Գյուղացու կողքին … էլ տեղ չկա

0
25

Դիտանկյուն

  Այսօր էլ ով ասես, ամեն տեղից վեր կացողը կանգնում է գյուղացու կողքին: Ինչպես ասում են, մոդայիկ է: Ե՛վ երկրի ամենաբարձր պաշտոնյան, և՛ կառավարությունն ու Ազգային ժողովը, և՛ նախարարներն ու պատգամավորները, և՛ մեծ ու փոքր մյուս պաշտոնյաները և՛, իհարկե, բոլոր այն թեկնածուները, ովքեր ընտրովի ինչ-որ պաշտոն գրավելու թեկուզ և փոքր-ինչ հավակնություն կամ շանս ունեն: Էլ չենք ասում մնացած մտահոգվածների մասին: Բոլոր-բոլորը միաբերան ու առաջնահերթ պատրաստակամությամբ կանգնում են գյուղացու կողքին, այսուայնտեղ սրտահույզ ու սրտաճմլիկ ճառեր արտասանում և նրան օգնելու հազար ու մի, մեկը մյուսից գեղեցիկ ու գայթակղիչ ծրագրեր առաջարկում: Եթե միամիտ լինենք և հավատանք այդ ամենին, եթե այդ ամենի գոնե կեսը կամ կեսի կեսն իրականություն դառնար, ապա գյուղը պիտի որ արդեն դրախտ, իսկ մեր գյուղացին աշխարհում ամենաերջանիկն ու ամենաառաջավորը դարձած լինեին:

  Սակայն, ցավոք, դառն իրականությունն այն է, որ գյուղացու աջակիցների ու պաշտպանների շատանալու հետ /իհարկե, ընդամենը խոսքով, ձևականորեն/ նրա վիճակն ամենևին էլ չի բարելավվում: Համենայնդեպս, նրա հոգսն ու ցավը մնում են, մտահոգող խնդիրները գնալով ավելանում, և գյուղացին շարունակում է, ինչպես ասում են, իր յուղով տապակվել…

SHARE