Դեղորայքով չես բուժի

0
16

Եթե հոգուդ ջերմությունը չփոխանցես հիվանդին, նրան մարդկային վերաբերմունք չցուցաբերես…

Վերաբերմունք

  -2011 թ. դեկտեմբերից ղեկավարում եմ այս բուժհաստատությունը,- մեզ հետ զրույցում ասաց <<Արմավիրի բժշկական կենտրոն>> ՓԲԸ տնօրեն Սարգիս Խաչատրյանը:- Այս մի քանի տարվա ընթացքում կարողացել ենք շտկել իրավիճակը, եթե, մասնավորապես, նկատի ունենանք, որ կենտրոնի 88 մլն դրամ պարտքն ամբողջությամբ մարել ենք: Եթե նախկինում վճարովի ծառայությունները լավագույնը 3 մլն դրամի էին հասնում, ապա այսօր անցնում են 10 մլն-ից: Լավ աշխատելու դեպքում ժողովրդի գնահատականը չի ուշանա: Պետք է բացառել ստվերը և նեղ անձնական, սեփական գրպանի շահը երբևէ չգերադասել ընդհանուր շահից, առաջին հերթին մտահոգվել հաստատության հեղինակության, նրա ֆինանսական կայունության ապահովման խնդրով: Այս գիտակցությամբ է առաջնորդվում  կենտրոնի բուժանձնակազմը, ահա թե ինչով է հիմնականում պայմանավորված մեր ունեցած հաջողությունը: Պատասխանատվությամբ ենք մոտենում մեր աշխատանքին, մեր պարտականությունների կատարմանը, գործը լիարժեք, մինչև վերջ ենք իրականացնում: Նաև մարդկային լավ հարաբերություններ պետք է դրսևորել, գնահատել մարդուն, ընկերոջը` լրջորեն, արժանապատվության բարձր գիտակցումով: Երբ ստանձնեցի կենտրոնի ղեկավարումը, մոսկվաբնակ ընկերներիս նախաձեռնությամբ ու առաջարկով համատեղ 75 հազար դոլար արժողության <<ԷՈՒՊ>> ապարատը գնեցինք` որպես նվեր մեր բուժհաստատությանը: Այս սարքի շնորհիվ, ասենք, 4 ժամվա վիրահատությունն արվում է 1 ժամ 20 րոպեում, մնացած առավելությունների մասին էլ չեմ ասում, որոնք էապես հիվանդի օգտին են: Այո, ընկերությունն այդպիսին պետք է լինի`ձեռք մեկնող, ընկերոջ դրության մեջ մտնող, նրա հոգսը կիսող, մի խոսքով` գիտակից, անձնվեր, պատասխանատու: Ընկերներս իրապես մտահոգ են կենտրոնի հաջողությունների ապահովման հարցում, իրենք են օրինակ ծառայում, առաջ ընկնում, որպեսզի ֆինանսապես կայունանանք ու լիարժեք գործունեություն կարողանանք ծավալել: Իսկական ընկերը քո ունեցած խնդիրը լուծող, քո հոգսը թեթևացնող պետք է լինի, այլ ոչ թե ընդհակառակը: Ընկերներս, փառք Աստծո, այդպիսին են` բարի, սրտացավ, աջակից ու օգնական: Ընկերը հոգու բալասան է: Ձգտում ես ընկերության, որպեսզի մենակ չլինես, կողքդ մարդ լինի: Ընկերության պահպանման համար ջանքեր պետք չէ գործադրել, պարզապես, պետք է ճիշտ, իսկական ընկեր լինել` ազնիվ, սրտակից, անկեղծ: Բժշկի մասնագիտությունը պարտադրում է նաև հիվանդիդ ընկերը լինել, նրան որպես ընկերոջ վերաբերվել ու գնահատել: Հիվանդը հարգում է բժշկին, երբ հավատում է նրան, իսկ հավատն ստեղծվում է շփումների արդյունքում, երբ նրան որպես հարազատի ես մոտենում, անկեղծ ու սրտակից ես նրա հետ: Այսինքն, նրան վերաբերվում ես` ինչպես ընկերոջը, ինչպես հարազատի, նրան հույս ու հավատ ես ներշնչում: Ինձ հետ, պիտի խոստովանեմ, հենց այդպես էլ լինում է` հիվանդներս տարիներ հետո էլ չեն մոռանում ինձ, կապը պահպանվում է, մտերմական հարաբերությունները չեն ընդհատվում: Բուժման  ընթացքում ընկերաբար վերաբերվելն առավել քան էֆեկտիվ է, ես կասեի` ամենամեծ գործոնը հաջողության հասնելու ճանապարհին: Դեղորայքով չես բուժի, եթե հոգուդ ջերմությունը չհաղորդես հիվանդին, նրան մարդկային վերաբերմունք չցուցաբերես: Մեր ազգին շատ բնորոշ է այդ հատկանիշը` ընկերությունը, կարելի է ասել, որ մարդկային փոխհարաբերություններում անգամ առաջին պլան է մղվում: Ցավոք, գնալով մարում է, օտարանում այդ զգացումը: Հիշում եմ հորս ընկերությունը, որ շատ պայծառ հիշողություններ է թողել իմ մեջ: Ժամանակները փոխում են նաև այդ հարաբերությունները, որքան էլ դա մենք չուզենանք: Համենայնդեպս, մեր ծնողներից շատ լավ հատկանիշներ ենք ժառանգել և պարտավոր ենք դրանք հավատարմորեն կրել ու փոխանցել մեր երեխաներին…

   Պարոն Խաչատրյանի հետ մեր զրույցից նաև տեղեկացանք, որ այսօր ավելացել են սիրտ-անոթային, նյարդային համակարգի և դրանցից բխող հիվանդությունները:  Ուռուցքային հիվանդությունները` նույնպես: Այդ ամենը պայմանավորված է մարդկանց ապրելակերպի ոչ այնքան բարվոք պայմաններով, ապրուստի օրեցօր ծանրացող խնդիրներով: Այդ հիվանդությունները, ինչպես ընդունված է ասել, երիտասարդացել են: Կենտրոնը հնարավորինս ընդառաջում է բոլոր դիմողներին` ելնելով մարդկանց սոցիալ-տնտեսական անապահով վիճակից, կիրառվում են մեծ զեղչեր: Ահա թե ինչու հիվանդների մեծամասնությունը նախընտրում է այստեղ դիմել, այլ ոչ թե մայրաքաղաքի բուժհաստատություններ: