Գյուղացին տեսնում, գնահատում է արածը

0
13

Հետևաբար, համարժեք վերաբերմունքով կպատասխանի ընտրություն կատարելիս…


Համակրանք


     Արագածոտն համայնքը /Արագածոտնի մարզ/ Մելսիկ Ղազարյանը ղեկավարում է 1999 թվականից: Առաջիկա կիրակի կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությանն առաջադրել է իր թեկնածությունը: 
     Գործող համայնքապետը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ գյուղացիներն առ այսօր իրեն վստահության քվե են տվել` ելնելով իր մարդկային վերաբերմունքից ու նկարագրից. <<Երբ ընտրվեցի, գյուղի վիճակը շատ ծանր  էր: Այգիները լրիվ շարքից դուրս էին եկել: Թեև մեծ դժվարությամբ, բայց կարողացա այս տարիների ընթացքում բարեկարգել ոռոգման և խմելու ջրի համակարգերը: Վերանորոգել եմ դպրոցը, մշակույթի տունը: Գերեզմանատան տարածքն եմ պարսպապատել: Սոցիալապես անապահով ընտանիքների եմ դրամական օգնություն ցուցաբերել, հոգացել հուղարկավորության ծախսեր և այլն: Ցանկացած պահի կանգնած եմ իմ ժողովրդի կողքին: Բնակիչներիս`  մարզկենտրոն գնալ-գալու հոգսը շատ հաճախ ինքս եմ հոգում, նրանց ազատում ավելորդ գլխացավանքից: Այսօրվա հիմնական մտահոգությունս այն է, որ բարեհաջող ավարտին հասցնեմ դեռևս կիսատ գործերն ու անելիքները: Մասնավորապես` ոռոգման համակարգի, գյուղապետարանի շենքի բարեկարգում: Մեր տարածաշրջանը զրկված է բնական գազից: Հենց այդ ուղղությամբ որոշակի աշխատանք կատարվի, գազատար մայրուղի անցկացվի, ապա առաջիններից մեկը մեր գյուղը կգազաֆիկացվի: Գյուղապետարանի աջակցությունը զգալի է մթերման հարցում: Այսպես, Պռոշյանի գինու-կոնյակի գործարան եմ այցելել` հետս վերցնելով մեր բնակիչների անձնագրերը, որպեսզի համապատասխան պայմանագրեր կնքվեն և գյուղացու աճեցրածը ընդունվի: Գյուղացու աճեցրածը գետնին չի մնա և մինչև վերջին կիլոգրամը կընդունվի: Այս տարի խաղողի բերքատվությունը բարձր է, յուրաքանչյուր տնտեսություն 10-12 տոննա բերք ունի հանձնելու: Մեր համայնքի բնակիչների սոցիալական վիճակը համեմատաբար լավ է, որովհետև զբաղվածության առումով առանձնակի խնդիրներ չունենք: Խաղողագործությունից բացի, զբաղվում են նաև անասնապահությամբ, առանձին արտադրություններ կան` որոշակի աշխատատեղերով: Թեև գյուղը բնակեցվել է տարբեր տեղերից եկած ընտանիքներով, բայց մեր ժողովուրդը համախմբված է ու միակամ:

Ինքս, անկախ ամեն ինչից, բոլորին հավասարապես եմ վերաբերվում: Մարդկային մոտեցում եմ ցուցաբերում, ահա թե ինչու համայնքի բարոյահոգեբանական մթնոլորտն առողջ է: Ամեն օր գյուղապետարան գրեթե 100 մարդ է մտնում, դուրս գալիս: Ամենատարբեր հարցերով են դիմում, և բոլորին էլ ջանում ենք հնարավորինս բավարարել: Ժողովրդի հետ շփումն ավելի մեծ է նաև այն պատճառով, որ մենք ենք սպասարկում ոռոգման համակարգը: Ջուրը ժամանակին տրամադրում ենք, վարձավճարները գանձում բերքահավաքից հետո: Աշխատում ենք ի շահ գյուղացու: Թեև խմելու ջրի համակարգը մեր ենթակայության տակ չէ, բայց սպասարկումը մենք ենք իրականացնում, ժամանակին վերացնում վթարները: Իմ աշխատավարձից մաս եմ հատկացնում այդ նպատակի համար: Սերտ են կապերը վերադաս կազմակերպությունների, ղեկավարների հետ, ցանկացած հարցով դիմում եմ, հետևողական պայքարում բարձրացրած խնդիրներին ժամանակին լուծում տալու համար…>>:

      Ինչպես այնուհետև տեղեկացանք, համայնքի շատ խնդիրների լուծման գործում մեծ է գործող գյուղապետի ընկերական շրջապատի ներդրումը: Ընկերները կանգնած են նրա կողքին` պատրաստ աջակցելու ցանկացած հարցում: Ճանապարհների վերանորոգման, աղբահանության հարցերը ընկերական շրջապատի ուժերով են լուծվում. <<Մարզպետարանում խնդիր չունեմ, ցանկացած հարց լուծվում է: Ընկերական մտերմիկ հարաբերություններ են ձևավորված մարզպետ Սարգիս Սահակյանի, Հովիկ Աբրահամյանի, Երվանդ Զախարյանի, Տարոն Մարգարյանի, Վարդան Խաչատրյանի հետ: Ջերմ էին կապերը երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի հետ… Ընտանիքից հետո` ընկերությունն է: Մենակ մարդը ոչնչի պիտանի չէ: Ընկեր ընտրելիս հաշվի եմ առնում մարդկային վերաբերմունքը, մարդկային հատկանիշները: Լավ ընկերությունը հավերժ է: Երկար տարիներ ընկերություն եմ անում Գրիշա Պողոսյանի, Վաչիկ Զարոյանի, Սամսոն Միքայելյանի, Արտակ Եղիազարյանի հետ: Առհասարակ, գյուղացիներիս, բոլորի հետ էլ ընկերություն եմ անում…>>:
      Զրույցը շարունակվեց գյուղապետի տեղակալ Վաչիկ Զարոյանի հետ, ով, մասնավորապես, ասաց. <<13 տարի միասին ենք աշխատում: Առայսօր որևէ խնդիր մեր միջև չի առաջացել: Ավելին, գյուղացիներից ոչ մեկի հետ խնդիր չի առաջացնի, ընդհակառակը` եղած խնդիրները կհարթի: Սերտ մարդկային  հարաբերությունների կողմնակից ու ջատագով է` թե՛ գյուղի ներսում, թե՛ գյուղից դուրս: Ընկերական է ու անմիջական, հատկապես` հասարակ գյուղացու հետ: Շատ լավ ընկեր է: Անգամ գիշերը կարող ես նրան անհանգստացնել` պատրաստակամ է հնարավորինն անելու, օգնության ձեռք մեկնելու: Լիասիրտ ապրում է համայնքի խնդիրներով, մարդկանց հոգսերով: Վստահ ենք բոլորս, որ համայնքի համակրանքի շնորհիվ այս անգամ ևս նա կվերընտրվի…>>:
       Գյուղի մշակույթի տան տնօրեն Արտակ Եղիազարյանն իր հերթին նշեց, որ Մելսիկ Ղազարյանը շատ նվիրված ընկեր է: Իրենցը մաքուր ընկերական հարթության վրա է. <<Այնքան մարդկային գծեր ու առավելություններ ունի, որ շատերն են ցանկանում նրա հետ ընկերանալ: Ամեն հարցով ընդառաջում է գյուղացուն` անկախ ամեն ինչից: Կանի առավելագույնը` իրեն նեղություն տալով: Գյուղում նշվում են բոլոր տոները: Հանդիսությունների սրահը անվճար ծառայում է գյուղացիներին: Նախակրթարան ունենք: Մանկապարտեզի շենքը վթարային է: Դիմել է կառավարություն, ընթացք են տվել, և շատ հնարավոր է`  հաջորդ տարի լուծվի այդ խնդիրը…>>:
      Զրուցեցինք նաև գյուղացիների հետ: Տարիքն առած տիկին Զարիկը նշեց, որ իրենց գյուղապետը շատ մարդկային է, մեծի հետ` մեծ, փոքրի հետ` փոքր: Բոլորին ձեռք կմեկնի, կօգնի: Ընդառաջում է, հատկապես ոռոգման ջրի հարցում ոչ ոքի չի նեղացնի, անգամ եթե ուշացնեն վարձը վճարել: Բարեհամբույր մարդ է, հասնող ղեկավար: Կօգնի բուժման, ուսման հարցերում: Բնականաբար, գյուղացիներն էլ տեսնելով այս ամենը, մեր զրուցակցի կարծիքով, իրենց ձայնը համայնքապետի ընտրություններում միակամ կտան Մելսիկ Ղազարյանի օգտին…  
SHARE