Դիտանկյուն

0
15

Հարցեր, հարցեր…

Մենք ազգովի պարտավոր ենք պատասխանել բազմաթիվ հարցերի: Օրինակ` անհնա՞ր է, արդյոք, երկրում օրենքը դարձնել գերակա, չէ՞ որ օրենքի բացակայությունն ապականում է հասարակությունը: Պատերազմող երկրին ներելի՞ է, արդյոք, ունենալ գերժամանակակից շռայլությամբ ապրող վերնախավ, չէ՞ որ դա բոլորի աչքի առաջ է, և այսօր աշխարհն է երեսով տալիս: Սահմանին պե՞տք է, արդյոք, կանգնեն 18-20 տարեկան երիտասարդներ, ովքեր դեռ պետք է ժառանգ տան, թե՞ կարելի է բարձր վարձավճարով բանակում ներգրավել մեր ազատամարտիկներին: Ժողովրդի թշվառությունն, արդյոք, բոլորիս հոգսն ու ամոթը չէ՞, երբ հեռուստացույցով անվերջ գովազդվող հյուրանոցների ու ռեստորանների անճաշակ շքեղությունը խենթացնում է: Հնարավոր չէ՞, արդյոք, երկու-երեք գործարան սարքել, որ ժողովուրդն աշխատելու տեղ ունենա, թե՞ ամեն ինչ ներկրելն ավելի պատվաբեր է: Ի վերջո, կարելի՞ է, արդյոք, այդպես շարունակել…

Ոչ անձնական, այլ ընդհանուր շահերի մասին

Անշուշտ, վերջին պատերազմը մեզ արթնացրեց, համայն հայությանն արթնացրեց: Միշտ խոսվում էր ցեղասպանության մասին, հատկապես` Սփյուռքում, խաղաղության մասին` առանց առաջադիմության, բարեփոխումների Հայաստանում, կամ նոր կառավարության, նոր Սահմանադրության մասին, բայց հայ ժողովուրդը պատերազմի մեջ էր, սա է իրականությունը: Մենք ներկայումս ավելի միավորված պետք է լինենք մեր շահերի շուրջ, ուժ ցուցաբերենք, ներկայումս իշխանությունները, հասարակությունները պետք է լուրջ որոշումներ կայացնեն, քանի որ այլ ճար չկա: Երբ բոլորս միասին ենք, հաղթում ենք, սա է իրականությունը, մենք պետք է մտածենք մեր ընդհանուր շահերի մասին, ոչ անձնական շահերի մասին…

Ինչ-որ բան հաստատ սխալ է

Ընդհանրապես, քառօրյա պատերազմը մեզ հուշեց, որ ժողովուրդն է պատրաստ իր հայրենիքը պահել, հասարակ մարդիկ: Հազար ու մի սոցիալական խնդիր ունեցող հայն ավելի սրտացավ է իր հայրենիքի համար, քան ցանկացած իշխանական կառույց: Սա ևս մեկ անգամ փաստեց, որ մեր երկրում ինչ-որ բան սխալ ենք սարքել: Պետականաշինության հարցերում հսկայական խնդիրներ ունենք: Այսինքն, սա համակարգային մեծ պրոբլեմի մի մասն է, որը չի աշխատում` ճիշտ այնպես, ինչպես ամբողջ պետական համակարգը:

SHARE