից քաղաքականության մաս կազմել: Այնպիսի կրթություն պետք է տանք մեր մատաղ սերնդին, որպեսզի մեր երկրի յուրաքանչյուր չափահաս քաղաքացի կրթական, փաստաթղթային առումով որևէ խնդիր չունենա` աշխարհի որ երկրում էլ լինի:

  Մի խոսքով, մայր օրենքում առաջարկվող փոփոխությունները շատ դրական կողմեր, առավելություններ ունեն: Դրանցից նշեմ նաև այն, որ քաղաքական դաշտում հավասար հնարավորություններ են ստեղծվում բոլոր կուսակցությունների, միավորումների, առավել ևս` ընդդիմադիր դաշտում գտնվողների համար: Սա ևս իր հերթին գալիս է ապացուցելու, որ փաստաթղթով առաջարկվող նոր դրույթները ժողովրդավարության առումով մեկ քայլ առաջ են: Նպատակը, ըստ իս, շատ ողջունելի է` հասարակության բոլոր շերտերի, խմբերի շահերը պաշտպանող ուժերը հնարավորություն ունենան ներկայացված լինելու խորհրդարանում, դրանով իսկ` արտահայտելու, բարձրաձայնելու  ընդհանուրին հուզող խնդիրների մասին: Դա, անկեղծ ասած, իմ սրտով է, և հավատացած եմ, որ շատերին է ընդունելի ու դուրեկան նման մոտեցումը: Առավել ևս` երիտասարդության համար է շատ կարևոր, ինչում քանիցս համոզվել եմ շատերի հետ շփվելու, մտքեր փոխանակելու ընթացքում:

  Ահա թե ինչու, բնավ պատահական չէ, որ ես և իմ շատ համախոհներ <<Այո>>-ի ճակատում ենք և այդ նպատակաուղղվածությամբ էլ ծավալում ենք մեր քարոզչական, բացատրական գործունեությունը բնակչության շրջանում: Նորից եմ ուզում ասել` մենք որևէ մեկի պարտադրելու, անգիտակցաբար ուղղորդելու նպատակ կամ խնդիր չենք դրել մեր առջև: Ամեն ինչ արվում է օրենքի, առողջ բանականության սահմաններում, կամավորության սկզբունքներով` բացառելով պարտադրանքը կամ ստիպողականությունը: Մեր բնակիչը պետք է հասու լինի այդ փոփոխությունների առավելություններին, բարենորոգչությանը և համոզված ու գիտակցված կատարի իր ընտրությունը:

  Այդ առումով մեզանից մեծ աշխատանք է պահանջվում, քանի որ գործ ունենք կարևորագույն փաստաթղթի հետ, գործ ունենք մեր ապագան կանխորոշող մայր օրենքի` ՀՀ Սահմանադրության հետ: Մենք շատ հաճախ չենք էլ սպասում, որ մարդիկ մեզ դիմեն իրենց հուզող հարցերի պարզաբանումներն ստանալու համար, ուստի ինքներս ենք մեր նախաձեռնությամբ այցելում թաղամասեր, հանպատրաստից հանդիպումներ կազմակերպում բնակիչների հետ: Զրուցում ենք, թերևս, ամեն ինչի մասին, բայց ի վերջո գալիս` հանգում ենք այն համոզմունքին, որ մեր երկրին այսօր անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որ դա ժամանակի պահանջով թելադրված քայլ է:

  Ահա, այսպես, հնարավորություն ենք ստեղծում մարդկանց համար, որպեսզի հնարավորինս շատ ծանոթանան գործընթացին, ստանան իրենց հուզող հարցերի պատասխանները: Հավատացած ենք, որ բավարար տեղեկացվածության դեպքում մեծամասնությունն անպայման կողմ կարտահայտվի և <<Այո>> կասի առաջարկվող փոփոխություններին: Մեզ այդ` քարոզչության հարցում օգնում են նաև իրավաբաններ, փորձագետներ, այլ մասնագետներ, ովքեր շատ մատչելի մեր բնակչությանը ներկայացնում են փաստաթղթի էությունը, հիմնական դրույթներն ու նրբությունները: Այնպես որ, այսքանից հետո արդեն թող ժողովուրդն ինքը (այդ թվում` մեր երիտասարդ շահառուները, կրթության ոլորտի աշխատողները) որոշի իր <<Այոն>> կամ <<Ոչը>>: Էլի եմ համոզված ասում, որ նրանք բոլորն էլ ճիշտ ընտրություն կկատարեն, ընտրություն, որը մեր ընդհանուրիս շահերից ու հետաքրքրություններից է բխում:

