Գործել, նվիրվել, հավատալ…

0
36

 Համայնքն էլ ընտանիք է, մի մեծ ընտանիք, որտեղ բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ պետք է տիրի…

Վճռականություն

watermarked_Nizami Harutin Karapetyan

  Նիզամի համայնքը Հարութին Կարապետյանը ղեկավարում է 2014-ի ապրիլից: Չնայած այդ կարճ ժամանակահատվածին, բայց, այնուհանդերձ, որոշակի աշխատանք կատարվել է: Մինչ այդ մասին խոսելը, պարոն Կարապետյանը  նշեց, որ շատ է սիրում իր գյուղը, ինչի ապացույցներից մեկն այն է, որ 2000 թ. ստեղծել է <<Նիզամի>> գյուղատնտեսական ասոցիացիան` փորձելով դրա միջոցով մի շարք միջազգային կազմակերպութունների հետ համագործակցության արդյունքում տեղում իրավիճակի բարելավմանն ուղղված համապատասխան քայլեր ձեռնարկել: Վարկեր են տրամադրվել ոչ թե գումարի, այլ ապրանքի տեսքով: Մասնավորապես` թունաքիմիկատ, պարարտանյութ, սերմեր, որոնց դիմաց գյուղացին փոխհատուցել է բերքն իրացնելուց հետո: Միաժամանակ, մատուցվել է անվճար խորհրդատվություն:

  Ահա, հիմնականում այս հանգամանքով էլ պայմանավորված գյուղացին իր վստահության քվեն տվեց նրան` ընտրելով համայնքի ղեկավար: Քաջածանոթ են  նրա ընդունելի գործելաոճին և մարդկանց նկատմամբ ճիշտ վերաբերմունք դրսևորելու հատկությանը: Ինչ վերաբերում է վերջին ամիսներին կատարված աշխատանքներին, ապա ասենք, որ դաշտամիջյան դժվարանցանելի ճանապարհն է վերանորոգվել, գլխավոր ճանապարհի գիշերային լուսավորությունն է անցկացվել: Եղել են դպրոցի կողքին, որտեղ երաժշտական ու պարի խմբակներ են բացվել: Վերջերս մարզպետի հետ պայմանավորվել են տեղում ոռոգման ցանցի ներդրման նպատակով համապատասխան ծրագրերում ներգրավվելու շուրջ:

  Պիլոտային` համայնքի զարգացման ծրագրով խմելու ջրի նոր ցանց պետք է կառուցվի, ինչի ուղղությամբ ևս աշխատանքներ տարվել և տարվում են: Գյուղապետարանի շենքն է մասնակի վերանորոգվել, մնացածը ևս ժամանակի ընթացքում ավարտի կհասցվի: Աղբահանության ոլորտում նկատելի տեղաշարժ ունեն` բնակիչների շրջանում բացատրական աշխատանք տանելով: Հարկերի հավաքագրման առումով են բարելավել ցուցանիշները: Գյուղացին վստահ է, որ բյուջետային գումարները նպատակային են ծախսվում` ի շահ համայնքի: Բացի այդ, զանազան առիթների և անհրաժեշտության դեպքերում օգնություններ են հատկացվում, խրախուսվում արժանավորները և այլն:

  Համայնքապետի նախաձեռնությամբ պարբերական հանդիպումներ են  կազմակերպվում, որպեսզի գյուղացին տեղեկանա արված աշխատանքների, առկա խնդիրների ու առաջիկա ծրագրերի մասին: Այսինքն, հնարավորություն է ստեղծվում, որ բնակիչն անմիջական մասնակից դառնա համայնքային կառավարմանը, իր հնարավորությունները ներդնի հիմնախնդիրների լուծման գործում: Հարութին Կարապետյանը կարևորում է բաց ու թափանցիկ աշխատաոճը, համայնքապետարանի աշխատակազմի նվիրյալ, արդյունավետ գործունեության ապահովումը: Գյուղապետարան` իրեն մտահոգող խնդրով  ոտք դրած գյուղացին բավարարված պետք է հեռանա, թեկուզ և` բարոյական, հոգեբանական աջակցություն ստացած:

  Պարոն Կարապետյանի համոզմամբ, ղեկավարը պետք է կիսի իր բնակչի հոգսը, մտնի նրա դրության մեջ, աջակցի հնարավոր ամեն ինչով, իսկ ամենակարևորը` այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ փոխվստահության, փոխըմբռնման ոգին առաջնորդի բոլորին: Բարոյահոգեբանական առողջ միջավայր ունենալն առաջնահերթ է, ինչի պարագայում հաջողությունը չի ուշանա: Շատ է ցանկանում` գլխավոր նպատակը համարելով գյուղի առաջընթացի ու զարգացման պատշաճ ապահովումը, որ Նիզամին լավագույն համայնքների, առաջատարների շարքում լինի: Գյուղն էլ մի մեծ ընտանիք է, որտեղ գյուղապետը, որպես գլխավոր, պետք է լավագույնս տիրապետի իրավիճակին և պատասխանատու լինի յուրաքանչյուրի համար: Գյուղաբնակը տեղական իշխանության միջոցով է ձևավորում իր կարծիքը երկրի, պետության բարձրագույն իշխանության հանդեպ, ուստի պիտի, պարոն Կարապետյանի վստահեցմամբ, լավ աշխատել, աչքաթող չանել մարդկանց հուզող խնդիրները:

  Հարութին Կարապետյանը անշահախնդիր ընկերության կողմնակից է և հենց այդպիսի ընկերություն էլ ունի: Ընտրովի պաշտոնում լինելն էլ լավ ընկեր լինելու, այդպիսի ընկերության արդյունք է: Նաև գյուղացին է իր լավ ընկերը: Բոլորի առջև պարզ ու բաց է: Ընկերական շրջապատն ընդլայնելուց առաջին հերթին գոհանում է այն մտքով, որ կարող է ավելին անել իր գյուղացու համար` ընկերների ուժերն ու  հնարավորություններն այդ նպատակին լավագույնս ծառայեցնելով: Համայնքի կյանքը բարեկեցիկ դարձնելու ծրագրերին զուգահեռ, մեծապես կարևորում է մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության խնդիրը, նրան ազգային մշակույթի, ավանդույթների ոգով սնելն ու առաջնորդելը: Մտահղացումներն իրականացնելու վճռականությամբ էլ լծվել է գործի և լավատեսությամբ առաջ է ընթանում…