Գնալով նվազում ենք ու կրճատվում

0
14

Բնակչության վերարտադրման ցավալի վիճակը կարող է տագնապալի աստիճանի հասնել…

 

  Հայերս կրճատվող ազգերի թվում ենք, և եթե բնակչության կրճատման տեմպերը նույնությամբ շարունակվեն, ապա շատ ժամանակ չի պահանջվի, որ Հայաստանում բնակչության թիվը հասնի ընդամենը 1 միլիոնի: Բնակչության վերարտադրման նվազման պատճառները, ըստ մասնագետների, տարբեր են ու բազմաթիվ:

  Մեր բնակչության տարեկան աճը 0,2 տոկոս է, մինչդեռ գոնե 1,5-2 տոկոս պետք է լինի, որպեսզի բնակչությունը կարողանա վերարտադրվել: Եթե դրա հետ մեկտեղ հաշվի առնենք նաև արտագաղթը, ապա այդ 0,2 տոկոս վերարտադրման աճն ամբողջությամբ չեզոքանում է, դեռ մի բան էլ ավելի է կրճատվում ընդհանուր բնակչության թիվը: Եթե նախկինում գյուղական շրջաններում նորապսակները պլանավորում էին 3-4 երեխա ունենալ, իսկ քաղաքում` 2-3, ապա վերջին տարիներին ցուցանիշները թե՛ գյուղերում, թե՛ քաղաքներում նույնն է` ընտանիքները սահմանափակվում են միջինը 2 երեխայով: Պատճառն, իհարկե, առաջին հերթին սոցիալականն է, քանի որ տվյալ խնդիրը բարդացել է, և մեծ ընտանիք պահելու համար ընտանեկան որոշակի բյուջե է հարկավոր:

  Մանկածնության հարցում իրենց դերն են խաղում նաև տվյալ ազգի մտածելակերպն ու ապրելակերպը: Միջազգային վիճակագրության համաձայն, եվրոպական շատ քաղաքակիրթ երկրներում, որտեղ բնակչությունն առավել ապահովված է, երեխաներ շատ քիչ են ծնվում: Անգլիայում, օրինակ, ամուսնացած զույգերի 15 տոկոսը երեխաներ չի պլանավորում: Նրանք ձգտում են մասնագիտական հաջողությունների ու կյանքը հնարավորինս վայելելուն: Բայց Հայաստանում, բարեբախտաբար, դեռ հայ կնոջ ու հայ տղամարդու կենսակերպում ու մտածելակերպում ավանդական ընտանիքի մոդելն ու զավակներ ունենալու ձգտումը գերակայում են: Միայն թե սոցիալական պայմանները ներեն` հայ ընտանիքներում շատ զավակներ կծնվեն:

  Այսօր նկատելի է, որ հայ երիտասարդներն սկսել են ուշ ընտանիք կազմել կամ ընդհանրապես չեն ամուսնանում: Փեսացուներն ու հարսնացուներն այդ առումով, կարելի է ասել, ծերացել են: Եթե առաջ աղջիկներն ամուսնանում էին 18-20, իսկ տղաները` 22-24 տարեկանում, ապա այսօր հարսնացուների միջին տարիքը հասել է 26-ի, փեսացուներինը` 29-ի: Բնականաբար, որքան ուշ են ամուսնանում, այնքան շատ երեխա ունենալու հավանականությունը քչանում է` կապված կնոջ որոշակի վերարտադրողական տարիքի հետ: Բացի դրանից, տարիքի հետ կնոջ օրգանիզմում տեղի ունեցող որոշ փոփոխությունների ու հիվանդությունների պատճառով հղիանալու հավանականությունը նվազում է:

  Մյուս կողմից` մեր օրերում ընտանիք կազմելու հնարավորություն բոլորին չի տրվում: Շատ տղամարդիկ և հատկապես կանայք ծերանում են` առանց ընտանեկան երջանկությունը վայելելու: Իսկ պատճառն արտագաղթն է: Պոտենցիալ փեսացու չկա, փեսացուների զգալի մասը դրսում է: Իսկ ովքեր չեն արտագաղթել, ունակ չեն ընտանիք պահելու: Դուրս գնացող հայ տղամարդն էլ ավելի հաճախ ամուսնանում է օտարի հետ: Դրսում երեք ամուսնությունից միայն մեկն է հայ կնոջ հետ լինում:

  Այս խնդրի լուծման համար նախ արտագաղթն է անհրաժեշտ դադարեցնել կամ պայմաններ ստեղծել, որ հայ տղամարդը շահագրգռված լինի Հայաստանում և հայ կնոջ հետ ամուսնանալ: Մասնավորապես, պետությունը կարող է այնպիսի ծրագիր մշակել, որով կխրախուսի հայկական ընտանիքների ձևավորումը հենց Հայաստանում: Այլ միջոցներ ևս պետք է գործադրել, որպեսզի տարիներ անց մենք չհայտնվենք կոտրած տաշտակի առջև:

  Մի խոսքով, բնակչության վերարտադրման բնականոն ընթացքն ապահովելու  խնդիրը համալիր լուծում է պահանջում, որը պետք է պետությունը նախաձեռնի ու իրականացնի հատուկ ծրագրերով: Դա պետք է լինի մեր ռազմավարական խնդիրներից առաջինը: