Գյուղացուն աջակից ու պաշտպան

0
12
Այս է առաջնահերթն այսօր` անկախ ամեն ինչից…

Կարևորում

    Մանվել Սարգսյանը 1998 թվականից ղեկավարում է Մրգանուշ համայնքը: Նրա խոսքերով այստեղ տարեցտարի մի բան ավելացվում է: Մեծ խնդիրներ կային` ոռոգման ջուր, գազաֆիկացում, խմելու ջուր, ասֆալտապատում և այլն: Ամեն ոլորտում էլ ներդրումներ կատարվել են, ամեն ոլորտում էլ առաջընթաց կա: Գյուղն ընդհանրապես բնական գազ չուներ, ներկայումս գազաֆիկացումը 95 տոկոսի է հասնում: Մասնակիորեն լուծվել է ոռոգման ջրի հիմնախնդիրը: Հարևան գյուղի տարածքով 1 կմ երկարությամբ փակ ջրագիծ է անցկացվել` համայնքի և  Համաշխարհային բանկի միջոցներով: Նախորդ տարի Ասիական բանկի միջոցներով /200 հազար եվրո ներդրում/ ամբողջությամբ փոխվեցին խմելու ջրի ջրագծերը: Դրանով այդ մեծ պրոբլեմը միանգամից լուծվեց: Մի փոքր աշխատանք է մնացել, որն այս ամսին կվերջացնեն: Վերանորոգվել են գյուղապետարանը, մշակույթի տունը, որտեղ շախմատի, երգի-պարի խմբեր են գործում: Մշակույթի տան հիմնանորոգման համար 10-ական մլն դրամ է հատկացվել համայնքի և պետական բյուջեներից: Մրգանուշի և Վարդաշենի համար նոր դպրոց է կառուցվել, նախակրթարան է գործում… 

