Եթե անգամ չես էլ օգնում մարդուն

0
41

Ապա պիտի գոնե անհարկի չնեղացնես նրան կամ ցավ պատճառես…

 Սրտացավություն

watermarked_Ararat Bardzrashen Surik Sargsyan

  Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի ղեկավար Սուրիկ Սարգսյանը ղեկավարման 2 տարվա ընթացքում կատարած աշխատանքներն իրականացրել է հիմնականում տնտեսումների հաշվին:

-Նախորդ տարի,- նշեց նա,- գյուղամիջյան ճանապարհն ենք ասֆալտապատել` 6 մլն դրամ ներդնելով: Մեզ աջակցել են Ռուսաստանում աշխատող մեր համագյուղացիները` գումար տրամադրելով մշակույթի տան 3 սենյակի  վերանորոգման համար: Ստեղծել ենք երիտասարդության ժամանցի, մարդկանց զբաղմունքի անկյուններ: Գյուղապետարանի որոշ հատված ենք վերանորոգել: Սարոյան փողոցի լուսավորման հարցն է լուծվել: Գերեզմանատուն տանող ճանապարհն ենք վերանորոգել, այնտեղ խմելու ջուր անցկացրել: Ինչ վերաբերում է տնտեսումներին, ապա դա առաջին հերթին վերաբերում է համայնքի բյուջեի միջոցներին: Վերջին երկու տարում որևէ աճուրդ, հողի կամ շինության վաճառք չի կայացել: Կրճատել ենք չգործող մշակույթի տան տնօրենի, չգործող գրադարանի աշխատողի և գերեզմանատան պահակի հաստիքները: Գրադարանի գրքերն ի պահ ենք հանձնել դպրոցին և հետ կբերենք, երբ մշակույթի տունն ու գրադարանն սկսեն գործել: Ահա այդ միջոցներն ուղղել ենք համայնքում անհրաժեշտ աշխատանքների կատարմանը: Բյուջեից ոչ մի լումա չի օգտագործվել ծառայողական ավտոմեքենայի և այն պահելու ծախսերի համար: Օգտագործել եմ սեփական ավտոմեքենան` այստեղ ևս գումար տնտեսելով: Գյուղի սկզբնամասում ծառատունկ ենք կատարել, այդ կարևոր գործը շարունակելու ենք: Առհասարակ, բարեկարգման աշխատանքներին մեծ տեղ եմ հատկացնում: Այս ամենին զուգահեռ, չեմ անտեսում այն մարդկանց և ընտանիքներին, որոնք սոցիալապես անապահով վիճակում են: Վերաբերմունքը հավասարապես բոլորի նկատմամբ նույնն է: Հոլանդական <<Կամրջակ>> բարեգործական կազմակերպությունն ամեն տարի գրենական պիտույքներ է հատկացնում 1-3-րդ դասարանների աշակերտներին, սնունդով օգնում անապահով, նպաստառու ընտանիքներին: Համայնքի բյուջեից նախորդ տարի 2 մլն 120 հազար դրամի օգնություն է հատկացվել կարիքավոր բնակիչներին: Բացի այդ, մահվան դեպքերում տվյալ ընտանիքներին 50-հազարական դրամ օգնություն է հատկացվում: Նաև անձնական միջոցներիցս եմ ներդնում օգնության նպատակներով: Մարդկանց օգնելու, բարությամբ առաջնորդվելու ձգտումը մորիցս է փոխանցվել ինձ: Ամենահասարակ շնորհակալությունն իսկ ամենամեծ գնահատականը կարող է լինել արածիդ դիմաց: Եթե անգամ չես էլ կարողանում օգնել մարդուն, ապա գոնե չպիտի նեղացնես, ցավ պատճառես նրան: Ամենակարևորը, որ դիմացինդ զգա իրեն օգտակար ու աջակից լինելու քո պատրաստակամության մասին: Ընկերներիս եմ դիմում, որպեսզի նրանց օգնությամբ բավարարեմ ինձ դիմած մարդու խնդրանքը: Փառք Աստծո, չի եղել դեպք, որ մերժում ստանամ նրանցից: Ընկերներս միշտ պատրաստակամ են… 3 որդիս էլ Մոսկվայում են աշխատում և համայնքի զարգացման նպատակի համար չեն խնայում իրենց միջոցներից ներդնել: Նրանք էլ կողքիս են, ինձ մենակ չեն թողել առկա խնդիրները լուծելիս: Բարությունը նաև որդիներս են ժառանգել: Ամեն կերպ ջանում եմ, որ իրավահաջորդիս թողնելու արժանի գործեր ունենամ: Համագյուղացիներս են խնդրել, որպեսզի 2012-ին կրկին ղեկավարեմ համայնքը /1996-99-ին եմ ղեկավարել, ապա իմ կամքով թողել/: Սա շատ բան է ասում…

Խոսելով խնդիրներից, պարոն Սարգսյանն ասաց, որ Բարձրաշենն ունի 1600 հեկտար տարածք, և, ցավոք, ոռոգման ջրի բացակայության պատճառով 370  հեկտար բերրի վարելահող առայժմ չի մշակվում: Նախկինում այդ հողատարածքներն Արտաշատի շրջանն ապահովել են հացահատիկով: Եթե կառավարությունն աջակցի իրենց` լուծելու այդ շատ կարևոր խնդիրը, ապա կվերականգնեն նախկին բարի ավանդույթը: Ընդամենը 700 մ ոռոգման ցանց է հարկավոր անցկացնել /տվյալ տարածքով է անցնում Ջրվեժի ոռոգման ջրագիծը/, և բնակիչների արդարացի պահանջը կբավարարվի: Քանիցս պատկան մարմիններին ահազանգել են այս մասին: Դպրոցի շենքը վթարային վիճակում է, և օր առաջ հիմնանորոգում է պահանջում: Նույնը` մշակույթի տան առումով: <<Կամրջակի>> հետ համատեղ գարնանն սկսելու են մանկապարտեզի վերանորոգումը: Վերանորոգման կարիք ունեն փողոցները: Ընթացիկ տարում կջանան փողոցների լուսավորման, ճանապարհների խճապատման գործերն անել:

-Առիթից օգտվելով,- վերջում ասաց Բարձրաշենի համայնքապետը,- ուզում եմ շնորհակալություն հայտնել <<Ընկեր>> թերթին` համայնքների գործունեությունը լուսաբանելու, առկա խնդիրները բարձրաձայնելու համար: Եթե բոլոր լրատվամիջոցները նույն մոտեցումն ունենային և նույնպիսի բարեխղճությամբ առաջնորդվեին, ապա շատ ավելի լավ կլիներ բոլորիս և, մանավանդ, գյուղական բնակավայրերի համար: Երկրի զարգացումը գյուղից է սկսվում: Գյուղացին պիտի հող մշակի, իսկ քաղաքում ապրողն արտադրությամբ զբաղվի: Յուրաքանչյուրն իր տեղում պիտի ճիշտ կատարի իր գործը, սրտացավ ու պատասխանատու լինի…