Դիմանալ ու դիմակայել

0
21

Ինչպիսի դժվարություններ էլ լինեն, ինչպիսի փորձություն էլ մեզ բաժին հասնի…

Կենսասիրություն

watermarked_IMG_0663

 – Նորամարգ համայնքը ղեկավարում եմ շուրջ 25 տարի, ասաց Սարգիս Գալստյանը: Դրանից առաջ եղել եմ սովխոզի տնօրեն, ագրոնոմ: Ոչինչ հեշտությամբ չի տրվում, մարդը պիտի քրտնի, տանջվի, աշխատի, որ հետո արդյունքը վայելի: Այսքան տարի աշխատել եմ, ինչ կարողացել` արել եմ: Շատ չենք կարողացել անել, որովհետև հնարավորություն չի եղել ավելին անելու: Ինչ էլ որ արել ենք, արել ենք մեր համառության, մեր նյարդերի, առողջության և շատ այլ բաների հաշվին: Ամենակարևորը` սրտացավ ենք եղել մեր հող ու ջրի, մեր գյուղացու նկատմամբ, մասնագիտորեն ենք մոտեցել խնդիրների լուծմանը: Մասնագետներ չունենք, գյուղատնտեսությունից հասկացողների պակաս կա: Միաժամանակ պետք է, որ լինեն ձգտող, գրագետ, որպեսզի փոխարինողների առումով հանգիստ զգանք մեզ: Սոսկ գյուղապետ լինելը շատ քիչ է, պետք է հասկանալ կյանքից, ընկերությունից, մարդ լինել: Ընկերություն, մարդկություն ստեղծելը շատ դժվար է: Դա պետք է քրտինքով լինի, աշխատասիրությամբ, մարդկային հատկանիշներ դրսևորելով: Մեծ շրջապատ ունեմ, ամբողջ Հայաստանում, թող անհամեստ չհնչի, ինձ ճանաչում են: Շատ ու շատ մարդկանց եմ ճանաչում, շատերի հետ եմ ընկերություն արել, ինչը մինչև օրս էլ շարունակվում է: Այդ ամեն լավն ստեղծվել է քրտինքով, տանջանքով: Ես այսօր անասնապահությամբ եմ զբաղվում, վազում եմ անասունների հետևից, որպեսզի 10 լ ավելի կաթ ստանամ, 10 գառ ավելի ունենամ, որ կարողանամ հանուն ընկերության, հանուն ամեն լավ ու բարի նպատակի այդ բարիքն օգտագործել: Կարիքավոր գյուղացիներին հնարավորությանս սահմաններում օգնում եմ, ձեռք մեկնում, անգամ այնպիսի հարցերում, որ իմ իրավասությունից բոլորովին դուրս են: Եթե խոստանում եմ, ապա անպայման եմ կատարում` ինչ գնով էլ լինի: Ինչպես չօգնել տարիքն առած կամ հաշմանդամ մարդուն, ով քո օգնության կարիքն ունի: Դիմողները, խնդիրները շատ են: Բայց բոլոր հարցերը տեղում լուծվում են, մարզպետարանի միջամտության կարիքը չի զգացվում: Ե՛վ համայնքի բյուջեի միջոցներն ենք ծառայեցնում մարդկանց, և՛ անձնական միջոցներից ենք բաժին հանում: Այլ ելք չկա, պիտի ամեն միջոց գործադրել, որ մարդը չթողնի հայրենի գյուղը, ծննդավայրը և դրսում ապրուստի միջոց փնտրի: Հայրս եղել է մաթեմատիկայի ուսուցիչ, իսկ մայրս Հնաբերդի գյուղապետարանում է շուրջ 25 տարի քարտուղար աշխատել: Ինստիտուտն ավարտելուց հետո 1981 թ. գործուղվել եմ Նորամարգ և մինչև օրս այստեղ եմ: Մարդկայինը ամեն մարդու տրված չէ, այդ ամենը գեներով է գալիս: Մարդու առաջնահերթ կոչումը մարդկային լինելն է: Պապս ջրաղաց է ունեցել, ծանր տարիներին մարդկանց հասել, ձեռք է մեկնել: Մասիսի ողջ տարածաշրջանն է ինձ ճանաչում: Շատ մարդկանց հետ եմ նստել` վեր կացել, ընկերություն արել: Ընկերությունը մարդուն հանգստություն է տալիս. վստահ ու ապահով ես, երբ ընկերներ ունես, հարազատ մարդիկ, ցանկացած հարցում քեզ օգնական ես գտնում: Արածիդ պատասխանը, ինչ էլ ուզում է լինի, ստանում ես մի օր: Փոխհատուցումը չի ուշանում: Ասում են` արա, գցի ջուրը, բայց արածդ ջուրը չի ընկնում, միշտ հետ է գալիս, Աստված քո դեմ բերում է… Արել եմ ամեն ինչ հանուն մարդկության, հանուն մեր ժողովրդի: Սա է կյանքիս ամենամեծ ձեռքբերումը…
Նշենք, որ գյուղի համար բոլոր գլոբալ խնդիրները լուծված են, բնականոն կենսագործունեության պայմաններն ապահովված են: Մնում է ճանապարհների բարեկարգումն իրականացնել: Գյուղ մտնող կենտրոնական ճանապարհը պետք է ասֆալտապատվի, չնայած հույս չկա, թե դա հնարավոր կլինի մոտակա ժամանակներում: Հսկայական գումար է պահանջվում դրա համար, ինչի հնարավորությունը համայնքը չունի: Համայնքի միջոցներով խճապատում է կատարվում, բայց դա խնդրի լուծում չէ: Պետական ծրագրով միայն կարելի կլինի հարցը վերջնականապես լուծել:
– Լավատես պիտի լինել, ինչպիսի դժվարություններ ու պահեր էլ լինեն, եզրափակեց խոսքը պարոն Գալստյանը: Դիմացկուն ազգ ենք և պիտի այսօրվա փորձություններին էլ պատվով դիմանանք: Միայն թե խաղաղություն լինի, մեր երիտասարդությունն անփորձանք լինի, կռիվ չտեսնի…