     Երբ այս ամենի մասին տեղեկացնում էր համայնքի ղեկավարը, պատահաբար ներս մտավ Արտաշատի ոստիկանության տեսուչ, լեյտենանտ Ավագյանը, ով իր խոսքն ասաց  գյուղի մասին. <<Արդեն 6 ամիս է` սպասարկում եմ գյուղը, և կարող եմ ասել, որ շատ լավ համայնք է, ժողովուրդը` բարի, ազնիվ, հանգիստ, առողջ մթնոլորտ է տիրում: Դա նաև համայնքապետ Սարգսյանից է գալիս: Նա շատ բարի, լավ անձնավորություն է: Միշտ ժողովրդի կողքին է: Գյուղ մտնելիս հավաքված մարդկանց մեջ նրան անպայման տեսնում եմ: Մի հարցով, ասենք, որ դիմում են, ամեն հնարավորություն օգտագործելով` ջանում է օգտակար լինել բնակչին: Նաև օգնում է մեզ` ոստիկանության աշխատողներիս, որպեսզի մեր կողմից առավել արդյունավետ աշխատանք տարվի: Շատ գոհ եմ այս համայնքից: Խնդիրներ չկան: Եթե առաջանում էլ են, ապա մեզ ժամանակին տեղեկացվում է…>>: 
    Պարոն Սարգսյանն իր հերթին հավելեց, որ համայնքի ընդհանուր մթնոլորտը խաղաղ է, տարբեր խմբավորումներ, խժդժություններ, գժտություններ չկան: Մրգանուշցին հյուրասեր, ուտող-խմող ժողովուրդ է. <<Եթե, ասենք, խնդիրներ են լինում ընտանիքներում, ապա ջանում եմ այնպես հարթել դրանք, որ վատ ազդեցություն չունենան, հաշտություն տիրի: Ամեն ինչ անում եմ, որ գյուղի խաղաղությունը, հանգստությունը պահպանվի, ամենօրյա շփման մեջ եմ մարդկանց հետ: Գյուղապետը գյուղացիներից երբևէ չպետք է տարբերվի: Ապրում եմ այնպես, ինչպես հասարակ, սովորական գյուղացին: Դուռս միշտ բաց է բոլորի առջև: Այնպես չէ, որ ինչ-որ հարցով գան և ինձ մոտ մտնելը բարդ կամ դժվար լինի: Ջանում եմ ամեն կերպ օգտակար լինել մարդկանց: Գյուղում եմ մեծացել, համագյուղացիներիս շրջապատում և շարունակելու եմ ապրել նրանց հետ: Չպետք է այնպես լինի, որ մեր սերունդները երբևէ վատ զգան մեր արարքների համար: Մեր ժառանգները պիտի մեր աշխատանքով, մեզանով հպարտանալու բազում առիթներ ունենան: Ինչպես Ձեր թերթի անունն է, ես էլ ընկեր եմ համագյուղացիներիս համար: Բոլորն էլ ինձ համար հարազատ մարդիկ են: Շատ մեծ ընկերություն ունեմ: Լավ ընկերներ են: Երջանիկ եմ, որ ընկեր չեմ կորցրել: Վերջին շրջանում, ցավոք, քիչ ժամանակ է մնում ընկերների հետ անցկացնելու համար: Լավ ընկերներ ունեմ նաև մարզի համայնքապետերի շրջանում: Մտերիմ եմ Կանաչուտի, Վարդաշենի, Բերքանուշի, Գետազատի, Աբովյանի, Արևշատի, Զովաշենի,           Դվինի, Վերին Արտաշատի ղեկավարների հետ…>>:
      Խոսելով խնդիրների ու առաջիկա անելիքների մասին, պարոն Սարգսյանն ասաց, որ 400 մ ճանապարհահատվածի ասֆալտապատման խնդիր ունեն, որը համայնքի ուժերից ու հնարավորություններից վեր է: Ընդ որում, տվյալ հատվածը, որ ամբողջովին շարքից դուրս է եկել, կապում է մի քանի գյուղի: Դիմել են կառավարություն: Այն ներառված է համապատասխան ծրագրում, որոշակի ժամկետ հայտնի չէ: Համենայնդեպս, հույս կա, որ ընթացիկ տարում խնդրին լուծում կտրվի: 
  -Մեր բնակիչները,- շարունակեց զրույցը համայնքի ղեկավարը,- հիմնականում հողագործությամբ են զբաղվում: Քանի որ արոտավայրեր չունենք, ուստի անասնապահությունը զարգացած չէ: Վերջին տարիներին մեր գյուղից էլ են արտագնա աշխատանքի մեկնում հիմնականում ՌԴ: Բարի ու լավ ավանդույթներ ունեցող ժողովուրդ ենք: Միմյանց նկատմամբ սիրով ու հարգանքով ենք: Կուզեի, որ ժողովրդի վիճակը փոքրիշատե բարելավվեր, կյանքը բարեկեցիկ դառնար: Ֆինանսական սուղ վիճակն է այսօր նեղում մեր ժողովրդին, գումարի պակասը: Իմ հարազատները հիմնականում դրսում են: Այնտեղի ու այստեղի ապրելը 100 տոկոսով տարբերվում է: Դրսում մերոնք հարուստ են ապրում, բայց` կաշկանդված, քանի որ իրենց երկիրը չէ: Այստեղ հակառակն է… Ֆինանսական օգնության խնդրանքով շատ են դիմում գյուղապետարան, հատկապես` վերջին երկու տարում: Օգնում ենք: 1 մլն դրամ նախորդ տարի նախատեսել էինք օգնությունների համար: Այս տարի մի քիչ ավելացրել ենք` 1 մլն 400 հազար դրամ: Անապահով ընտանիքներին ենք հատկացնում` բուժման և այլ կարիքների համար: Անգամ անձնական միջոցներիցս եմ բաժին հանում այդ նպատակով: Ամենակարևորը` պիտի կանգնել գյուղացու կողքին, աջակից լինել նրան…         
SHARE