Դեպի մեր արյան հիշողություն,

0
18
որը մեզ հրաշք հնչյուններ կպարգևի և կտանի դեպի լուսավոր ապագա…

  -Ես ու Թովմասը,- զրույցի սկզբում ասաց կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանը,- ունենալով ուսուցչի ու  սանի կարգավիճակ, միշտ էլ արել ենք ընկերություն, քանի որ արդեն համալսարանական կրթությամբ նա եկավ կոնսերվատորիա: Ի դեպ, կոնսերվատորիայի ռեկտոր Ղազարոս Սարյանն ինձ հանձնարարեց, առաջարկեց ևս մեկ ուսանողի, բայց` տղա, որովհետև մեկ ուսանող աղջկա` Մարգարիտ Շահինյանին, արդեն վերցրել էինք: Ես ընտրեցի Թովմասին: Եվ Թովմասի հետ մեր հանդիպումը եղավ այնպես, որ նա մի օր եկավ կոնսերվատորիա և ցույց տվեց, որ ես` Արզաս Ոսկանյանս, երբ երգել եմ հեռուստատեսությամբ, ինքն իր նոթատետրում գրել է. <<Որոնել և գտնել այս անձնավորությանը>>: Ես էլ երիտասարդ էի: Մենք Թովմասի հետ տարիքային շատ մեծ տարբերություն չունենք /մոտ 6-7 տարի/: Երբ եկավ կոնսերվատորիա և երգեց, ես փշաքաղվեցի, անսովոր տաքություն զգացի,  հիացա Ղունկիանոս Կառնեցու երգերի իր կատարումով /դա ինքը տատիկից էր սովորել/: Թովմասը Կառնեցու երգերին ոչ միայն նոր շունչ տվեց, այլև, իմ կարծիքով, նոր որակ: Համեստություն չանեմ, մատս անպայման խառնվել է դրան, և Թովմասը այդ տաղերգերով /4-6/ դարձավ երգիչ: Պետք է ասեմ, որ դրանք սովորական` ոչ տաղ են, ոչ երգ, Թովմասն ինքն էլ ոչ տաղերգու է, ոչ երգիչ, և նրա ուսուցման ընթացքը կոնսերվատորիայում շատ յուրահատուկ ընթացավ: Շատ յուրովի` օգտվելով իր ներսի ամբողջ երևույթից, դուրս քաշելով լավը /վատ բան գրեթե չկար/, վանելով վատը, տեղադրելով երգչական տեխնիկան /շնչառություն, դիկցիա/: Թովմասը հասուն տղամարդ էր արդեն, համալսարանական կրթություն ուներ և ամուսնացած էր: Մի տարօրինակ բան ասեմ. Թովմասը ինձ պարգևեց առաջին ծոռը: Դեռևս սեփական թոռը չունենալով, Թովմասի զավակներն իմ թոռներն էին, բնականաբար, իր դուստրը զավակ ունեցավ: Թովմասն ասում էր ինձ` թոռ չունես, բայց ծոռ ունես արդեն: Այդպիսի ընկերական հարաբերությունների մեջ ենք եղել, որովհետև Թովմասը լուրջ, խորը մտավորական է` ոչ միայն իր կրթությամբ, այլև իր գենով, մարդկային երևույթով, մտքով, նահապետական, խորքային, մի քիչ դանդաղ շարժուձևով, խոսքով` շատ վստահ, շատ իմաստուն, շատ կարևոր… Ժամանակին ես ընտրեցի Թովմասին անվերապահորեն և մինչև այսօր հիշում եմ այդ հրաշալի դասաժամերը: Դրանք լոկ դասաժամեր չեն եղել, այլ` ստեղծագործական գեղեցիկ ու փոխադարձ հայտնաբերումների դասաժամեր: Ինքը հասուն տղամարդ էր, ես` շատ պոռթկուն, հետաքրքիր մի կոմպոզիտոր, երգիչ, և այդ շփումը փոխադարձ հայտնաբերումների պես մի բան էր:

   Թովմասը բոլոր իր շարժուձևի մեջ նահապետական, ավանդապաշտ մարդ է: Իր ընտանիքը շատ ավելի ավանդապաշտական է, քան, գուցե, իմը: Շատ ավելի հանդարտ է, բայց և` շատ խիստ, քան ես: Ես պոռթկուն եմ, բայց զիջող: Նա բոլոր հարցերում շատ ավանդապաշտ է, շատ կայուն: Նույնը` ընկերության մեջ: Առայսօր, շուրջ 30 տարի, չի եղել հունվարյան մի տոնակատարություն, որ Թովմասը չբացի իմ տան դուռը, էլ չեմ ասում, որ բոլոր ծնունդներին ներկա է: Ես պահանջկոտ չեմ, որ անպայման բոլորը պիտի գան, բայց սա Թովմասին է պատիվ բերում: Ինձ համար շատ մեծ պատասխանատվություն բերեց Թովմասի հատկապես Սերիկը, դուստրը` Սերինե Պողոսյանը: Երբ նա կոնսերվատորիա ընդունվեց, Թովմասը բերեց իմ դասարանը, և անցյալ տարի նա փայլուն ավարտեց: Այնպես որ, այդ ուսուցման ընթացքը, կարծես, չի ավարտվում: Ի պատիվ իրեն, պիտի ասեմ, որ ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը երբեք չի մարում ձգտումը, չի դադարում իմանալ ավելին, օգտվել իմ գիտելիքից ու խորհրդից: Այդ գործընթացը շարունակվում է, և ես բարձրաձայն ասում եմ, որ մենք փոխադարձաբար սովորելու շատ բան ունենք միմյանցից: Թովմասը ծայրահեղ աշխատասեր է, զուսպ, նպատակասլաց, ուժեղ…
  -60 տարին բոլորած մարդու համար, իր ստեղծագործական կյանքում, թե՛ որպես նաև  մարդու, ի՞նչն եք արժևորում` իր ստեղծածի, իր ապրած կյանքի մեջ:
   -Թովմասը երջանիկ մարդ է: Ունի լավ ծագում, հայրական լավ ընտանիք, իր լավ ընտանիքը, հրաշալի երեխաներ, թոռներ, կարողացել է դառնալ ժողովրդի սիրելին, ամենուր նրան գնահատում ու սիրում են: Եվ այս ամենը` առանց ճիգի: Ինքը կարողացել է որևիցե քայլ չանել որևիցե մեկի վրայով: Իր բոլոր նվաճումների մեջ համաչափ, գեղեցիկ, հանդարտ քայլերով հասել է, իմ կարծիքով, այդ գագաթին: Որքան մոտենում ես, այնքան հեռանում է, ինքը դեպի գագաթն է գնում, և վստահ եմ` քայլում է միշտ վեր:
  -Թովմաս Պողոսյանն այս խառնիխուռն ժամանակներում բարձրացրեց աշուղական արվեստը, ի՞նչ կասեք այդ մասին:
  -Իհարկե: Նա աշուղագետ է անժխտելի: Ես աշուղական արվեստի մեծ ջատագով չեմ, պետք է անկեղծ լինել, միջնադարագետ եմ, հոգևոր երաժշտության մասնագետ եմ: Երբեմն ափսոսում եմ, բայց այլ ճար չկար, որովհետև երկրորդ Թովմասը չկար, որ Թովմասը, որպես երգիչ, իր երգացանկում ամբողջությամբ չկարողացավ ներառել ազգային երաժշտության բոլոր շերտերը, ինչպես դա արեց Շարա Տալյանը: Թովմասը կարող էր դա անել, մանավանդ որ Գևորգյան ճեմարան ոտք դրած պատանյակ էր, և՛ հոգևոր կյանքը, և՛ հոգևոր երաժշտությունը հրաշալի երգել է, առանց որի որևիցե մի ուսանող չէր կարող լինել ասպարեզում: Այնպես որ, Թովմասը ինչ-որ չափով իր երգչական կարողությունները զոհաբերեց գիտնական Թովմաս Պողոսյանին` աշուղագետին: Բայց ես դրա համար չեմ ափսոսում: Ափսոսում եմ շատ խորքում, թաքուն ինձ համար, բայց որ Թովմասի ձեռքով աշուղական արվեստը վերակենդանացավ, իսկ դա արդեն ուրիշ որակի աշուղական արվեստ էր: Այ, այդ նույն երգիչ, երաժիշտ Թովմաս Պողոսյանի իմացական բոլոր շերտերը պետք եկան որակների աշուղական արվեստի վերականգնմանը: Եվ մենք այսօր աշուղական արվեստն ունենք մի այլ որակով: Աշուղական արվեստն էլ քմահաճ արվեստ է, ամեն ինչ չէ, որ կարելի է, ընկալելի է, էլ չեմ ասում` թույլատրելի է:
    Քանի որ մեր հանդիպման առիթը Թովմասի 60-ամյա հոբելյանն է, ես կուզեի, որքան էլ մեր տարիքը մոտ է բավականին, ոչ թե ուսուցչի, այլ հայրական մաղթանք բերել: Միշտ Թովմասին ընդունել և այսօր էլ ընդունում եմ որպես որդու, դրա համար սկզբում ասացի թոռը, ծոռը: Որդուն ծնողը ինչ կմաղթի` աշխարհի ամենալավ բաները: Իսկ ամենակարևորը, այն որակները, որ ես նշեցի` արվեստին ծառայելու կամքը, կորովը, թող երբեք իրեն չլքի: Ես իմ թուրս դեռևս չեմ դնում պատյան, որովհետև անելիքները անսպառ են, ես մտածում եմ այս աշխարհից գնալուց առաջ ինչքան հնարավոր է` մի բան թողնել, հետևորդ թողնել, որովհետև մենք ճաշակի, որակի, իմացության հարցերում մեծ անելիքներ ունենք: Մենք մեր ողջ միջնադարը վատ գիտենք, Թովմասը գիտի, Թովմասն իմանալով է գնում աշուղությանը: Մեր ժողովուրդը չի կարողանում լսել միջնադարը: Մենք Նարեկացի, Շնորհալի չենք կարողանում լսել, տեղյակ չենք, և եթե մեր ոչ բարով հարևանների խելքներին հասներ, ապա վաղուց մեզ թալանած կլինեին: Այ, դա մենք պետք է կարողանանք անել, մենք` և՛ Թովմասը, և՛ ես, և՛ մեր կողքին կանգնած հրաշալի երիտասարդները: Պետք է կարողանանք ստեղծել այն հարթակը, որտեղ մեզ Կոմիտասը ժառանգել էր, որտեղ մեզ դրել էին մեր ուսուցիչները: Այդ հարթակը մենք չպետք է լքենք: Ես կուզենայի, որ մեր արյան հիշողությունից փոշին հանենք, քերենք այն տարթը, ծանր տիղմը հանենք, և մեր արյան հիշողությունը մեզ հրաշք հնչյուններ բերի: Հնչյուններ, որ մեր յուրաքանչյուրիս, հայ մարդու երակներում հոսում են: Այդ մեր արյունը պետք է անընդհատ մաքրենք տիղմից, և մեր արյան հիշողությունը մեզ կտանի դեպի անսահման լավ վիճակի և գեղեցիկ ապագայի…
SHARE