ԳՆԴԱԿԱՀԱՐՎԵՑ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀՈՒՅՍԸ

0
16

<<Հոկտեմբերի 27>>-ներ կլինեն, քանի դեռ քաղաքական դաշտում <<գրդոնչիները>> և  <<փափախ փախցնողները>> եղանակ են ստեղծում…

   Այսօր լրանում է տասներկու տարին այն անլուր ոճրագործության, երբ մի խումբ ստահակներ օրը ցերեկով բոլորի աչքի առաջ գնդակահարեցին երկրի վարչապետին, ԱԺ նախագահին, փոխնախագահներին և մի քանի այլ պաշտոնների…
     Հազարամյակների ընթացքում մեր ժողովուրդը վկան ու ականատեսն է եղել հայերի ձեռքով ազգի լավագույն իղձերը մարմնավորողների դեմ իրականացված բազմաթիվ հանցագործությունների, բայց 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն առանձնանում է ոչ միայն կատարման անմարդկային դաժանությամբ ու բացարձակ լկտիությամբ, այլև պետականության գոյությունը վտանգող հետևանքների ահագնությամբ: Առասպելաբանությունը պատմություն դարձրած մեր ժողովուրդը` օտարված հայրենի իշխանություններից, նրանց հակազգային գործունեության հետևանքով մատնված համատարած թշվառության, ամենքից ու ամեն ինչից հիասթափված, հավատարիմ միս ու արյուն դարձած ավանդույթներին, անօգնական վիճակից դուրս գալու ելքը դարձյալ տեսավ նոր առասպելներ ստեղծելու մեջ: Ի դեմս Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի, նա կերտեց ՈՒժեղ մարդու և ժողովրդի հոր մասին մերօրյա առասպելները` ապավինելով նրանց և ահավոր վիհից դուրս գալու երազանքի իրականացման Հույսը կապելով միմիայն այդ երկու անձանց գործունեության հետ: Եվ ահա, թափթփուկների ձեռքով գնդակահարվեց հենց այդ համաժողովրդական Հույսը, ազատ երկրում արժանավայել ապրելու Հավատը:
    Այն, ինչ կատարվեց հոկտեմբերի 27-ին, ահավոր է, իսկ այն, ինչ հաջորդեց ոճրագործությանը` նողկալի: Դեռ զոհերի արյունները չչորացած, սկսվեց պաշտոններ վերաբաշխելու մի գարշելի գործընթաց` ուղեկցված հոխորտանքներով, հնարավոր մեղավորների դեմ ուղղված սարսափազդու սպառնալիքներով, իրենց առաջնորդների համար վրեժխնդիր լինելու վճռականությամբ տոգորված երդումներով… Բայց բավական էր, որ, նրանց իսկ համոզմամբ, Գլխավոր կասկածյալը յուրաքանչյուրի երեսին մի յուղոտ պաշտոն շպրտի կամ ուսադիրների վրա մեկական աստղ ավելացնի, որպեսզի Սպարապետի ՙհավատարիմ զինակիցներն՚ անմիջապես դավաճանեն նրան և դառնան հլու-հնազանդ ծառաները Նրա, ում հենց իրենք էին համարում ոճրագործության հիմնական Կազմակերպիչը:
       Ոճրագործությունից հետո անցած տարիները վկայեցին, որ բացի զոհերի հարազատներից, գրեթե ոչ մեկին չի մտահոգում հանցագործության բացահայտումը: Շատերն անտարբեր են, ոմանք նույնիսկ այս դաժան ողբերգությունը դարձրին քաղաքական շահարկումների առարկա: Ուստի բնական էր, որ այսպիսի մթնոլորտում իրականացվող ՙնախաքննությունը՚ լոկ ծաղր էր արդարադատության հասցեին: Դեռ մինչև դատաքննությունն սկսվելը նրանք, ովքեր ծրագրել ու կազմակերպել էին ոճրագործությունը, արդեն իսկ ճգնում էին ամեն կերպ համոզել, թե մարդասպանների թիկունքում ոչ մի ուժ կանգնած չէր… Հայաստանում գրեթե ոչ ոք չի հավատում նաև, թե ոտքից գլուխ ծախված դատավորները կհամարձակվեին դատաքննությամբ բացահայտել ճշմարտությունը:
      Այո, լրացավ մեր նորագույն պատմության ողբերգական էջերից մեկի տասներկու տարին, սակայն, չնայած դրան և չնայած բազմամյա քննությանն ու դատավարությանը, միևնույն է, կասկածները, որոնք կան հասարակական գիտակցության մեջ, ոչ միայն չեն փարատվել, այլև առանձին հարցերում  ավելի են խորացել: Երիցս ճիշտ են պետականության ու ժողովրդի գոյատևմամբ մտահոգ բոլոր նրանք, ովքեր համոզված հայտարարում են, թե հոկտեմբերի 27-ի խնդիրն այն խնդիրն է, որը եթե բացահայտվի, ապա ոգեղեն նոր ուժ կտա ժողովրդին, հակառակ դեպքում դատապարտված ենք…
SHARE