Գործ, աշխատանք, նվիրում

0
96


Դիրքորոշում

Պատրաստ եմ իմ բաժին բեռը տանելու և պատասխանատվությունը կրելու

<<Ընկեր>>-ի հարցազրույցը ԱԺ պատգամավորի թեկնածու Աշոտ Ավետիսյանի հետ

-Այսօր, պարո՛ն Ավետիսյան, մեր երկրում մթնոլորտը նախընտրական շնչով ու շնչառությամբ է լցված, ինչը բնական ու հասկանալի իրավիճակ պիտի համարել: Բնական ու հասկանալի է նաև բոլորիս այն ցանկությունը, որ Ազգային ժողով գան արժանավորները, այնպիսի անհատներ, ովքեր, իրոք, ժողովրդի մատից փուշ կհանեն: Ծանոթ լինելով Ձեզ և Ձեր գործունեությանը, կարող ենք փաստել, որ գալով խորհրդարան, Դուք (և Ձեր նման մարդիկ) միմիայն պատիվ ու հեղինակություն կհաղորդեք բարձրագույն օրենսդիր մարմնին, ժողովրդի լեզվով ասած` պարզերես կանեք նրան: Քանզի հավատացած ենք, որ օրինաստեղծ աշխատանքի համար հարկավոր են նաև մարդկային բարձր որակներ, հասարակությանը ծառայելու և նրան օգտակար լինելու ազնվագույն դրսևորումներ, ինչն արդեն իսկ ապացուցել եք Ձեր ազգանվեր ու հայրենասիրական գործունեությամբ:

-Համամիտ եմ, անշուշտ, Ձեր այն պնդմանը, որ խորհրդարանում պետք է լինեն այնպիսի մարդիկ, ովքեր <<կնոպկա>> սեղմելու համար չեն հայտնվել այնտեղ և իրենց հստակ դիրքորոշումն ունեն, գաղափարապես կայուն են, սկզբունքային ու կանխատեսելի: Մանավանդ, որ սահմանադրական բարեփոխումներից հետո մենք ունենալու ենք այլ` ավելի բարձր գործառույթ ու պատասխանատվություն կրող խորհրդարան, ինչն իր հերթին գալիս է կարևորելու ընտրվելիք պատգամավորների ինտելեկտի ու սրտացավության, կենսափորձի ու անշահախնդրության հույժ անհրաժեշտությունը: Այսօր մեզ համար գերխնդիր է մնում` կառուցել իրոք ժողովրդավարական, զարգացած երկիր, որն ի վիճակի լինի իր քաղաքացու համար ապրելու ու գործելու բավարար, բարեկեցիկ պայմաններ ապահովել: Մենք լավ երկիր ու լավ ժողովուրդ ունենք, և մնում է այդ ամեն լավն առավելագույնս դրսևորելու և ներկայացնելու հնարավորություն ստեղծել: Հարկ է առաջնահերթ զարգացնել ու խթանել տնտեսությունը: Առանց աշխատելու, առանց ստեղծելու ոչինչ հնարավոր չէ անել: Ազգովի առևտրական ենք դարձել, առնել-ծախելով ենք զբաղված: Ո՜ւր մնաց աշխատող, ստեղծող ու նախաձեռնող հայը: Այսօր շատ բան ենք ներմուծում, ինչն ուղղակի անթույլատրելի ու կործանարար է մեր երկրի համար: Դրա փոխարեն պետ է մտածենք տեղական արտադրությունը զարգացնելու մասին: Միայն ներկրելով երկիր չեն պահի, էլ չեմ ասում զարգացման մասին: 25 տարին քիչ չէ, արդեն պետք է որոշակի արդյունքներ ապահոված լինեինք, բայց եղածն առայժմ բավարար ու գոհացնող չէ: Պահն է, ժամանակն է զգաստանալու և այս վիճակից դուրս գալու ճիշտ ու արդյունավետ ճանապարհներ փնտրել: Հուսով եմ, որ վերջին շրջանում կառավարության որդեգրած քաղաքականությունը հաջողությամբ է պսակվելու և արդյունքներ անպայման ունենալու ենք: Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ մեծ հույսեր եմ կապում, իմ ընկալմամբ շատ լավ մարդ է` բարձր ինտելեկտով, դրական էմոցիաներով: Ամենակարևորը` գործարար աշխարհից է, ինչը նշանակում է, որ բավարար ճանապարհ է անցել և լավ է պատկերացնում արտադրությունը, տնտեսությունը, կառավարման ոլորտը: Մեզ մնում է զինվել համբերությամբ, քանի որ ժամանակ է պետք. միանգամից ոչինչ չի լինում:

