Գյուղապետը բավարար լծակներ պետք է ունենա,

0
15

որպեսզի ի վիճակի լինի կանգնելու իր բնակչի կողքին…
    Արարատի մարզի Դվին համայնքի ղեկավար Արծրուն Աբրահամյանը, ով պաշտոնավարում է 2001 թվականից, կրկին առաջադրվել է այս կիրակի կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Պարոն Աբրահամյանը հրաժարվեց մեզ հետ հարցազրույց ունենալու առաջարկից` ասելով, որ գյուղացիները գիտեն իր կատարած աշխատանքների մասին, քաջատեղյակ են արվածին, այնպես որ, ցանկության դեպքում, ճիշտը նրանց հանդիպելն ու նրանց հետ զրուցելն է: Ի վերջո, այդ ամենից ելնելով, գյուղացին ընտրության օրն էլ համապատասխան վերաբերմունքը կարտահայտի և քվեն կտա արժանավորին: Ընտրության արդյունքները ցույց կտան իրական պատկերը… 

    Վերջին ժամանակաշրջանում այստեղ, ըստ դվինցիների, բավականին աշխատանք է կատարվել, թեև դեռևս կան չլուծված խնդիրներ: Իրենք շատ լավ գիտակցում են, որ խնդիրներ կան, որոնք, տեղի իշխանության թե իրավասության, թե հնարավորությունների սահմաններից, պարզապես, դուրս են: Գյուղապետարանի իրավասության շրջանակն այսօր բավականաչափ նեղ է, հիմնականում, թերևս, հարկերի հավաքագրումն է: Մեր զրուցակիցների կարծիքով, ճիշտ կլինի, որ երկրի ղեկավարությունն ուշադրություն հատկացնի այս խնդրին և համայնքային իշխանության իրավասությունների շրջանակն առավել ընդգրկուն դարձնի: Այսօր իրենց համայնքային իշխանությունը սեփական հնարավորությունների սահմաններում անում է պահանջվածը, բայց վերջնական արդյունքում դա չի կարող լիարժեք բավարարել գյուղացուն: Մինչդեռ գյուղապետն իրական լծակներ պիտի ունենա ձեռքի տակ, որպեսզի ի վիճակի լինի անմիջականորեն լուծելու իր բնակչի խնդիրները: 
    Իսկ գյուղացու համար առաջնայինն այսօր ոռոգման ջրի խնդիրն է, որի բավարարումից է կախված գյուղում ապրողի որպիսությունը: Գյուղացին պիտի կարողանա բերք ու բարիք աճեցնել, այն հաջողությամբ իրացնել և վճարել պետական հարկուտուրքը: Եթե այդ հնարավորությունը չեղավ, ինչպես դուրս գա անցանկալի ու տհաճ իրավիճակներից: Այսինքն, ոռոգման և մյուս կարևոր համակարգերի գործունեությունը պետք է անմիջականոր են համայնքի ղեկավարության ենթակայության տակ լինի, որպեսզի հարկերի հավաքագրումն արդյունավետ կազմակերպվի և այդ ճանապարհով գոյացած միջոցները ծառայեցվեն տվյալ բնակավայրի զարգացման ու շենացման գործին: Այնպես որ, գյուղապետ փոխելով առկա հիմնարար խնդիրները չեն լուծվի, պետությունը պետք է թև ու թիկունք լինի տեղական իշխանությանը, օժտի նրան բավարար լիազորություններով և ըստ այդմ էլ` պահանջի: Այսօր գյուղացին, իրոք, աննախանձելի վիճակում է` չի կարողանում հողը մշակել, ծանր քրտինքով աճեցրածն իրացնել, կատարած ծախսերի բեռան տակից, այսպես ասած, դուրս գալ: Ահա թե ինչու շատ գյուղաբնակներ ստիպված թողնում են իրենց տունուտեղը և ապրուստի միջոցներ փնտրում դրսում: Դվինցիների խոսքերով, այսօր շատ կարևոր ու հրատապ է, որ պետությունն իրապես օգնի գյուղացուն, խոսքից անցնի գործի և գործնական քայլեր ու միջոցներ ձեռնարկելով` կանգնի նրա կողքին: Այլապես, գյուղապետն ինչքան էլ ուզենա, որքան էլ աշխատի ու չարչարվի` չունենալով անհրաժեշտ լծակներ, միևնույն է, չի կարողանա իր գյուղացու հարցերը լուծել: <<Գյուղացու վիճակը վատ է: Երիտասարդը, դիպլոմը ձեռքին, աշխատանք չի կարողանում գտնել, թողնում` հեռանում է արտասահման: Մեծահասակներն էլ գնալով անպաշտպան ու անօգնական են դառնում: Գյուղապետն ի~նչ անի` երկրի վիճակից է… Տեղի իշխանությունն, իրոք, պիտի իշխանություն լինի, գյուղացին միայն նրա հետ գործ ունենա, այլ ոչ թե ամեն թղթի կամ տեղեկանքի համար վազ տա մարզկենտրոն: Ավելորդ հաստիքներ պահելու փոխարեն թող բարի լինեն գյուղապետարանի լիազորությունները ընդլայնել և նրան գյուղացու հոգսը հոգալու հնարավորության տալ: Երկրի նախագահն իր ելույթներից մեկում խոստովանեց` ասելով, որ մենք գյուղացուն թիկունքով էինք շրջված, այսօր պիտի ուղիղ դեպի նա գնանք և նրան ծանր վիճակից հանենք: Այսօր ո՞ր ղեկավարն է հետևել նախագահի այդ պահանջին ու հանձնարարականին… Գյուղտեխնիկա չունենք, հատկացված պարարտանյութը հազիվ 10 տոկոսին բավարարի: Համակարգը չի գործում, կարգ ու կանոն պետք է լինի և գյուղացին պիտի իմանա, թե ում հետ գործ ունենա: Ուզում են միավորել, խոշորացնել տնտեսությունները, բայց, միևնույն է, բան դուրս չի գա: Նոր կադրեր, գիտակ մասնագետներ են պետք: Մենք մեր հավատն արդեն կորցրել ենք…>>,-ահա մի պատառիկ գյուղացիների հետ մեր զրույցի ձայնագրությունից: Մենք ինքներս, օրինակ, ականատես եղանք, թե ինչպես էր խմելու ջուրը ոռոգման առվով հոսում: Ջրմուղին տեղեկացրել են այդ մասին, բայց` անօգուտ…
    Մեր զրուցակիցների հավաստմամբ, գործող գյուղապետն իր պաշտոնավարման շրջանում հասցրել է բավականին աշխատանք կատարել համայնքի համար: Այսպես, հիմնանորոգվել է մանկապարտեզը, առանձին ջեռուցմամբ ապահովվել, փոխվել է տանիքը: Նույնը` դպրոցի առումով, նորացվել են նաև դռներն ու պատուհանները: Մշակույթի տան պատուհաններն են փոխվել: Մասնակի վերանորոգվել է գյուղապետարանի շենքը: Ասֆալտապատվել է գյուղի կենտրոնական ճանապարհը: Նորաշեն-Դվին հատվածում գիշերային լուսավորություն է անցկացվել, այս աշխատանքները շարունակվում են`հասնելու գյուղամեջ: Սկսել են մարզադաշտի վերանորոգման աշխատանքները: Բարեգործական նախաձեռնությամբ` ռուսաստանաբնակ Սերժիկ Գաբրիելյանի կողմից, ֆուտբոլի խաղահրապարակ է կառուցվել: Երկրորդային փողոցների հարթեցում է կատարվել, որոշ հատվածներում` նաև խճապատում: 4-5 կմ երկարությամբ խմելու ջրի ջրագիծ է փոխվել: Ոռոգման ցանցում ևս, չնայած առկա խնդիրներին, որոշակի աշխատանքներ են կատարվել: Խմելու ջրի մատակարարումը գրաֆիկով է իրականացվում: Ամբողջովին պետք է փոխվի այդ համակարգը, քանի որ հին է և, հետևաբար, շարքից դուրս եկած: Դպրոցի և մշակույթի տան մասնակի նորոգումների խնդիր կա: Մի խոսքով, անելիքները նույնպես շատ են: 
     Ցանկալի է, որ վերամշակման արտադրություն /մասնավորպես` գինեգործական/ հիմնվի տեղում, ինչն էապես կբարելավի վիճակը: Պարարտանյութի որոշակի քանակություն, մատչելի գնով, գյուղապետի նախաձեռնությամբ գյուղացիներն ստանում են: Թունաքիմիկատների մասնագիտացված կետ ունենալու անհրաժեշտություն է զգացվում: Գյուղաշխատանքները մատչելի գներով մատուցող ծառայություն է հարկավոր, որպեսզի գյուղացին չխեղճանա և կարողանա հողը մշակել: Անկախ բոլոր մեր թվարկած դժվարություններից, դվինցին աշխատասեր ու հյուրասեր է…

SHARE