Գյուղացին հողից երես չի թեքի

0
17

Եթե կարգավորվի նրա կողմից աճեցված բերքի իրացման խնդիրը

Օրախնդիր

  <<Ընկեր>>-ը զրուցեց Արմավիրի մարզի Առատաշենի գյուղապետ Վահրամ Հարությունյանի հետ: Ի պատասխան թերթի կողմից բարձրացված մի շարք հարցադրումների, պարոն Հարությունյանն ասաց.

  -Ղեկավարմանս տարիներին հասկացա մարդկանց, շատ բան սովորեցի. կարելի է ասել` ավելի շատ վերցրեցի, քան տվեցի: Փորձեցի գիտելիքներովս օգտակար լինել մարդկանց, գյուղին, համայնքին, շրջապատիս: Թե ինչքանով դա հաջողվեց, գյուղացիները, ընկերներս ու շրջապատիս մարդիկ կասեն: Ըստ իս, ինձ շատ բան հաջողվեց անել համայնքի համար: Գյուղացու թիվ 1 խնդիրը աճեցրած բերքի իրացումն է, որը միշտ էլ եղել է, բայց այսօր ավելի է սրվել: Եթե կարողանանք այս խնդիրը պատվով լուծել, ապա գյուղացու վիճակը կտրուկ կլավանա: Ցավոք, արտադրողի և մթերողի միջև կապը շատ թույլ է: Թող էլի շուկայական տնտեսություն լինի, բայց մեզ նման երկրում այն պիտի ինչ-որ կերպ կառավարվի: Կարգավորող մեխանիզմներ են անհրաժեշտ, որոնք օգնեն գյուղացուն` ճիշտ պլանավորելու իր արտադրությունը և խուսափելու անցանկալի, անկառավարելի իրավիճակներից: Ամենապարզ օրինակը բերեմ. գյուղացին խաղող է աճեցնում, բայց չգիտի` այն կիրարցվի, թե ոչ: Լավ է, անշուշտ, որ այսօր մատչելի գներով գյուղացուն պարարտանյութ, դիզվառելիք է տրվում, բայց դա հարցի միայն մի կողմն է: Գյուղացին ունի նաև սերմացուի, թունաքիմիկատի որակի հետ կապված խնդիր, չգիտի` ի՞նչ ծագման են, չի էլ կարող հսկողություն սահմանել, քանզի դրա հնարավորությունը չունի: Մեկ այլ խնդիր ևս` գյուղացուն պետք է ավելի ցածր տոկոսադրույքով, ավելի երկարաժամկետ վարկեր հատկացվեն: Գյուղացին հողի նկատմամբ իր սերը չի կորցրել, պարզապես, երբ վերջնական արդյունքը գրեթե զրոյական է լինում, միայն այս դեպքում է սկսում հիասթափվել, երես թեքել հողից: Ամենամեծ խթանը արդյունքն է…

  Համայնքապետարանն այսօր այն հիմնական կառույցն է, որին բնակիչը դիմում է մտահոգող բոլոր, անգամ` անձնական հարցերով: Այս պայմաններում, ինչ խոսք, համայնքի ղեկավարին մնում է հնարավոր բոլոր միջոցներն օգտագործել` փոքրիշատե, գոնե, լուծում գտնելու այդ հարցերի համար: Հարությունյանը դիմում է նաև մարզպետին, պետական այլ կառույցների, հաճախ նաև` ընկերների օգնությանը, որպեսզի մարդկանց հոգսերն ու խնդիրները փոքր-ինչ թեթևանան: Ընկերության օգնությամբ, այո, շատ հարցեր լուծվում են:

  Առհասարակ, առանց ընկերության, ընկերական շրջապատի մենակ մարդն ում է պետք: Այս կարծիքին է Վահրամ Հարությունյանը` համոզված, որ ընկերների հետ քեզ հաստատ լավ ես զգում: Որքան շատ լինեն ընկերները, այնքան ավելի շատ խնդիրներ կլուծվեն, ավելի հեշտ կլինի համայնքը ղեկավարելը: Ընկերությունը, միաժամանակ, նաև պարտավորություն է, փոխադարձ սեր ու հարգանք է պահանջում:

  Պարոն Հարությունյանի խոսքով, գյուղի համար օրակարգային է մնում խմելու ջրի խնդիրը: Այս մասին շատ է բարձրաձայնվել, և նա ամեն կերպ կջանա, առաջիկա ընտրություններում վերընտրվելուց հետո, այդ հարցը լուծել: Ձեռքբերումներից պետք է նշել խորքային 7 հորերի հորատումը, ինչի արդյունքը ոռոգման խնդրի կարգավորումն է:

   Գյուղապետի տեղակալ Հովակիմ Նազարյանն իր խոսքում նշեց, որ Վահրամ Հարությունյանի հետ մանկության ընկերներ են. <<Համեստ բնավորության տեր, աշխատասեր, կիրթ անձնավորություն է: Մեզ կապում է հավատարմությունը, նվիրվածությունը, ազնվությունը: Իսկ միմյանց հետ աշխատելն ավելի շատ պարտավորություններ է ծնում, քան իրավունքներ: Բացի այդ, ընկերս շատ հայրենասեր է: Արցախյան շարժման առաջին իսկ օրերից երկուսս էլ առաջին շարքերում ենք եղել, պատերազմի դաշտում ևս` միասին: Ընտանիքին, կոլեկտիվին, գյուղին, աշխատանքին նվիրված անձնավորություն է: Հասարակությանը նվիրված անձ, շատ լավ ընկեր, բարեխիղճ ու պատասխանատու մարդ: Ժամանակները փոխվեցին, բայց Վահրամը մնաց նույնը` իր լավ ու դրական կողմերով: Խղճով է առաջնորդվում իր աշխատանքում, առաջին հերթին` չքավորի, անապահովի ու նեղյալի կողքին է: 1990-ական թթ. իր միջոցներով լուծեց գյուղի էլեկտրականության հարցը: Մանկապարտեզն է մասնակի վերանորոգել, կենտրոնական ճանապարհն ասֆալտապատել, դաշտամիջյան ճանապարհները բարեկարգել: Ընթացիկ տարում 3 փողոցում կոյուղագծեր ենք անցկացրել, ջրահեռացման պայմաններ ստեղծել, գիշերային լուսավորություն անցկացրել և այլն: Արվածը շատ, շատ է, և նույն եռանդով շարունակում ենք: Առաջին պայմանը` մարդկային գործոնն է, աշխատանքի մեջ ճիշտ դրսևորվելը, մարդկանց հետ բնականոն հարաբերություններ ձևավորելը, ինչին հավատարիմ է Վահրամը: Ծերերի համար զբաղմունքի սենյակ է ստեղծել, մարզական, պարի, նկարչական խմբակներ բացել: Ջանում է փողոցից կտրել երեխաներին: Հոգատար է, առհասարակ, գյուղացու նկատմամբ, իր ժամանակն ավելի շատ գյուղին, քան ընտանիքին է տրամադրում…>>: