Գյուղացու հետ` իր լեզվով, իրեն հասկանալի

0
34

Ապրելակերպ

Նրան ընդառաջելով, նրա դրության մեջ մտնելով և օգնելով

<<Գևորգ Միսակյանն Ակնալիճ համայնքը ղեկավարում է 1999 թվականից: Հիանալի անձնավորություն է, իրոք, մեծատառով մարդ: Հաճելի է նրա հետ, նրա ղեկավարությամբ աշխատելը: Գյուղին շատ է նվիրված, ջանում է հնարավոր ամեն ինչով օգնել գյուղացուն, կյանքի կոչել այնպիսի ծրագրեր, որոնք կխթանեն համայնքի զարգացումը և կբարելավեն մարդկանց սոցիալ-տնտեսական պայմանները: Նրա օրոք շատ ու շատ աշխատանքներ են կատարվել: Այս տարի ասֆալտապատում ենք իրականացրել, իսկ ամեն տարի, առհասարակ, փոսալցումներ են կատարվում: Բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում է կատարվում: Դաշտամիջյան ճանապարհներն են բարեկարգվում: Մշակույթի տան մի հատվածը վերակառուցել ենք` վերածելով հանդիսությունների սրահի, թաղման արարողությունների սպասարկման համար հատուկ փոխադրամիջոց ենք ձեռք բերել: Ունենք աղբաթափման տրակտոր, որով շուրջօրյա աղբահանություն ենք իրականացնում: Մի խոսքով, հնարավոր բոլոր միջոցներով ջանում ենք այսօրվա դժվարին պայմաններում բարելավել գյուղացու ապրելակերպը և համայնքի համար լավ գործեր անել…>>:

Այս մասին <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց Ակնալճի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գրապիոն Շառոյանը` հավելելով, որ բնակիչ-գյուղապետ փոխհարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Պատշաճ վերաբերմունք է ցուցաբերվում յուրաքանչյուրի նկատմամբ, յուրաքանչյուր դիմող գոհ ու բավարարված է հեռանում համայնքապետարանից` անկախ նրա հարցը լուծել-չլուծելու հանգամանքից: Խնդիրներն այստեղ ևս, ինչ խոսք, շատ են ու բազմազան: Նախկինում ջուրը չէր բավականացնում: Օրվա ընթացքում` մեկ-երկու ժամ, պատահել է նաև, որ օրերով ջուր չեն ունեցել: Գ. Միսակյանի ջանքերի արդյունքում հարցին լուծում տրվեց` խորքային հոր հորատելու միջոցով:Aknalij Gevor Misakyan (1)

-Հիմա,- շարունակեց Գ. Շառոյանը,- ճիշտ է, ջրի որակը չի բավարարում, սակայն ապահովված ենք խմելու ջրով: Լավ կլիներ, իհարկե, որ որակի հարցում ևս խնդիր չլիներ: Համայնքի ղեկավարը պահանջում է, որ գյուղապետարանի աշխատանքում կարգ ու կանոն լինի և ապահովվի բարձր արդյունավետություն: Իսկ ամենամեծ պահանջը նրա կողմից այն է, որ երբևէ և ոչ մի պարագայում չնեղացնենք գյուղացուն, բնակչին: Կատարված աշխատանքները շատ են, որոնցից կուզենայի առանձնացնել բոլոր ժամանակների զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի տեղադրումը…
Aknalij Gevor Misakyan (1)

