Գյուղացուն, իրոք, օգնել

0
8

Այլ ոչ թե կախման մեջ գցել բանկերից…

Մտահոգություն

-Այն մարդու հետ ես ընկերություն անում, ում նկատմամբ համակրանք ունես, ով հիմնական կողմերով նման է քեզ: Առհասարակ, բարի ու առանց չարության մարդը կարող է ինձ ընկեր լինել, այն մարդը, որ միայն իր հոգս ու ցավով չի ապրում, ով անտարբեր չէ շրջապատի, իր երկրի, հող ու ջրի նկատմամբ: Անգամ մի փոքր հասկացողություն ունեցող մարդու հետ կարելի է ընկերություն անել: Միմյանց մեջ լավ գծեր տեսնելով, արժանիքները գնահատելով` ստեղծում ես մտերմություն, ընկերություն: Փոքր-ինչ ցանկության դեպքում բոլորի հետ էլ կարելի է ընկերություն անել: Ամեն մեկն իր մեջ պիտի հասկանա ու գնահատի այդ ընկերությունը: Ցանկության դեպքում դժվար չէ նաև այն պահպանելը: Իմ բոլոր գործընկերների հետ էլ շփվում եմ, բայց կան համայնքապետեր, ում հետ ավելի մտերիմ եմ` Խորոնքի, Արտիմետի, Առատաշենի, Տարոնիկի, Ակնալճի, Ապագայի, Լուսագյուղի, Ակնաշենի, Գայի,- ընկերության մասին այսպես արտահայտվեց Գրիբոյեդով համայնքի ղեկավար Վահե Գրիգորյանը` հավելելով,- հինգ տարի է, ինչ ղեկավարում եմ համայնքը: Շատ բան եմ սովորել ավագ գործընկերներիցս, նրանց հետ շփումն ինձ բավականին օգնում է իմ աշխատանքում: Բնական կարելի է համարել դա, քանի որ երիտասարդ տարիքում եմ` 27 տարեկանում, ստանձնել համայնքի ղեկավարումը: Եվ եթե այսօր կայացել եմ իմ աշխատանքում, ապա դրանում մեծ դեր ունեն նաև ավագ գործընկերներս` իրենց խորհուրդներով, բարի ու մտերիմ խոսքով: Այնպես որ, ոչ պակաս ձեռքբերում է նաև ընկերների այն հսկա բանակը, որ այս ընթացքում ձեռք եմ բերել: Այն, որ այսօր բնակչի կողմից բարձրացրած ցանկացած հարցի ընթացք է տրվում, վկայում է ընկերության դերի ու կարևոր նշանակության մասին…

Համայնքի ղեկավարն իր բնակչի կողքին կանգնած է, ապրում է նրա հոգսերով, կիսում ուրախությունն ու տխրությունը: Համայնքում` ինչպես ընտանիքում, ապրում ես օրվա 24 ժամը և չես կարող ոչինչ աչքաթող անել: Որոշ խնդիրներ արդեն հաջողվել է նրան լուծել, որոշն էլ ընթացքի մեջ է` լուծվելու իր հերթին սպասելով: Ոռոգման ջրի խնդիր արդեն չունեն, գյուղատնտեսական նշանակության հողատարածքները ջրով ապահովված են: Խմելու ջրի հետ կապված ևս աշխատանքներ են տարվել, երեք նոր փողոցում 1 կմ-ից ավելի ջրագիծ է անցկացվել: Բացի այդ, 400 մ նոր կոյուղագիծ է անցկացվել` բնակիչների գործուն մասնակցությամբ: Վերջերս 2 նոր փողոց գազաֆիկացվեց: Մանկապարտեզի խաղահրապարակն է ամբողջովին կառուցվել: Մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը 50 է:

Այս ամենով հանդերձ, ունեն նաև խնդիրներ: Կենտրոնական ճանապարհի ասֆալտապատումը մեծ գումարների հետ է կապված, նույնը` նաև ոռոգման ներքին ցանցի կառուցման խնդրում: Գյուղացին իր հող ու այգով է զբաղված, տարին բոլոր բերք ու բարիք արարելու հոգսով է տարված: Բանջարաբոստանային կուլտուրաների հետ միասին նաև հացահատիկ են մշակում, առվույտ աճեցնում: Անասնապահությունը բավականին զարգացած է այստեղ, լրջորեն զբաղվողներ կան: Պարոն Գրիգորյանի խոսքով, Գրիբոյեդովը զարգացման ու առաջընթացի հրաշալի նախադրյալներ ունի և վստահորեն առաջ է ընթանում: Շատ ցանկալի է, որ գյուղմթերքի արտահանման նոր ու գրավիչ հնարավորություններ ստեղծվեն, ինչի դեպքում արդեն իրացման առումով որևէ խնդիր չեն ունենա:

Գյուղացուն հուզող ամենացավոտ խնդիրն այսօր, ըստ նրա, բանկերի բարձր տոկոսներն են, ինչը դժվարին ու ծանր կացության առջև է կանգնեցրել բոլոր վարկառուներին: Պետությունն անպայման պետք է միջամտի այս գործում և կարգավորման մեխանիզմներ ներդնի: Բանկային համակարգը, համայնքապետի համոզմամբ, լուրջ վերանայման կարիք ունի, գյուղացուն պետք է, իրոք, օգնել, այլ ոչ թե նրա հաշվին հարստանալ… Էլ չենք խոսում այնպիսի արտոնությունների մասին, որ պետք է տալ գյուղացուն, հողի աշխատավորին, որպեսզի նա ոտքի կանգնի, կարողանա բերք ու բարիք արարել:

Չնայած առկա դժվարություններին, Վահե Գրիգորյանը լավատեսությամբ է լցված մեր երկրի ապագայի, վաղվա օրվա հանդեպ: Համոզված է, որ ամեն ինչ լավ է լինելու, որ կգան այնպիսի ժամանակներ, երբ հակառակ գործընթացը կսկսվի` ոչ թե մեր երկրից կգնան, այլ դրսից կգան այստեղ: Մի դուռ էլ մեր երկրի համար, մեր ժողովրդի առջև կբացվի…

 

SHARE