Դեմքով դեպի գյուղը, գյուղացին

0
20
Վերադառնանք մեր արմատներին և գնահատենք հայրենի բնաշխարհի անհուն գանձերը…

Բնօրրան
<<Գևորգ Աբրահամյանին երկու տարի է, ինչ ճանաչում եմ: Գևորգը պատահական այցելել էր Դվին համայնք` ցանկություն հայտնելով բնակվել այստեղ: Բնակություն հաստատելուց հետո ծանոթացել ենք: Առաջին իսկ օրից մտահոգվել է համայնքի հոգսերով, կենցաղով, բնակչության, հատկապես երեխաների ապրելակերպով և ցանկացել նրանց համար ինչ-որ լավ բան անել: Գյուղի զբոսայգում խաղահրապարակ է կառուցել` երեխաներին խաղալու հրաշալի հնարավորություն ընձեռելով: Մշակույթի տան բարեկարգման առումով է նախաձեռնություն հանդես բերել: Օգնել է ձեռք բերելու նստարաններ, մտադիր է անմխիթար վիճակում գտնվող մշակույթի տունը համատեղ ուժերով վերանորոգել, կարգի բերել: Գևորգը, այլ երկրի քաղաքացի լինելով, այսօր բնակվում է Հայաստանում և ՀՀ քաղաքացի է, շատ-շատերից ավելի շատ է մտահոգված մեր գյուղով ու նրա բնակիչների ապրելակերպի խնդիրներով: Մշակույթի տան վերանորոգման հարցի լուծումը շատ մեծ նվեր կլինի նրա կողմից մեր համայնքին: Դրանով, անշուշտ, կվերականգնվի մեր երբեմնի մշակութային կյանքի եռուզեռը: Գևորգի օգնությամբ խմբակներ են բացվել: Արդեն իսկ անգլերենի դասավանդում է անցկացվում: Սեպտեմբերից սկսել է գործել նաև պարսկերենի դասարանը: Սա արդեն մեծ ներդրում է մեր համայնքի համար>>,- մեզ հետ զրույցում ասաց Դվին համայնքի ղեկավար Արծրուն Աբրահամյանը

Մեր զրույցը շարունակեցինք Գևորգ Աբրահամյանի հետ` հետաքրքրվելով, բնականաբար, թե ինչու որոշեց բնակվել Դվինում և համայնքին աջակցելու նման մեծ պատրաստակամություն ու ձգտում դրսևորել: 
-Արդեն 10 տարի է` բնակվում եմ Հայաստանում,- ասաց նա:- Լրագրող եմ, թարգմանիչ, ուսուցիչ, Իրանի Իսլամական Հանրապետության հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչը Հայաստանում: Նախ, մի ճշտում` այդ խաղահրապարակը իմ ուժերով չէ, որ ստեղծվել է: Ես, ուղղակի, մարդկանց` բարեկամ, ծանոթ, հարազատ, խնդրել եմ, որպեսզի օգնեն ինձ այդ հարցում: Չէի կարող անտարբեր մնալ, երբ երեխաները նման տարրական հաճույքից զրկված էին: Գյուղապետի հետ որոշեցինք այդպիսի մի ծրագիր իրականացնել, և դա շատ արագ ստացվեց: Գյուղապետարանը ձեռնարկեց և իրականացրեց: Ունեմ շատ ընկերներ ու բարեկամներ, ովքեր գումար նվիրեցին: Օգնել են նաև ազգությամբ պարսիկ ընկերներս: Նրանք, լինելով այստեղ, հիացան գյուղով և ցանկություն հայտնեցին օգտակար լինել: Խաղահրապարակի կառուցմանը 15 բարի մարդիկ աջակցեցին: Անգամ փոքր գումար ներդնելով կարելի է հաճելի ու մեծ գործի մասնակից դառնալ: Մշակույթի տան հարցում էլ նույն մեխանիզմն է գործելու: Քանի որ մեծ գումար է պահանջվելու, սկզբնապես միայն դահլիճն ենք վերանորոգելու, որտեղ երեխաները կկարողանան պարապմունքներ անցկացնել: Ընկերներ ունեմ Անգլիայում, Շվեդիայում, Կանադայում, և նրանք ներկայումս զբաղված են հանգանակության գործով… Ինչ վերաբերում է այստեղ հաստատվելուն, ապա ասեմ, որ դա շատ պատահական ստացվեց: Միշտ էլ գյուղում տուն ունենալն ինձ համար երազանք է եղել: Գնել եմ Երևանի բնակարանս  վերանորոգող մի դվինցու տունը: Այն շատ անմխիթար վիճակում էր: Վերանորոգելուց հետո մտածում էինք շաբաթ-կիրակի գալ, հանգստանալ, բայց գյուղը միանգամից  այնքան կլանեց մեզ, այնքան հետաքրքրեց, գյուղացիներն այնպիսի պարզություն ու մաքրություն ցուցաբերեցին, այնքան հաճելի էր նրանց հետ շփվելը, որ որոշեցինք հաստատվել հենց այստեղ: Մարդը, որտեղ էլ գտնվի, պետք է իր հետևից բարի հետք թողնի, արժանի գործ անի: Ամեն մեկս, հաստատ, այս երկրի վրա մեր առաքելությունն ունենք: Ինձ թվում է, Հայաստանում և, մասնավորապես, Դվինում հայտնվելս նախախնամության կամքով էր, ուստի և, ինչ արվում է, պետք է արվեր… Ուզում եմ շեշտել պարոն Արծրուն Աբրահամյանի անսահման վստահությունն իմ նկատմամբ, ինչն ինձ ոգևորում է և ստիպում շատ ու շատ լավ գործեր նախաձեռնել: Փոխվստահության դեպքում ցանկացած ծրագիր հաջողությամբ է պսակվում: Հպարտ եմ, որ պարոն Աբրահամյանի հետ եմ աշխատում: Բոլոր ընկերներիս կոչ եմ արել, որպեսզի գան Դվին և իրենց լուման ունենան գյուղի զարգացման գործում: Նույնը խնդրել եմ նաև Երևանի ընկերներիս: Աշակերտս` անգլերեն լեզվի և թատրոնի մասնագետ, առաջինն էր, որ ընդառաջեց իմ կոչին և շաբաթը 2 օր գալիս է Դվին` ցանկացողների հետ անգլերեն պարապելու: Ընդ որում, անվճար կամ խորհրդանշական գումարով: Զուգահեռաբար թատրոնի անվճար դասընթացներ է անցկացնում: Կավագործ ընկերս պատրաստակամություն է հայտնել գալ և խմբակ բացել: <<Բարեկամություն>> պարի անսամբլի մենակատարն է խոստացել պրոֆեսիոնալ դասեր անցկացնել տեղում: Համոզված եմ, որ մեր գյուղի երեխաները որևէ բանի պակաս չեն զգա, եթե համեմատելու լինենք մայրաքաղաքի իրենց հասակակիցների հետ: Գյուղացու խնդիրը միայն, ասենք, ծիրան իրացնելը չէ, նա էլ ունի մշակույթի խնդիր: Ավելին, գյուղի երեխաներն առավել ևս հոգևոր սննդի կարիք ունեն: Գյուղն է պահում քաղաքը, ուստի և այն ուշադրությունը, որ դարձվում է քաղաքին, գյուղին առավել քան պետք է: Շատ կուզեի, որ գտնվեին աջակից մարդիկ, որ ամեն գյուղ ինքն իր հարցերը կարողանար լուծեր…
-Ինչպե՞ս է ստացվել, որ ունեք այդպիսի ընկերական մեծ շրջապատ: Այդպիսի շրջապատ ունենալու համար մարդը պետք է ինչ-ինչ հատկանիշներով օժտված լինի:
