Դաստիարակում ենք երկրի արժանավոր քաղաքացիների

0
23

Դպրոց
Դժվարություններն ու փորձությունները մարդուն ավելի են կոփում…

  Ինչպես ամեն տարի, այնպես էլ 2011-ի տարեվերջին տեղի ունեցավ Դու քենդո ֆուլ կոնտակտ կարատեի տարեվերջյան ամփոփիչ միջոցառում-մրցանակաբաշխությունը: Ամփոփելով տարվա աշխատանքները, ֆեդերացիան մրցանակներ հանձնեց աչքի ընկած լավագույն մարզիկներին, մարզիչներին, միջազգային մրցաշարերում մրցանակային տեղեր գրավածներին: Այս միջոցառումը, որն ավանդական է դարձել, նաև ֆեդերացիայի 15 տարին երի քրտնաջան աշխատանքով է պայմանավորված: Այսօր մեծահասակների կողքին շնորհավորանքների ու պարգևների են արժանանում նաև երիտասարդ մարզիկները: Նրանք, ովքեր աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում բարձր են պահել մեր երկրի մարզական պատիվը և հաղթանակներով տուն դարձել: Ընդ որում, հիմնականում շահել են գլխավոր մրցանակներ, ինչի համար աշխարհի շատ երկրներում բարձրացվել է Հայոց եռագույնը և հնչել հայկական հիմնը: 

  Ֆեդերացիայի նպատակն անչափ գնահատելի ու խրախուսելի է` դաստիարակել երեխաների, նրանց կտրել փողոցից, դարձնել հոգով ու ֆիզիկապես ուժեղ մարդիկ, հայրենասիրություն սերմանել, հարգանք` մարդկանց նկատմամբ: Ի վերջո, մեծացնել այնպիսի սերունդ, որն իր երկրի ու պետության համար օգտակար ու պիտանի լինի: Մրցանակներ հանձնվեցին աշխարհի 4 չեմպիոնների, 11 լավագույն մարզիկների, 17 լավագույն երիտասարդ մարզիչների, միջազգային տարբեր մրցաշարերի մասնակցած և 1-ին, 2-րդ տեղեր գրաված 38 մարզիկների: Այս անգամ որոշվել էր շնորհակալական մրցանակներ հանձնել բոլոր հաղթողներին: Ինչպես նշեց միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը , ուղղակի առանձնացրել էին այն մարզիկներին ու մարզիչներին, ովքեր աչքի էին ընկել իրենց օրինակելի վարքագծով, լավ հանդես եկել մրցաշարերին, մարզումներին լավ պահվածք դրսևորել, իրենց ուսումնական հաստատություններում բարձր առաջադիմություն ցուցաբերել.<<Մրցանակներ հանձնելիս հաշվի է առնվում ամեն բան: Այստեղ մարզական ունակությունը որոշակի տոկոս է կազմում: Ֆեդերացիայի հիմնական նպատակն է երեխաներին գաղափարապես դաստիարակված անհատներ դարձնել: Մարզական պատրաստվածությունն, ինչ խոսք, շատ կարևոր է, բայց և զուգահեռաբար մնացած աշխատանքն էլ ենք տանում, հատկապես ուշադրություն ենք դարձնում դպրոցում ստացած կրթությանը: Մեզ անգրագետ աշխարհի չեմպիոններ պետք չեն: Կարևոր են կիրթ պահվածքը, վարվելակերպը և այլն: Հասարակության մեջ ևս մեր սանը պետք է օրինակելի լինի: Հոգեբանական պատրաստվածությունը նույնպես մեծ կարևորություն ունի` իր հայրենիքին, իր երկրի բանակին ծառայելու սրբազան պարտականության գիտակցությամբ: Լիդեր` բոլոր առումներով: Անհանդուրժող` անօրինականությունների, անարդարությունների հանդեպ: Պետք է դաստիարակենք այնպիսի սերունդ, որպեսզի ունենանք մեր երազած երկիրն ու պետությունը: Այսօր մեր սաների թիվը հասնում է 7 հազարի: Նշածս նպատակների իրականացմանն իրենց հերթին նպաստելուն են կոչված նաև մեր ֆիլմերը: Դրանցում կարևորը սուպերմենական կերպար ստեղծելն է: Խորհրդանիշ` անարդարության դեմ պայքարի, բարու հաղթանակի ճանապարհին: Մրցանակներ հանձնեցինք նաև վերջին ֆիլմում նկարահանված դերասաններին…>>:
  Բարձր արդյունքների, հաջողությունների հասնելը պայմանավորված է համատեղ աշխատանքով: Ըստ պարոն Վարդանյանի, ցանկացած գործի հաջողության գրավականը ընկերական միջավայր ստեղծելն է: Միջոցառման դահլիճը լեփ-լեցուն էր: Այնտեղ նաև իր ընկերներն էին, ընկերներ, որ միշտ իրար կողքի են: Համենայնդեպս, Գոռ Վարդանյանի համար առաջնայինն ընտանիքն է, ապա` ընկերական շրջապատը:
Վերջինս իր համար գաղափարական հզոր արժեք է: Ամեն մեկը չի կարող ընկեր ունենալ կամ ընկեր դառնալ: Պիտի կարողանաս զիջել, քեզ նեղություն տալ: Առանց ընկերության չի կարող պատկերացնել իր կյանքը: Ընկերությունն այնպիսի դեր ունի մարդու կյանքում, որ շատ հաճախ անբացատրելի է. <<Ունեմ ընկերական մեծ շրջապատ: Ինչի հասել եմ, նաև ընկերներիս շնորհիվ է: Հարկ եղած դեպքում ընկերներս կողքիս կանգնած են, ինչի դեպքում քեզ ավելի հզոր ու ուժեղ ես զգում: Աստված է ինձ նման լավ ընկերներ պարգևել: Ընկերներիդ սեր ու ջերմություն պիտի տաս, կանգնես կողքներին: Ուժեղ մարդիկ են ընկերներ ունենում: Թույլերը, վախկոտները ընկերությունից հեռու մարդիկ են: Մարզաշխարհի մարդիկ հիմնականում լավ ընկերներ են լինում, որովհետև դժվարությունների ու փորձությունների միջով են անցնում: Ընդ որում, միասին են հաղթահարում այդ փորձությունները, ինչպես մարտի դաշտում է լինում: Այս ընկերությունն ամենաթանկն ու ամենանվիրականն է: Ահա, մեր մարզիկներին դաստիարակում ենք այդպիսի ընկերներ լինել…>>:
SHARE