Գյուղացուն սովորեցնել պետք չէ

0
19

Նրան ֆինանսական հնարավորություն ու իրական աջակցություն է անհրաժեշտ…
     Գյուղացուն այսօր ինչ-որ բան սովորեցնելու հարկ կամ անհրաժեշտություն, կարծում ենք, չկա: Նա շատ լավ էլ, առանց դրսի որևէ միջամտության ու թելադրանքի, զբաղվում է ավանդաբար իրեն փոխանցված գյուղատնտեսական ոլորտի արտադրությամբ, մասնավորապես` այգեգործությամբ, դաշտավարությամբ ու անասնապահությամբ: Լավ կլիներ, որ իշխանավորները գյուղացուն ինչ-որ հոգսերից ազատեին, անհամար հոգսն ու բեռը թեթևացնեին: 
    Այ, օրինակ, դիզվառելիքի ակցիզային հարկը հանել տային, որպեսզի ներկրման ժամանակ այն թանկ չլիներ, մատչելի լիներ գյուղացիներին` կարողանային գնել ու իրենց վարուցանքն անել: Կամ, ասենք, այնպես անեին, որ գյուղացիներն իրենց կովերը պահեին և ժամանակի ընթացքում գլխաքանակն ավելացնեին:Հիմա, ցավալիորեն, այնպիսի իրավիճակներ են առաջ գալիս, երբ մարդիկ ստիպված ծնելու կամ կաթնատու կովը մորթում են հաց գնելու, օրվա ապրուստը հոգալու համար: 1 լիտր կաթը հանձնում են 130 դրամով, այն դեպքում, երբ 7 լիտր կաթից 1 կգ պանիր են պատրաստում, որը խանութներում 2000 դրամ է վաճառվում: Ըստ էության, պանիր սարքողը գրեթե կրկնակի շահում է: Համանման պատկերը, շատ փոքր տարբերություններով, նաև մյուս արտադրատեսակների առումով է… Մինչդեռ, ավելի նպատակահարմար ու շահեկան կլիներ, եթե հիմնվեին գյուղատնտեսական ապրանքների ընդունման փոքր կայաններ, որպեսզի մարդիկ իրենց կաթը ոչ թե պարտիզանական եղանակով գնորդներին հանձնեին, այլ այնպիսի գործընկերոջ հետ գործ ունենային, ով արժանիորեն կգնահատեր գյուղացու դառը քրտինքով արտադրածը:
    Կարելի է համոզված ասել, որ հատկապես լեռնային ու նախալեռնային պայմաններում չօգտագործված հսկայական ռեզերվներ, հնարավորություններ  կան: Մեր ժողովրդին հողի հետ կապելու, արտագաղթը կանխելու հսկայական հնարավորություն ու միջոցներ կան: Հարգարժան վարչապետը գյուղ էր գնացել, ասում էր, թե կովի կուրծքը պետք է տաք ջրով լվանալ, հետո կթել… Ահա, այս կարգի <<թանկ>> խորհուրդներ, ինչն ամենևին չի նշանակում գյուղացու կողքին կանգնել, դեմքով շրջվել դեպի գյուղն ու գյուղացին:  Դա մոտավորապես նույնն է, երբ, ասենք, կանգնես ու երեխային ասես, թե տուն-տունիկն այսպես մի խաղա կամ տիկնիկն այսպես մի բռնիր… Գյուղացին հող մշակել, կով կամ ոչխար պահել գիտի, նրան ֆինանսական աջակցություն ու իրական օգնություն է հարկավոր: Ցածր տոկոսադրույքներով վարկեր են մտնում Հայաստան, ո՜ւր են այդ վարկերը: Համենայնդեպս, հեռավոր բնակավայրեր, իրական հասցեատիրոջն այդպես էլ չեն հասնում: Գյուղացին տառապում է <<տոկոսների>> տակ: Նրան հնարավորություն պիտի տրվի, իր անելիքը նա լավ գիտի, հողի լեզուն հազար անգամ ավելի լավ է հասկանում, քան մայրաքաղաքից կամ օտար երկրներից եկած գիտնականները, անգամ տվյալ ոլորտի մասնագետները…
     Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները փայլուն ճառեր են ասում ոլորտի չեղած հաջողությունների մասին, մինչդեռ գյուղացին աջակցության, իրակա°ն աջակցության կարիք ունի: Մեր գյուղացին շարունակում է հեզությամբ տանել իր զրկանքները, քանի որ Հայաստանում սեփական իրավունքները պաշտպանելու ավանդույթներ չկան…
SHARE