Դիմացինի մեջ միշտ լավը փնտրել

0
32

Եվ մարդկային ճիշտ փոխհարաբերությունների միջոցով հասնել ցանկալիին

Վարքագիծ

Կոտայքի մարզի Մարմարիկ համայնքի ղեկավար Արտակ Պետրոսյանն առաջիկա ՏԻՄ ընտրությանը կրկին առաջադրել է թեկնածությունը: Նա համայնքը ղեկավարում է 2008 թվականից և հասցրել է այդ ընթացքում բավականին աշխատանք կատարել:

-Համայնքում,- ասաց պարոն Պետրոսյանը,- կոյուղագիծ ենք անցկացրել, 500 անձի հաշվով հանդիսությունների սրահ կառուցել: Արտաքին լուսավորություն ենք անցկացրել: Երկրի նախագահի միջնորդությամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրով գյուղի խմելու ջրի ներքին ցանցն ենք փոխում: Կառավարության ծրագրով դպրոցը հիմնանորոգվեց: Կարևոր ու առաջնային է ճանապարհների խնդիրը: Համայնքի բյուջեն փոքր է` 13-14 մլն դրամ, հնարավոր չէ դրանով նման ծավալի աշխատանք կատարել: Մշտապես փոսալցում է կատարվում, բայց դա խնդրի հիմնավոր լուծում չի կարող լինել: Մանավանդ, բոլոր ճանապարհները քանդվելու են ջրագիծ անցկացնելու արդյունքում, այնպես որ, դրան կանդրադառնանք տվյալ աշխատանքներն իրականացնելուց անմիջապես հետո` համեմատաբար, քիչ ծախսումների գնով: Զոհերի հիշատակին նվիրված հուշարձան ենք կառուցել: Ոչ պակաս անհանգստացնող է մանկապարտեզի խնդիրը: Չգործող պանսիոնատներ կան գյուղում, որոնցից մեկի շենքը կարելի է գնել և այդ ճանապարհով լուծել տվյալ խնդիրը: Դրա համար, պարզ է, համապատասխան ֆինանսական միջոցներ են հարկավոր: Դա վերընտրվելուցս հետո իմ ամենակարևոր ու հրատապ անելիքն է լինելու…

Մարմարիկը հիմնականում բնակեցվել է 1918-19 թթ. այստեղ Արևմտյան Հայաստանից գաղթած մեր հայրենակից մշեցիներով: Գեղատեսիլ վայրում է` անտառ, հրաշալի բնություն, ինչը զբոսաշրջության զարգացման համար շատ լավ նախադրյալներ է ստեղծում: Մարդիկ հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ:

-Մեր տարածքում գտնվող,- շարունակեց գործող համայնքապետը,- հանգստյան տները, ճամբարները շատ վատ վիճակում են, և լավ կլիներ, որ դրանց մի մասը գոնե վերանորոգվեր ու վերագործարկվեր: Դա, բնականաբար, աշխատատեղեր կստեղծեր և այլ հնարավորություններ կբացեր մեզ համար: Խորհրդային շրջանում 100 աշխատատեղ ապահովող տրիկոտաժի ֆաբրիկա ունեինք, որի գոյությունն անգնահատելի էր գյուղի համար: Շատ ենք ցանկանում, որ այն այսօր վերագործարկվի, այդ նպատակով մեր կողմից անում ենք ամեն հնարավորը: Բոլոր հարցերով գյուղացուս կողքին եմ, անգամ այն դեպքերում, երբ հարցն իմ իրավասության շրջանակից դուրս է: Մեր զինծառայողներին, բանակ զորակոչված երիտասարդներին ենք առանձնակի ուշադրության կենտրոնում պահում: Բանակում շատ ընկերներ ունեմ, որ այսօր արդեն հրամանատարներ են, բարձրաստիճան սպաներ: Նաև նրանց շնորհիվ ենք օգտակար լինում մեր բանակայիններին: Նշեմ նրանցից Համլետ Սևոյանին /2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ/ և Սերյոժա Գևորգյանին /Վարդենիսի Սոտքի զորամասի հրամանատար/…

Դառնալով ընկերության թեմային, Արտակ Պետրոսյանը վստահաբար նշեց. <<Ընկերությունը շատ հեշտ է, երբ մաքուր ես անում այն: Ես ընկերության շնորհքն եմ: Դժվար պահերին ընկերներս կողքիս կանգնած են եղել, նրանց շնորհիվ շատ դժվարություններ եմ հաղթահարել: Ընկերության մեջ շատ կարևոր են սկզբունքայնությունը, բանիմացությունը, ազնվությունը: Ճիշտ են ասում` ամեն ինչի նորն է լավ, ընկերության` հինը: Ընկերդ պիտի հայրենի երկիրը, պետականությունը, ընտանիքը գնահատող մարդ լինի: Ընկերությունն աստվածային շնորհ է, ինչից ես էլ ունեմ: Բախտս է նաև բերել, որ լավ մարդկանց, լավ ընկերների եմ հանդիպել: Ընկերներիս ողջունում եմ` ցանկանալով նրանց առողջություն, կանաչ ճանապարհ, ընտանեկան երջանկություն: Լավ մարդը, լավ ընկերը պետք է աստվածավախ ու աստվածապաշտ լինի: Ընկերոջը Աստված է տալիս և դու իրավունք չունես նրանից բողոքելու: Ասա, ով է ընկերդ, ասեմ` ով ես դու: Պետք է շատ զգոն լինել` ընկերոջը չկորցնելու համար: Ընկերությունն ամեն վայրկյան, ամեն ժամ կարող է կյանքդ փոխել, կյանքդ իմաստավորել…>>:

Արտակ Պետրոսյանն ընկերություն է անում նաև շատ համայնքապետերի հետ, բայց մտերիմ է Արտավազի Ռեմ Հովհաննիսյանի, Աղավնաձորի Մեխակ Դանիելյանի հետ: Նա, առհասարակ, այն համոզմանն է, որ դիմացինից միշտ պիտի լավը վերցնել, իսկ եթե, ասենք, վատ բան կա, ապա դա չտեսնելու պիտի տալ: Մարդկային ճիշտ հարաբերությունների կողմնակից է: Նաև գտնում է, որ համայնքապետի պաշտոնը պետք է նշանակովի լինի, այլ ոչ ընտրովի, քանի որ այդ դեպքում, ուզես թե չուզես, կախված ես լինում ընտրողի քմահաճույքից և երբեմն ստիպված ես լինում չտեսնելու տալ նրա վատ արարքը և այլն: Անտարբեր չպետք է լինել դիմացինի ցավի, հոգսի նկատմամբ, իսկ հայրենի երկրի հանդեպ պարտքը ոչ մի պարագայում չմոռանալ:

SHARE