-Այդ խնդրում, անկասկած, յուրաքանչյուրս իր անելիքն ունի, պարտքի ու պարտավորության իր բաժինը, քանի որ բոլորս ենք պատասխանատու երկրում ստեղծված իրավիճակի համար: Մեր տեղում լինելով, մեր գործն անսխալ ու պարտաճանաչ անելով և, ի վերջո, երկրի քաղաքացու պատասխանատվություն ստանձնելով` կարող ենք ընդհանուր հաջողության հասնել, առաջընթաց ապահովել: Այդպես չէ՞:

-Անշուշտ: Մամուլն էլ ոչ պակաս կարևոր դերակատարում ունի, և ես մեծապես գնահատում եմ լրագրության դերն ու նշանակությունը: Ցանկությունս է, որ լրատվությունը լինի օբյեկտիվ, կշռադատված ու ճշմարտացի: Այո՛, աշխատանք և սեր ու նվիրում քո գործի նկատմամբ: Որտեղ էլ եղել եմ, իմ աշխատասիրությամբ կարողացել եմ ստեղծել, արարել: Ընդ որում, չեմ մտածել միայն իմ մասին, իմ բարեկեցության: Մեծ բանակ եմ, կարելի է ասել, ստեղծել` 400 աշխատատեղով, և այդ թիվը գնալով ավելանում է: Սևանի հացի գործարանը սիրված ու հեղինակավոր անուն է, նրա բրենդը` հարգի ու հանրահայտ: Ընդունելով ժողովրդի դժգոհությունը, միաժամանակ սխալ եմ համարում այն միտումը, որ այսօր մեզանում ցավալիորեն նկատվում է: Փնովել, կշտամբել, մեղադրել աջ ու ձախ, սակայն սեփական անձի պատասխանատվության մասին ոչինչ չակնարկել, սեփական մեղքի բաժինը չընդունել: Մի խոսքով, ոչինչ չանել, ոչ մի դրական քայլ, բայց դրա փոխարեն միայն ու միայն բամբասել, պահանջել: Եթե մենք միասին ենք, ամեն մեկս իր տեղում է, իր հնարավորությունների չափով անում ու ստեղծում է, ապա խնդրի առաջ չենք կանգնի և կունենանք մեր ուզած երկիրն ու պետությունը: Երկիրը հավասարապես բոլորինս է, ուստի և հավասարապես պետք է շահագրգռված լինենք նրա զարգացման ու շենացման համար: Ոչ ոք մեր փոխարեն մեր երկիրը չի կառուցի` պատրաստի տա մեզ:

-Ինչո՞վ էր պայմանավորված ԱԺ ընտրությունների ՀՀԿ ռեյտինգային ցուցակում ընդգրկվելը:

-Ոչինչ, բնականաբար, հենց այնպես կամ պատահական չի լինում: Անկեղծ ասած, ցանկություն ունեի առաջադրվելու և ընտրությունս կանգ առավ Հանրապետական կուսակցության վրա: Պետք է ընդունել, որ այսօր երկրի ղեկավարման ամենաբարձր մարդկային ռեսուրսը ՀՀԿ-ն ունի: Ճիշտ է, նշեցի, որ բավականին լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած և արդարացի է այդ առթիվ մարդկանց, մեր ժողովրդի դժգոհությունը, բայց և պիտի ընդունել, որ դա նաև իր օբյեկտիվ պատճառներն է ունեցել ու այսօր էլ ունի: Փաստ է, գնալով մարդկային գիտակցությունը զարգանում, կատարելագործվում է, բայց կարծես թե երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, կյանքի որակը դրան այնքան էլ համահունչ ու համապատասխան չեն: Ահա այս առումով դժգոհությունը տեղին ու արդարացի է: Բոլորն էլ ուզում են լավ ապրել, իսկ դրա համար պետք է աշխատել, արարել, ստեղծել: Ես, օրինակ, զարմացած եմ գյուղացու վրա: Գյուղացին պիտի (ի՛ր ճակատագիրն է) միշտ աշխատի, մինչդեռ տեսնում ենք, որ գյուղում ապրողն այսօր, ասենք, կով չի պահում, հող չի մշակում: Այս պարագայում ինչ արժի նրա գյուղում մնալը կամ գյուղացի կոչվելը… Չէ՞ որ պետք է աշխատել, չարչարվել: Գյուղն իր խնդիրը պիտի ունենա, իր համուհոտը, քաղաքն` իրենը: Կարծում եմ, որ գյուղը պիտի զարգանա, որպեսզի քաղաքն էլ դրա արդյունքում կամ նրա օրինակով առաջընթաց ապրի: Պետք է սկսել գյուղից, իսկ դրա համար համապատասխան, ես կասեի` արմատական փոփոխություններ են անհրաժեշտ: Գյուղացու մեջքն այսօր ջարդված է, պետք է ձգել, տեղը գցել այն: Գյուղը շենացավ, կշենանա նաև քաղաքը:

-Ի՞նչն եք առաջնահերթ կարևորում և ինչպիսի՞ փոփոխություններ եք տեսնում Հայաստանն այս վիճակից դուրս բերելու ճանապարհին:

-Ըստ իս, պետական միջամտությունն ու աջակցությունը բոլոր հարցերում պետք է գերակա լինեն: Սկսենք վարկերից. դրանք պետք է ուղղվեն դեպի գյուղ, գյուղատնտեսության ոլորտ: Հողից առավելագույն եկամուտ պիտի ապահովել, ինչի համար գյուղացին իրեն պաշտպանված պետք է զգա` մշտապես ստանալով պետության աջակցությունը: Վա՞տ էին, արդյոք, նախկին կոլխոզները: Ամենևին, և՛ հողն էր մշակվում, և՛ մարդն աշխատանք ուներ: Այսօր կոոպերատիվներ են ստեղծվում, ավելի շատ` պարտադրանքով: Լինելով գյուղացի, ես այլ ելք, այլ տարբերակ չեմ տեսնում: Մեր` Լճաշենի օրինակը բերեմ: Գյուղի ինչ-որ մաս մշակված է, մի այլ հատված` անմշակ, մյուսը` կիսով չափ: Գյուղացին դեմ չի լինի, կարծում եմ, որ եղածը միավորվի, կոլեկտիվ տնտեսություն ստեղծվի, ինքը գնա աշխատի և իր աշխատավարձն ստանա: Համոզված եմ, որ կգա այդ ժամանակը, երբ ամեն ինչ իր տեղն ընկած կլինի:

-Կարծում ենք, որ պատգամավոր դառնալով Ազգային ժողովում կբարձրաձայնեք այդ ամենի մասին և հետևողական կլինեք, որպեսզի երկրի, պետության ու ժողովրդի շահերից բխող օրենքներ ու օրենսդրական փաթեթներ ընդունվեն:

-Միանշանակ: Երկար տարիների իմ աշխատանքային փորձառությունը և վերջապես հարուստ կենսափորձը ինձ մեծապես կօգնեն այդ գործում: Ես, պարզապես, տեղս հանգիստ չեմ կարողանա նստել, մինչև որևէ արդյունք չտեսնեմ, մինչև չհասնեմ բարձրացրածս հարցի վերաբերյալ բավարար պատասխան ստանալուն: Աշխատանքը մնում է աշխատանք. վաղն, ասենք, խորհրդարանում կլինեմ, նույնպիսի եռանդով ու պատասխանատվությամբ կաշխատեմ այնտեղ, արժանապատվությամբ կտանեմ իմ բաժին բեռն ու պարտականությունը: Այլ ճանապարհ չեմ տեսնում:

-Ինչպե՞ս եք վերաբերվում նախընտրական քարոզարշավի կազմակերպմանը:

