Գյուղի հոգսերն ու խնդիրները շատ են

0
23


Բայց և լուծելի` միայն թե համառ աշխատանք ու համբերատարություն լինի…

Կենսափորձ

watermarked_IMG_0642

   Մյասնիկյանում տարիների ընթացքում, ժամանակի հետ, շատ աշխատանք է կատարվել: Գլխավոր խնդիրներն են լուծվել: Համայնքում դեռևս խորհրդային տարիներից ոչ ոռոգման և ոչ էլ խմելու ջուր կար: 2004 թ. ԾԻԳի հետ համատեղ մայր ջրատարի վերանորոգումն են իրականացրել: 2006ին մեկ այլ` նոր մայր ջրանցք են կառուցել: 2010ին գերմանական <<Նոր Ակունքի>> հետ այդ ծրագիրն են կյանքի կոչել: Ներկայումս շուրջօրյա ջրամատակարարում ունեն: Համայնքի ներդրումով հիմնանորոգվել է դպրոցի շենքը: Նաև 3 հարկանի տիպային շենքով առողջական կենտրոնն են վերանորոգել: Այն <<Մանուկներ>> հիմնադրամի միջոցներով համալրվել է բուժտեխնիկայով և լաբորատոր սարքավորումներով:
Այնուհետև` բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում: Մանկապարտեզում, դրա հետ մեկտեղ, նաև դռներն ու պատուհաններն են փոխել, մուտքը ձևափոխել: Այստեղ 130 երեխա է հաճախում: Նոր զարգացող թաղամասերն են գազաֆիկացրել: ՄԱԿի գրասենյակի հետ համատեղ ծրագիր են իրականացրել, որի շրջանակներում Էդուարդո Էռնեկյանը համայնքին 4 տրակտոր է հատկացրել: Տեխնիկական պարկը կառուցվել է համայնքապետարանի կողմից: Գյուղապետարանի նոր շենքն է վերանորոգվել, հինը տրամադրվել է երաժշտական դպրոցին: Փողոցների լուսավորություն է անցկացվել: Հիմնական մտահոգությունը կապված է մշակույթի տան հետ:
– Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, շարունակեց խոսքը համայնքապետ Անդրանիկ Պետրոսյանը, խոստացել է առաջին իսկ հնարավորության դեպքում մեզ աջակցել այդ խնդրում: Գյուղի միջով անցնող հանրապետական նշանակության ավտոճանապարհն է 2009ին վերանորոգվել, վիճակն առայժմ լավ է: Ներսի ճանապարհները խճապատվում, հարթեցվում են: Ունենք 4508 բնակիչ: Հիմնականում զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ, որոշակի մաս աշխատում է <<Հավիցա>> թռչնաֆաբրիկայում, Էռնեկյանի մոտ: Ծիրանի այգիներ շատ ունենք, և խաղողագործությունն է զարգացած: Մյասնիկյանցիները շատ լավ ժողովուրդ են, շատ աշխատասեր ու հավատարիմ: Երբեք ուրիշ ազդեցությունների տակ չեն ընկնի: Գյուղաբնակների հետ, առհասարակ, մի քիչ դժվար է, այն առումով, որ գյուղի հոգսերը շատ են, չնախատեսված խնդիրներ են ի հայտ գալիս, և բոլոր խնդիրները հավաքվելով` դառնում են մեծ պատմություն: Որքան կարողանում` օգնում ենք: Կառավարությունն էլ` իր հերթին, տարբեր միջոցներով: Ի պաշտոնե, որպես ղեկավար, ամեն ինչի համար ես եմ պատասխանատվություն կրում: Այն հարցերի լուծումը, որը մեր ուժերից վեր է, փորձում ենք մարզի ղեկավարի միջոցով բավարարել: Հատկապես առողջապահության հարցերում մարզպետ պարոն Ղահրամանյանը միշտ ընդառաջել է մեզ: Ակնաբուժական ծառայություն է մատուցվում` տարեկան 2 անգամ, այնպես որ գյուղացին իր խնդիրների հետ մենակ չէ: Որ ժամին դիմել են, ջանացել եմ օգտակար լինել: Անլուծելի խնդիրներ չկան, բոլորն էլ լուծելի են: Գյուղապետ եմ ընտրվել, երբ արդեն ոստիկանության համակարգի թոշակառու էի: Այս համակարգում աշխատած սպաների համար այլ բնագավառում աշխատելը համեմատաբար հեշտ է, քանի որ կյանքի լավ դպրոց են անցած լինում: Կարգապահություն, պատասխանատվություն, հետևողականություն` այս և մյուս հատկանիշները շատ կարևոր են տվյալ աշխատանքում: Նաև մարդկային գործոնն եմ մեծապես կարևորում, ուստի պատահական չէ, որ արդեն չորրորդ անգամ է գյուղացին իր քվեն ինձ տալիս: Կարելի է ասել, որ գյուղապետ եմ` նաև ընկերության շնորհիվ: Այս աշխատանքն ինձ այնքան էլ չի հետաքրքրել: Ընկերներիս պնդմամբ հայտնվեցի այստեղ, դե, քանի որ համաձայնեցի, ուրեմն պիտի երբևէ հուսախաբ չանեմ ոչ ոքի…
Ընկերության թեմային անդրադառնալիս, Ա. Պետրոսյանը նշեց, որ մարդու համար առաջինն իր ընտանիքն է, ապա ընկերությունը: Ընկերության վայելքը պիտի իրապես զգալ ու ապրել. <<Ես ընկերներիս չեմ փոխում: Ընկերությունը նաև ճակատագրով է տրվում: Պիտի հավատարիմ լինել և շահադիտական որևէ ակնկալիք չունենալ ընկերոջից: Ամեն լավ բան մանկությունից է գալիս, նաև` ընկերությունը: Ընկերական ամեն դրսևորում պետք է հոգուց բխի, եթե, ասենք, պարտադրանք կամ այլ բան եղավ, ապա դա հաստատ ընկերություն չէ: Ընկերոջս կողքին լինելն ինձ ազնիվ մղումն է առաջնորդում, նրան օգտակար լինելու անկեղծ պատրաստակամությունը: Ընկերությունը նաև ընտանեկան փոխադարձ մտերմություն է ենթադրում, ինչն ավելի է բարձրացնում պատասխանատվության զգացումը: Ընկերությունը վերածվում է մի ընտանիքի, որի անդամ ես դառնում նաև դու: Այսինքն, ինչոր առումով այս երկու սրբությունները միաձուլվում են, ինչը նշանակում է, թե որքան լուրջ մոտեցում է քեզնից պահանջվում: Իսկ թե որքան ցավագին է ընկերոջ կորուստը, դա արդեն այնքան էլ հեշտ չէ բառերով արտահայտել…>>:
Պարոն Պետրոսյանի խոստովանությամբ, ընկերական մտերիմ փոխհարաբերությունների մեջ է Դալարիկի Պարգևի, Վանանդի Ջիվանի և Շենիկի Կորյունի հետ: Ընկերություն է անում նաև Հոկտեմբերի Բաբկենի, Մրգաշատի Մանվելի, Արշալույսի Զարզանդի, Արագածի Աշոտի, Ապագայի Արտաշի, Երվանդաշատի Հովնանի, ինչպես և Մեծամորի քաղաքապետ Գրիգորյանի հետ: Այս մտերմությունը, ընկերականմարդկայինից զատ, նաև գործնականում է իր օգտակարությունն ապացուցում` ի շահ իրենց համայնքների և ընդհանուր հաջողությունների ամրագրման…