Գևորգ Միսակյանը, խոսելով իր աշխատանքային գործունեության, ձեռքբերումների մասին, ասաց. <<Եթե տարիների կտրվածքով խոսելու լինենք, ապա պիտի ասեմ, որ ամեն տարի իր դժվարությունները, հետաքրքիր պահերն է ունեցել: Աշխատանքի արդյունքը տեսնելով, զգում ենք, որ տվյալ տարում իզուր չէր, որ այդքան չարչարվեցինք: Կոնկրետ այս տարի` ասֆալտապատումն էր, բազմաբնակարան շենքերի տանիքապատումը: Ինչ վերաբերում է եկեղեցու կառուցմանը, ապա նշեմ, որ դա իրականացվում է համայնքի բնակիչների ընդհանուր ուժերով: Ով գումար ունի, դա է ներդնում, իսկ ով չունի` ֆիզիկապես է օգտակար լինում այդ գործին: Գյուղովի գեղեցիկ կառույց ենք ստեղծելու: Այս տեմպերով շարունակվելու պարագայում առաջիկա երկու տարում գործն ավարտի կհասցնենք: Նախորդ տարի մանկապարտեզը մասնակի վերանորոգեցինք, այն գեղեցիկ բակ ունի, բայց դեռևս ներքին հարդարման, կահույքի ձեռքբերման և այլ խնդիրներ կան: 2-րդ խումբ բացելու անհրաժեշտություն է զգացվում, ինչի համար ևս աշխատանք պիտի տարվի: Կփորձենք համայնքի բյուջետային միջոցների հնարավորությունների սահմաններում, ավագանու հետ, ինչ-որ բան այդ ուղղությամբ ձեռնարկել: Գյուղապետարանի ուժերով 3000 քմ ասֆալտապատում ենք արել: 10 տարի գումար ենք տնտեսել, որպեսզի ի վիճակի լինենք տվյալ աշխատանքն իրականացնել: Կենտրոնական փողոցների գիշերային լուսավորություն ունենք: Գազաֆիկացումը 80 տոկոսով է: 18 ժամ խմելու ջուր ունենք…>>:

Պարոն Միսակյանի համոզմամբ, գյուղապետը պետք է հանդուրժող լինի, յուրաքանչյուրի հետ <<խոսի>> իրեն հասկանալի լեզվով, ի՛ր լեզվով: Քանի որ այսօր բնակչության սոցիալ-տնտեսական վիճակն այնքան էլ բարվոք չէ, ուստի հարկ է ամեն կերպ յուրաքանչյուրի դրության մեջ մտնել, ընդառաջել, զիջել ու մեծահոգի լինել. <<Ամեն տարի իր հետ իր խնդիրներն է բերում, և դրան զուգահեռ մեր պարտականություններն են ավելանում, մարդկանց պահանջներն են շատանում: Մարդիկ, բնական է, ուզում են իրենց համայնքն ավելի լավը տեսնել: Փորձում ենք և՛ մեր ժողովրդի, և՛ ժամանակի պահանջներին համաքայլ ընթանալ, թե որքանով է դա մեզ հաջողվում, դա արդեն ժողովուրդը կասի…>>:

Համայնքապետի խոսքերով, գյուղին վերաբերող շատ հարցեր ընկերական շրջապատի միջոցով են լուծվում: Ի դեպ, հենց ընկերությունն է դրել եկեղեցու շինարարության հիմնաքարը, ինչով և շարունակում են առաջնորդվել: Այդուհանդերձ, շատ կարևոր է մարզպետի հետ անմիջական կապի պահպանումը: Մարզպետը քաջատեղյակ է համայնքների խնդիրներին, ուստի ծրագրերի բաշխումը կատարվում է ըստ առաջնահերթության ու կարևորության: Ակնալիճը, բարեբախտաբար, վերջին երեք տարում խույս է տալիս կարկուտի վնասներից, քանի որ նրա տարածքում տեղադրվել է 8 հակակարկտային կայան: Գյուղը շատ գեղեցիկ բուժամբուլատորիա ունի` իր պատշաճ սպասարկմամբ: Նախորդ տարի հանձնվեց շահագործման նրա նոր շենքը: Հիմնախնդիրների թվում նաև ոռոգման վիճակի բարելավումն է: Մշակույթի տունը պետք է լիարժեք գործի: Չնայած դրան, կան և՛ մարզական, և արվեստի խմբակներ: Շատ լավ մարզադահլիճ են կառուցել:

Գյուղի համաչափ զարգացման հրամայական պահանջը արտադրության, ապրուստի միջոցների հայթայթման հնարավորությունների ընդլայնումն է, ինչը պայմանավորված է հողագործությամբ, մասնավորապես` խաղողագործությամբ և լոլիկի մշակությամբ զբաղվելու հետ: Դա մնում է ամենակարևոր խնդիրը, որը և կջանա ըստ կարելվույն լուծել Գևորգ Միսակյանը` աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին կրկին առաջադրելով իր թեկնածությունը…

SHARE