-Եթե հայ ես, ուրեմն չես կարող ընկերներ և շրջապատ չունենալ: Հայի առաջին առանձնահատկությունը հյուրընկալությունն է, ընկերասիրությունը: Արտասահմանցիները հենց այդ հատկանիշներով են ճանաչում հայերին: Երբ եկա Հայաստան և այն, ինչ տեսա այստեղ, ապշեցրեց ինձ: Ասես, նոր հասկացա, որ աշխարհի ամենահյուրասեր մարդիկ հայերն են: Թեև, ասեմ, իրանահայերն էլ պակաս հյուրասեր չեն: Հայի անունը ասոցացվում է հյուրասիրության և ընկերասիրության հետ, և ես շատ ուրախ եմ, որ հայկական այդ առանձնահատկությունն իմ մեջ կա: Հյուրընկալությունը ցայտուն է հատկապես գյուղերում, որտեղ տների դռները միշտ բաց են, որտեղ կարող ես ցանկացածի տուն մտնել` ինչպես հարազատ, բարեկամ, ընկեր: Այսպիսով, որպես հայ, քո տան դռները միշտ պիտի բաց լինեն բոլորի առջև: Իսկ եթե հյուրընկալ ես, հյուրասեր, ապա չես կարող շատ ընկերներ, ընկերական մեծ շրջապատ չունենալ: Ուսանողական ընկերներս աշխարհի տարբեր երկրներում են, չնայած դրան, մեր ընկերությունը շարունակվում է: Ընկերություն, որի հիմքը դրվել է այն մութ ու ցուրտ տարիներին, ինչի մեջ հայտնվել էր մեր հայրենիքը: Անցել ենք զրկանքների միջով: Աշխատանքի բերումով եմ ընկերներ ձեռք բերել: Այն բախտավոր մարդկանցից մեկն եմ, ով իր շրջապատում շատ լավ մարդիկ ունի: Անհնար է, որ ընկերներս Հայաստան գան և մի քանի օրով տանս չհյուրընկալվեն: Այդպես գյուղն էլ քիչ-քիչ դառնում է նրանցը: Հիմա ամենուր, աշխարհի որ ծայրում ընկերներ ունեմ, գիտեն Դվին գյուղի մասին: Իրանի դեսպանն իմ խնդրանքով այցելեց Դվին և հիանալով տեսածով ու զգացածով, ցանկություն հայտնեց շատ հաճախակի լինել այստեղ: Ահա այսպես գյուղն աստիճանաբար ուշադրության կենտրոնում է հայտնվում: Յուրաքանչյուր ոք ունի հնարավորություն և այդ հնարավորությունը պիտի ինչ-որ կերպ ծառայեցնի իր երկրի, իր ժողովրդի համար: Ես այդպես էլ անում եմ ընտանիքիս հետ միասին: Ընկերասիրությունից առաջ նախ պետք է լինել մարդասեր ու ազգասեր: Երբ սիրում ես, ուրեմն նաև կանես անգամ անհնարինը: Պատասխանատու ես զգում քեզ հարևանիդ, ընկերոջդ, բարեկամիդ համար: Դա ընկերոջ հանդեպ պատասխանատվությունից է սկսվում: Այդ պատասխանատվությունը և սերը, երբ միախառնվում են, շատ գեղեցիկ բան է ստացվում: Պատրաստ պիտի լինես ձեռք մեկնելու, օգնելու: Այսօր հրատապ է այն պահանջը, որ ունեցածդ ընկերական շրջապատը, նրա ներուժը բերես գյուղ, ծառայեցնես մարդկանց խնդիրների լուծմանը… Հայաստանում ինձ շատ է դուր գալիս նաև այն, երբ իրար ներկայացնելիս ասում են` մանկապարտեզի ընկերս է: Շատ է պատահում, որ մարդիկ ընկերություն են անում մանկապարտեզից սկսած: Դա, ըստ իս, ոչ միայն ընկերասիրություն է, այլև հավատարմություն, այսինքն` անդավաճան ու հավատարիմ ընկերություն է: Ես դա շատ-շատ եմ գնահատում, երբ մարդը կարող է մի կյանք հավատարիմ մնալ ընկերոջը: Դա հայ մարդուն բնորոշ է: Այստեղ շատ ընկերասեր են և նվիրվում են ընկերությանը: Միակ բանը, որ չէի ուզենա, այն է, որ հանուն ընկերության չվնասվեր ընտանիքը: Կուզեի, որ ընկերը դառնար ընտանիքի բարեկամը: Ընտանիքից վեր ոչինչ չկա…
Մեր զրույցը շարունակվեց համայնքի ղեկավար Արծրուն Աբրահամյանի հետ, ով իր հերթին ասաց.
-Գևորգն արդեն Դվինում իր ընկերությունն ունի, ինչը շատ գովելի ու խրախուսելի է: Նրա մեջ շահը երբեք չի խոսել, միշտ անշահախնդիր նվիրված է եղել ընկերոջը: Ֆինանսականը չէ, որ ընկերոջը ընկեր է դարձնում, այլ, ժողովրդական մեր խոսքով ասած, ընկերոջ հետ պիտի ճանապարհ գնաս, ընկերոջ հետ նեղության մեջ ընկերություն անես: Գևորգն այն ընկերն է, ում հետ կարելի է ամեն հարցով կիսվել, զրուցել, խորհրդակցել: Ամեն ինչով պատրաստակամ է ընկերոջն օգնելու, ընկերոջ կողքին կանգնելու: Եվ նույնպիսի վերաբերմունքի փոխադարձաբար արժանանում է: Այո, ճիշտ է Գևորգը, որ հայ ազգը շատ ընկերասեր է, ընկերոջը նվիրված: Գևորգը բոլոր այդ լավ հատկանիշների կրողն է: Պատահական չէ, որ բոլորս ենք շահագրգռված նրա հետ մտերմիկ ու ընկերական հարաբերութուններ ունենալու հարցում…
Մեր զրույցի ավարտին Գևորգ Աբրահամյանը հետևյալն ասաց.
-Ինձ շատ է մտահոգում գյուղացու վիճակը: Մինչ այս պատկերացում չունեի գյուղացու մասին: Երկրի պետական այրերը պետք է ավելի շատ ուշադիր լինեն գյուղացու նկատմամբ: Ափսոսում եմ, երբ մարդը թողնում է հարազատ գյուղը: Ափսոսում եմ, որ մեր երեխաները գյուղում չեն ապրում, քանզի գյուղում երեխան շատ ավելի լավ և ճիշտ է դաստիարակվում: Բնության հետ անմիջական շփումն արդեն իսկ բավական է: Բնական դաստիարակություն է ստանում: Գյուղի երեխայի մտահորիզոնն էլ դաշտ ու արտի պես մեծ ու անսահման է: Հաճախ ապշում եմ նրա մտքի թռիչքի բաց մտահորիզոնից: Այն քաղաքակրթությունը, վերաբերմունքը, քաղաքավարությունը, որ գյուղում կարելի է տեսնել, քաղաքում չես տեսնի: Մեր պատկերացումը գյուղի մասին ամբողջովին սխալ է, ինչը պետք է վերանայել: Պետք է գյուղ գալ, շփվել գյուղացու հետ, գյուղում տեսնել այն մարդկայինը, որը ուրիշ ոչ մի տեղ չես հանդիպի և որին մենք բոլորս շատ կարոտոմ ենք: Ահա հենց դա պատճառ դարձավ, որ գյուղ գամ: Այն խաղաղությունը, անդորրը, մարդասիրությունը, բնության հետ շփումը, ինչը փնտրում էի, գտա գյուղում: Գտա և մոտեցա արմատներիս: Ցանկանում եմ, որ շատերը դա զգան և հնարավորինս մոտ լինեն իրենց արմատներին: Մտադիր ենք Ծիրանի փառատոն կազմակերպել, ինչը ևս առիթ կդառնա, որ մարդիկ դեմքով շրջվեն դեպի գյուղը, դեպի հայրենի բնաշխարհն ու բնօրրանը…             
SHARE