Դիտանկյուն

0
37

Նախ` պատճառները…

Մենք հաճախ պայքարում ենք հետևանքների դեմ` փորձելով ճնշել, վերացնել դրանք, բայց երբ պատճառները չենք վերացնում, սպառնալիքը միշտ մնում է, մանավանդ որ ագրեսիվությունը մեր հասարակության մեջ ահագնացող տեմպերով ձգում է իր արմատները: Այստեղ, անշուշտ, կարևոր դեր ու անելիք ունի իշխանությունը: Չի կարելի բերել եզրին հասցնել: Երբ կատվին անկյուն ես տանում, հետո չպետք է զարմանաս, որ նա ցատկում է ու ճանկռում… Պետք է թողնել օրինական, ժողովրդավարական ձևով երկրում բարեփոխումներ կատարվեն, իշխանափոխություն լինի, որպեսզի որևէ մեկն իրավունք չունենա ասելու` բոլոր ճանապարհները փակ են, բա ի՞նչ անենք: Այն ատելությունը, որ սերմանում ենք մեր սրտերում, ծայրահեղություն է ծնում, մեր դեմ է գալիս: Սրանով քայլ առ քայլ գնում ենք դեպի քաղաքացիական պատերազմ…

Գյուղացին անպաշտպան է

Բնական աղետների հետևանքով ամեն տարի Հայաստանի գյուղատնտեսությունը կրում է, տարբեր գնահատումներով, շուրջ 20 մլրդ դրամի վնաս: Այն համարժեք է ավելի քան 40 մլն դոլարի: Սոցիալապես ոչ բարվոք վիճակում գտնվող գյուղացիական տնտեսությունների համար սա լուրջ գումար է, որն այդպես էլ ոչ մի կերպ չի փոխհատուցվում: Հայաստանում չկա որևէ կառույց, որ ստանձնի այդ բեռը:

Այս իրավիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն ստեղծվել մեխանիզմներ գյուղատնտեսական բերքն ապահովագրելու համար: Այնինչ դրա հեռանկարները մեր երկրում շատ մշուշոտ են: Առաջիկա տարիներին այդ առումով դժվար է որևէ ակնկալիք ունենալ: Այնպես որ, ցավոք, բնական աղետներից գյուղատնտեսության վնասները ոչ միայն դեռևս կշարունակվեն, այլև գյուղացին փոխհատուցում ստանալու հույսեր չի կարողանա փայփայել:

Չես բռնվել` գող չես

Մեր դժբախտությունների մի զգալի մասի պատճառն այն է, որ շատերն աշխատանքն ընկալում են որպես սեփական բիզնես: Իսկ, որն ամենավատն է` պաշտոնյաներն էլ պետական աշխատանքը դիտարկում են որպես այդպիսին, աշխատավարձն էլ, բնականաբար, նրանց համար ամենամսյա պարգևավճար է` հաճելի անակնկալ… Թերևս, պետական աշխատանքը բիզնեսի շարունակությունն է այլ եղանակներով: Իսկ որտեղ փող աշխատելու տարբերակ կա, այնտեղ բարոյական նորմերի մասին մտածելու ժամանակ ու ցանկություն չի լինում: Մեր երկրում յուրաքանչյուր պաշտոնյա համոզված է, որ մարդու միակ նպատակը, ինչպես ասում են` ուշքն ու միտքը, կյանքի իմաստը փողն է: Եվ մի բան էլ` բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներն առաջնորդվում են մեկ գլխավոր սկզբունքով` չես բռնվել, ուրեմն գող չես…

SHARE