Գյուղում ծնվածը գյուղում էլ պետք է ապրի

0
32
Որպեսզի շենացնի, զարգացնի ծննդավայրը, հայրենի հողում բերք ու բարիք արարի…

Համոզմունք

  Ցրտահարությունը չշրջանցեց նաև Գողթ համայնքը: Այստեղ վտանգի տակ հայտնված կորիզավորներից հիմնականում ծիրանենին ու կեռասենին են: Դեռևս վնասի իրական ծավալների մասին դժվար է խոսել, և միայն որոշ ժամանակ հետո պարզ կդառնա, թե գողթեցիներն այս տարի տվյալ մրգատեսակներից ինչպիսի ակնկալիք կարող են ունենալ: Կառավարության ուշադրության կենտրոնում է, առհասարակ, բնական աղետից տուժած համայնքների խնդիրը, և արդեն համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում հնարավորինս թեթևացնելու գյուղացու բեռը և նրան օժանդակություն ցուցաբերելու: 
 Ինչպես տեղեկացրեց համայնքապետ Արտավազդ Հակոբյանը, Գողթը մեր հանրապետության այն բացառիկ համայնքներից է, որ լիարժեք ոռոգման ջուր ունի: Գեղարդալիճ ջրամբարն ապահովում է ջրի անհրաժեշտ քանակը, ինչն էլ հնարավորություն է ընձեռում ունենալու մրգաշատ այգետարածքներ: Այգեգործության հետ մեկտեղ, այստեղ նաև անասնապահությամբ են զբաղվում, բայց ոչ բավարար չափով, քանզի արոտավայրերը բնակավայրից բավականին հեռու են:
 Վերջին տարիներին, մի շարք ծրագրերի քննարկման, չդադարող պրպտումների արդյունքում, գյուղում ստեղծվեցին ջերմոցային տնտեսություններ: Նախաձեռնողները` Գողթ գյուղից, <<Էկոտոմատո>> ընկերության հիմնադիրներ: 2011-ին կառուցվեց առաջին ջերմոցային տնտեսությունը` եվրոպական վերջին տեխնոլոգիաներին համապատասխան: Շուրջ 200 մարդ էր ներգրավված միայն կառույցի  շինարարությունում: Աճեցված հոլանդական վարդերը հաջող քննություն բռնեցին նաև միջազգային շուկայում: Ընդ որում, լուրջ մրցակից դարձան արտասահմանյան շուկայում բարձր համարում ունեցող Էկվադորի վարդերին: Մի խոսքով, տնտեսությունն արդարացրեց իրեն, ինչը և նրա ընդլայնման, այլ մշակաբույսեր աճեցնելու  անհրաժեշտություն առաջացրեց: Կստեղծվի 20 հեկտար տարածք զբաղեցնող ջերմոցային տնտեսություն, որտեղ կաճեցվեն լոլիկ, վարունգ, 100-150 նոր աշխատատեղ կստեղծվի գողթեցիների համար: Պարոն Հակոբյանի հավաստիացմամբ, դա մեծապես կբարելավի համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակը` հիմնականում լուծելով առկա ցավոտ խնդիրները: 

   -Կարող եմ ասել,- նշեց նա,- որ մյուս գյուղերից մի տասը տարով առաջ ենք: Ցանկալի է, որ բոլոր գյուղերն էլ նման տնտեսություններ ունենան: Այսօր արդեն մտածում ենք վերամշակման գործարանի կառուցման մասին` միրգ արտահանելու համար: Այս ծրագրերը քննարկվում են ջերմոցային տնտեսության հիմնադիրների` Արմեն Սանդոյանի, Արսեն Սանդոյանի և Մարկոս Ղարիբյանի հետ: Նրանց արածը, մասնավորապես` այդքան աշխատատեղ ստեղծելը, առանց չափազանցության, մեծ գնահատանքի է արժանի: Տնտեսության շնորհիվ կլուծվեն նաև ճանապարհների, ջրամատակարարման և շատ այլ խնդիրներ, ինչից կշահի, բնականաբար, նաև մեր գյուղացին: Ստեղծված տնտեսությունը մեր հանրապետության առաջնեկներից է: Այս հրաշալի եռյակը մեզ Աստված է պարգև ուղարկել, նրանք իրենց ունակությամբ, հոգու ու մտքի զորությամբ, բարի կամեցողությամբ կանգնած են մեր կողքին: Մարդկային իրենց որակներով զարմանահրաշ անձնավորություններ են: Հպարտ եմ, որ նրանք իմ ընկերներն են, մանկության ընկերները, ինձ շատ հոգեհարազատ մարդիկ: Կարելի է ասել, որ մեր ուսերին ծանրացավ հայրենի գյուղի հիմնախնդիրների լուծման դժվարին ու պատասխանատու բեռը, ինչը, փառք Աստծո, հաջողությամբ կարողանում ենք առաջ տանել: Հրաշալի մարդկանց հետ գործ ունենք, որ ոչինչ չեն խնայում գյուղի համար: Աշխատողները բարձր աշխատավարձ են ստանում: Առաջնահերթ աշխատանքի են ընդունվել համայնքի կարիքավոր ընտանիքների անդամներ: Առաջիկա 10-15 տարիներին շատ ծրագրեր ունենք համատեղ իրագործելու: Նրանք` մեր ընկերները, հիմնել են 150 հեկտար այգի, ինչն էլ իր հերթին նպաստեց, որպեսզի մեր բնակիչները դեմքով շրջվեն դեպի այգեգործությունը: Այսօր գրեթե ազատ հողատարածք չունենք: 80 տոկոսից ավելին նորատունկ այգիներ են, մնացածն այս տարի կլրացվի: Մի խոսքով, Գողթը մեծ առաջընթացի ճանապարհին է, ինչում մեծ լումա ունեն  Արմենը, Արսենը և Մարկոսը    : Ես ամեն առիթով մարդկանց համոզում, հորդորում եմ, որ գան գյուղում ներդրում անեն, արտադրություն հիմնեն, ինչի օգուտը երկկողմանի կլինի: Իսկ, առհասարակ, գյուղացին պիտի գյուղում ապրի, ոչ թե ձգտի դեպի մեծ քաղաքներ: Փառք Աստծո, Գողթն այսօր արտագաղթի խնդիր չունի…  
Վերջին տարիներին Գողթում բավականին աշխատանքներ են կատարվել: Պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվել է քարուքանդ եղած դպրոցի շենքը /187 մլն դրամ է ներդրվել/: Վերանորոգվել է մանկապարտեզը, ինչում պետության և համայնքի մասնաբաժինը, համապատասխանաբար, կազմել է 8 և 4 մլն դրամ: Մտադրություն կա նոր մանկապարտեզ կառուցելու, ինչը հրաշալի եռյակի հերթական բարի գործը կլինի գյուղի համար: Նախորդ տարի 9700 մ ջրագիծ է անցկացվել խմելու ջրի ցանցում, որտեղ ներդրված պետական միջոցները կազմել են 73 մլն դրամ, իսկ համայնքի և Մարկոսի ու Արմենի կողմից տրամադրվածը, համապատասխանաբար, եղել է 32 և 6 մլն դրամ գումար: Տղաները խոստացել են այս տարի փողոցների գիշերային լուսավորություն անցկացնել, ինչպես նաև աջակցել ճանապարհների ասֆալտապատման հարցում: Ոռոգման համակարգում բարելավում է իրականացվել: Ընթացիկ տարում խոստացել են պետբյուջեի միջոցներով 700 մ ճանապարհի ասֆալտապատում կատարել, մասնավորապես` դպրոց-մանկապարտեզ ճանապարհահատվածը: 
    -Իրոք, առանց ընկերների կյանքը ոչինչ է,- ասաց Արտավազդ Հակոբյանը,- և շատ բանի ենք հասնում զուտ ընկերների շնորհիվ: Ես շատ ընկերասեր եմ, ընկերներիս շատ եմ տեղ տալիս: Սիրում եմ նաև համայնքիս բնակիչներին: Առիթն օգտագործելով, ուզում եմ շնորհակալությունս հայտնել նրանց: Մենք շատ ենք կապված իրար, մեր շփումը շատ մեծ է: Ընկերական մեծ շրջապատ ունեմ: Ունեմ վստահելի, անշահախնդիր ընկերություն: Փոխադարձաբար ընկերներով իրար կողքի կանգնած ենք: Սակայն այդ առումով ես պարտք եմ ընկերներիս… Ընկերությունը թանկ է, պետք է ամեն գնով այն պահել-պահպանել: Որքան պինդ պահես-պահպանես, այնքան էլ կունենաս և՛ ամուր ընտանիք, և՛ հզոր երկիր: Լավ ընկերության արդյունքում են ծնվում բոլոր լավ բաները…
SHARE