-Մեծապես կարևորում ու գնահատում եմ քարոզարշավի դերը տվյալ գործընթացում: Մարդկանց, որ քեզ ընտրողներն են կամ չընտրողները, պետք է հանդիպել, անպայման հաշվի առնել նրանց կարծիքն ու ցանկությունը: Չկողմնորոշվածներ, անշուշտ, կան, ուստի տվյալ հանդիպումը երկուստեք կարևոր ու անհրաժեշտ է: Դեմ առ դեմ հանդիպումը, անմիջական շփումն ու երկխոսությունը մեծ նշանակություն ունեն, ուսանելի, անգամ` դաստիարակչական շատ բան ունեն իրենց մեջ: Պատգամավորի համար որքան էլ առաջնահերթ լինի օրինաստեղծ գործունեությունը, միևնույն է, նա անտարբեր չի կարող լինել իր գյուղի, իր մարզի, իր երկրի և, վերջապես, իր շրջապատի մարդկանց հուզող ու անհանգստացնող խնդիրների, անգամ` առօրեական հոգսերի նկատմամբ: Ստացվում է, ըստ էության, բազմաբովանդակ գործունեություն` լայն, անչափ լայն շրջագծով, հարցերի ու խնդիրների բազմազանությամբ: Մի խոսքով, պետք է աշխատել, շատ աշխատել: Պարտավոր ես լինել բոլոր այն մարդկանց կողքին, ովքեր օգնությանդ կարիքն ունեն և ապավինում են քեզ: Անկեղծ ասած, այսօր էլ այդ ամենից հեռու չեմ:

-Իրոք, Ձեր գործունեության ընթացքում եղել եք մարդկանց կողքին կանգնած ու այսօր էլ նրանց հոգս ու ցավից անբաժան եք: Այսինքն, կտրված չեք ժողովրդից, նրա մեջ եք, նրա մի մասնիկը: Անում եք անգամ ավելին` չխնայելով Ձեր ունեցած հնարավորությունները, անձնական միջոցները, ընդ որում` անշահախնդիր, առանց որևէ միտումի կամ հավակնության…

-Ընդհանրապես, բարեգործությունը մարդուն տրված Աստծո շնորհ է, որն իմ մեջ է, իմ բնույթից անբաժան: Արել և անում եմ այն, ինչ հնարավորությանս սահմաններում է: Անում եմ սրտանց` առանց որևէ ակնկալիքի: Ոչ միայն հարազատ գյուղիս, այլև մարզի կտրվածքով եմ բարեգործությամբ զբաղվում: Լավ եմ զգում ինձ, երբ կարողանում եմ մարդկանց օգտակար լինել, ձեռք մեկնել, իմ մասնակցությունն ունենալ բարի գործերում: Անում եմ` առանց այդ մասին բարձրաձայնելու: Ժողովուրդը տեսնում և գնահատում է, պետք չէ, որ ես կանգնեմ հրապարակում և ասեմ, թե այս արեցի, այն արեցի: Այդ ամենն իմ կենսակերպն է, իմ հավատամքը: Ասելու, խոստումներ տալու փոխարեն` գործ, աշխատանք, նվիրում: Իմ կենսագրությունը, արած-դրածը բոլորի աչքի առաջ են` բաց, թափանցիկ, առանց որևէ բան թաքցնելու: Պատգամավորի հավակնություն ունենալն արդեն իսկ բարձր պատասխանատվություն է, և ես լավ պատկերացնում եմ դա: Գալիս ես ժողովրդից և գնում դեպի… ժողովուրդը: Եթե մի պահ անգամ կտրվեցիր նրանից, փորձեցիր քեզ վեր դասել քո շրջապատից, ձախողման ես դատապարտված:

-Գաղտնիք չէ, որ ընտրական գործընթացներում, ցավոք, դեռևս տեղ են գտնում բացասական երևույթներ, մասնավորապես` ընտրակաշառքի դեպքեր, որոնք ստվեր են գցում տվյալ քաղաքական իրադարձության և, ընդհանրապես, մեր երկրի վարկի ու հեղինակության վրա: Ինչպե՞ս պայքարել դրա և մնացած անցանկալի երևույթների դեմ:

-Արգահատելի ու դատապարտելի է հատկապես ընտրակաշառք կոչվող չարիքը: Դրանում հիմնական մեղավոր համարում եմ ժողովրդին, չնայած դա լավ օրից չի գալիս: Անհանդուրժելի է ինչ-որ գումարի դիմաց այդքան ցածրանալը և, ըստ էության, քո ապագան վաճառքի հանելը: Մինչև դա չվերանա, ընտրությունների դրական արդյունքի մասին անիմաստ կլինի խոսելը: Ինքն իրեն հարգող, փոքր-ինչ արժանապատվություն ունեցող մարդը երբեք նման քայլի չի գնա, չի արատավորի իր անունը և հոգու ու խղճի առաջ մեղք չի գործի: Ինչ վերաբերում է ինձ, ապա իմ անցած ճանապարհը, կենսափորձը, ստացած կրթությունն ու դաստիարակությունը երբեք թույլ չեն տա նման <<կեղտի>> մեջ թաթախվելու անգամ փորձ անել: Մտքովս չի անցել ու չի էլ կարող անցնել: Իմ շրջապատի մարդիկ էլ, ինձ ընտրողներն իրենց հերթին, հավատացած եմ, ինձ այդ դերում չեն կարող պատկերացնել և իմ կողմից այդպիսի վերաբերմունք չեն սպասում, նման ակնկալիք չունեն: Մի խոսքով, չեմ ընդունում և կտրականապես դեմ եմ ընտրակաշառքին, կեղծ բարեգործությանը: Լավ եմ հասկանում, որ իմ այդ մոտեցումը կարող է նաև վնասել ինձ, քանի որ, այնուհանդերձ, ընտրակաշառքի դեպքերը մեզ այդպես էլ չեն շրջանցում: Բայց և ինձ հուսադրում եմ, որ անգամ գումարը վերցնելու դեպքում մարդկանց մեջ կհաղթի առողջ տրամաբանությունը` ի վերջո, չեն մեղանչի իրենց խղճի առջև, ճիշտ ընտրություն կկատարեն և կընտրեն արժանավորին: Ուզում եմ հավատալ և հավատացնել, որ գումար վերցնողների մեծամասնությունը հենց այդպես էլ անում է:

-Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք ընտրություններից և ինչպիսի՞ ցանկությամբ ու բարեմաղթանքներով կկիսվեք <<Ընկեր>>-ի ընթերցողների հետ:

-Այս ընտրություններն առանձնակի նշանակություն ու կարևորություն ունեն մեր երկրի, մեր պետության, ինչպես նաև մեր ժողովրդի համար, ուստի և ամենաառաջին մեծ ցանկությունս այն է, որ յուրաքանչյուր ընտրող իրեն հաշիվ տա և մեծ պատասխանատվությամբ մոտենա շրջադարձային այս իրադարձությանը: Հաջորդ կարևորագույն ցանկությունս է, որ, ինչպես արդեն առիթ ունեցա նշելու, Ազգային ժողով գան, իրոք, ժողովրդի հոգս ու ցավով ապրող, մեր երկրի հզորացմամբ ու շենացմամբ շահագրգիռ քաղաքական ուժեր և առանձին անհատներ: Առաջնորդողը պետք է լինեն հայրենասիրությունը, ազգասիրությունը, անշահախնդիր նվիրումն ու անկեղծ ձգտումը: Այսօր առաջին գծում պետք է լինեն այն մարդիկ, ովքեր պատրաստ են անտրտունջ կրելու իրենց բաժին բեռը և պատասխանատվությունը, ովքեր գերադասում են հայրենի երկրի, ժողովրդի շահը և Հայաստանը տանելու են անշեղ զարգացման ու առաջընթացի ուղիով: Հավատացած եմ, որ ինչ էլ լինի` կհաղթեն առողջ տրամաբանությունն ու անսխալ կողմնորոշումը, կշռադատված միտքն ու սթափ մոտեցումը, ինչի արդյունքում կարող ենք վստահ լինել, որ մեր երկրի ապագան հուսալի ու ամուր ձեռքերում է: Ամփոփելով միտքս, ընդգծեմ մեկ անգամ ևս, որ իմ ժողովրդին շատ եմ սիրում և շատ եմ ուզում, որ նա լավ ու բարեկեցիկ կյանքով ապրի: Որքան բարվոք ու ապահով դառնա մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը, այնքան լավ բոլորիս և առաջին հերթին բարձրագույն իշխանության, երկրի նախագահի, կառավարության և իշխող Հանրապետական կուսակցության համար: Ահա այս առաջնահերթությամբ էլ մեկ անգամ ևս բարձրաձայնեմ իմ կոչն ու հորդորը մեր ժողովրդին` խղճի ու առողջ մտքի թելադրանքով ճիշտ ընտրություն կատարել, աներեր հավատով ու բարձր վստահությամբ գնալ ընտրատեղամասեր…

Ռուզաննա ՄԱՆՈՒԿՅԱՆ

SHARE