  Քարոզարշավի ճիշտ կազմակերպմանն, ինչ խոսք, մեծ կարևորություն ենք տալիս, քանզի սկզբում, երբ հարցնում էինք մարդկանց իրենց վերաբերմունքի մասին, ասում էին, որ չեն գնա հանրաքվեին: Իսկ թե ինչո՞ւ չեն գնա, պատասխանի փոխարեն ուսերն էին թոթվում` չգիտեն, տեղյակ չեն: Չեն գնա և վերջ… Սակայն երբ շատ հանգիստ, հասկանալի բացատրեցինք խնդրի բուն էությունը, նույն այդ մարդիկ իրենք արդեն սկսեցին միանալ մեզ և իրենց շրջապատում <<Այո>> քարոզել: Բավական է, որ դա հասնի մարդկանց գիտակցությանը, որևէ խնդիր այլևս չի առաջանա: Այդպես <<Այո>>-ի բանակը գնալով համալրվում, մեծանում է:

  Ինչ վերաբերում է մեր` կրթության ոլորտի համար նոր փաստաթղթով առաջարկվող բարեփոխումներին, ապա պիտի ասեմ, որ դրանք ևս նշանակալից ու գրավիչ են: Այսպես, 9-ամյա պարտադիր հանրակրթության փոխարեն ամրագրվում է 12-ամյա պարտադիր ուսուցում, կրթության որակի նկատմամբ առաջադրվում են որոշակի չափորոշիչներ և այլն: Ընդհանուր առմամբ, ընձեռվում է գործելու ազատություն, որն ամենակարևորն է: Ոլորտի քաղաքականությունն իրականացնող համապատասխան գերատեսչությունն ինքն է որոշում, թե որ ուղղությամբ շարժվել, ինչպես իրականացնել բարեփոխումները, որպեսզի արդյունքն առավել մեծ լինի:

  Ուսուցչի խոսքն ավելի ազդեցիկ է, ընկալելի ժողովրդի համար, և Սյունիքն այն տարածաշրջանն է, որտեղ մեր, ինչպես նաև առողջապահության ոլորտի ներկայացուցիչների խոսքն, իրոք, ծանրակշիռ է ու ներգործուն: Մեր սիրելի լեռնաշխարհն, այո՛ , առանձնահատուկ է ամեն առումով, սյունեցին ի՛ր խոսքը, ի՛ր ասելիքն ունի և վճռական ու հաստատակամ է` լիարժեք արտահայտելու իր դիրքորոշումը: Սյունյաց աշխարհի յուրաքանչյուր զավակ լավ հասկանում, գիտակցում է իր անելիքը և որոշում կայացնելու հարցում ապավինում է սեփական  ենթագիտակցությանը, առաջնորդվում առողջ դատողությամբ, սյունեցո՛ւ սկզբունքայնությամբ:

  Ամփոփելով խոսքս, ընդգծեմ, որ այսօր մեզ <<Այո>> ասելն առաջ կմղի, <<Այո>>-ն է լինելու մեր խոսքն ու համոզմունքը: Սյունեցիների մեծամասնությունը դրական վերաբերմունք ունի և նույնպես, իհարկե, <<Այո>> ասելու վճռականությամբ է գնալու ընտրատեղամաս: Մեր առջև այսօր շատ խնդիրներ կան կանգնած, խնդիրներ, որ մեր ժողովրդի, մեր պետության անվտանգության ապահովման տեսանկյունից կարևոր ու առաջնային են:

   Մենք <<Այո>>-ի արժեքը գիտակցող ու գնահատող ենք, ինչը բնավ չի նշանակում, թե անհանդուրժող ենք կամ բացասաբար տրամադրված <<Ոչ>>-ի նկատմամբ: Յուրաքանչյուրն իր կարծիքը, իր համոզմունքն ունի և իրավունք ունի ազատորեն այն արտահայտելու:

<<Ընկեր>>-ական հավելում.- Միայն փոխադարձ ըմμռնման μացակայությունն է ամեն ինչ կործանում: Գնահատենք ու հարգենք ոչ միայն մեզ, այլև դիմացինին: Յուրաքանչյուրն ունի ազատ ընտրության իրավունք, և մենք իրավունք չունենք ինչ-որ մեկի փոխարեն որոշում կայացնելու: Կապը, որը ստեղծվում է մարդկանց միջև, շատ փխրուն է: Եթե փորձենք պահել այդ կապը համատեղ ուժերով, ապա կհասնենք համաձայնության: Չնայած բոլոր վախերին և հասարակության կարծիքին, փոփոխությունների մեջ ոչ մի վատ μան չկա…

Ռուզաննա ՄԱՆՈՒԿՅԱՆ

Երևան-Սյունիք

SHARE