Եթե համայնքի համար է,

0
14

ապա ոչնչի առաջ չպիտի կանգնել, պիտի պայքարել ու պահանջել…

Հաստատակամություն

   Ստասիկ Հովհաննիսյանը, 2000 թվականից ղեկավարելով Լոռու մարզի Գեղասար համայնքը, բազմաթիվ գործերի ու նախաձեռնությունների հեղինակ է դարձել: Բավական է նշել, որ հիմնովին վերականգնվել է գյուղը, քանի որ այն հայտնվել էր 1988-ի երկրաշարժի էպիկենտրոնային գոտում: Բնակարանաշինության, գազաֆիկացման և շատ այլ խնդիրներ լուծելով, Գեղասարն իր կենցաղով մոտեցել է քաղաքային բնակավայրերին: Առայժմ մնացել են խմելու ջրի և ճանապարհների խնդիրները:
 Այդ հարցերով, հատկապես` խմելու ջրի, դիմել են պատկան մարմինների, կառավարությունը գումար է հատկացրել /9 մլն դրամ/ ջրամատակարարման ապահովման համար, սակայն… Պարոն Հովհաննիսյանը վրդովմունքը չթաքցրեց. <<Այս պարագայում էլ ֆրանսիացին ասում է, թե ջուր չեն կարող տալ մեր համայնքին…>>: Այն դեպքում, երբ խմելու ջրի խողովակաշարն անցնում է  գեղասարցիների սեփականաշնորհած հողամասերի միջով: Գյուղում, ընդհանրապես, խմելու ջուր չկա, մարդիկ օգտվում են ընդամենը մեկ ծորակից, որի ջուրն էլ եթե, ասենք, կտրվի, ապա վիճակը դժվար չէ պատկերացնել:
 -Հատկացված այդ գումարով,- շարունակեց համայնքի ղեկավարը,- կարող ենք խողովակաշար անցկացնել և գյուղն ապահովել խմելու ջրով: Եթե Պատրիկ Լորենը ջուր հատկացնի, ապա այսօր էլ կարող ենք աշխատանքներն սկսել: Սակայն մնացել ենք ֆրանսիացու բարեհաճությանը. պատճառաբանում են, թե ջուրը քիչ է և չեն կարող հատկացնել: Պարոն Լորենի համար ի՞նչ տարբերություն` եթե ջուրը քիչ է, ապա որ գյուղին այն կտան: Եթե նա թույլտվություն տա, ապա խնդիրը կլուծենք…
     Ստասիկ Հովհաննիսյանի ղեկավարման տարիներին գյուղը գազաֆիկացվել է, գիշերային լուսավորություն է անցկացվել, էլ չենք ասում, որ մարդիկ վագոն-տնակներից տեղափոխվել են հիմնական քարաշեն բնակարաններ, որոնք կառուցվել են  պետբյուջեի միջոցներով: Զբաղվում են անասնապահությամբ, կարողանում են հոգալ ապրուստի միջոցները, սակայն խմելու ջրի պակասը, կարծես, փչացնում է ամեն լավ բան: 

    Նախորդ տարի պետբյուջեի միջոցներով և համայնքի կողմից 3 մլն դրամ ներդրմամբ կառուցվել է համայնքային կենտրոն: Մանկապարտեզ չունենալը, ըստ գյուղապետի, ցավոտ խնդիր է, բայց այդքան հրատապ չէ, որքան խմելու ջրի անհրաժեշտությունը. <<Եթե ջուր չեղավ, ապա գյուղում մարդ չի մնա…>>: Ոռոգման ջուր ունեն, բայց քանի որ պոմպերով է մղվում, ուստի վերջնարդյունքում անհամեմատ թանկ է արժենում գյուղացու համար: 
   Համայնքների խոշորացման ծրագիրը կարող է սպառնալ նաև Գեղասարին: Պարոն Հովհաննիսյանը համոզված է, որ խոշորացման դեպքում գյուղացին էլ Գեղասարում չի ապրի, քանի որ դա նոր բարդություններ կստեղծի մարդկանց համար. <<Ուզում ենք ժողովրդի վիճակը փոքրիշատե բարելավել, բայց հակառակն ենք անում: Խոշորացումը ժողովրդի կամքին հակառակ է: Թող բարի լինեն ժողովրդի ցանկությունն էլ հաշվի առնել: Խոշորացմամբ գյուղացու խնդիրներն ավելացնում են, ստիպում նրան` լքելու գյուղը: Մի տեղեկանք վերցնելը անասելի պատմություն կդառնա: Դպրոցի խնդիրն է առաջ գալու: Ժամանակները փոխվել են, մարդիկ` նույնպես, այնպես որ, անգամ ամեն մանրուք թվացող հարց պիտի հաշվի առնել, մանրակրկիտ քննարկել…>>: 
  Համայնքի առջև ծառացած խնդիրներին լուծում տալու, կիսատ գործերն ավարտի հասցնելու նպատակով Ս. Հովհաննիսյանն առաջադրել է թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Առաջնահերթը մնում է խմելու ջրի ապահովումը, ապա` ճանապարհների կառուցումը, մանկապարտեզը: Մանկապարտեզ ունենալն, ըստ գործող համայնքապետի, անհրաժեշտություն է` ելնելով երեխայի պատշաճ  դաստիարակության հրամայականից: 
     Համայնքի ղեկավարը գյուղապետարանում գրեթե չի լինում. ամբողջ օրը գյուղացու հետ է, նրա կողքին: Խնդիրներ, հոգսեր շատ կան, և հարկ է ինչ-որ կերպ նպաստել դրանց հաղթահարմանը: Թեկուզ` մարդկային վերաբերմունք ցուցաբերելով, փոքր-ինչ թեթևացնելով համագյուղացիների բեռը: Երբևէ չի զլացել ձեռք մեկնելուց, կարիքավորին օգնելուց: Ահա թե ինչու վստահաբար առաջադրվել է` գիտենալով, որ գյուղացին կրկին կքվեարկի իր օգտին, այն էլ` մեծ առավելությամբ: 
     Հնարավորության սահմանում օգնում է բնակիչներին, սակայն բյուջեի միջոցների սղության պատճառով տրամադրվող օգնությունն այնքան էլ նշանակալի չէ: Շատ կուզենար, որ այդ աջակցությունը մեծ լիներ, քանի որ գյուղացին արժանի է ավելիին: Ինչպես խոստովանեց, ամաչում է` տեսնելով, թե ինչպես 21-րդ դարում իր գյուղացին դույլերով ջուր է կրում: Շատ վատ է զգում իրեն դրանից… Ամենացավոտ խնդիրը մնում է ջուրը: Ամեն ինչ անում է, որ գյուղացին մնա իր հող ու ջրին կապված, հավատարիմ: 
     Ստասիկ Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ համայնքի ղեկավարը պետք է ընկերական մեծ շրջապատ ունենա: Հակառակ դեպքում ոչ մի գործ տեղից չի շարժվի: Շատ ընկերներ ունենալու հետ մեկտեղ պիտի բոլորի դռները ծեծես, ծրագրեր բերես, գործն ամեն օր առաջ տանես… Նրան ընկեր կարող է լինել հարգալից մարդը: Ընկերությունը ենթադրում է նաև փոխադարձ օգնություն: Շատ գյուղապետերի հետ է ընկերություն անում. Սամվել Մազմանյանի /Շիրակամուտ/, Վասիլ Փիլոյանի /Սարահարթ/, Արթուրի /Գոգավան/ և այդպես շատերի: Միմյանց օգնում են, խորհրդակցում իրար հետ շատ հարցերի շուրջ:
     Ստասիկ Հովհաննիսյանն ակնկալում է, որ կառավարությունը գյուղական բնակավայրերին ավելի մեծ ուշադրություն հատկացնի, որ պատգամավորները, օրենքներ ընդունելիս, լավ պատկերացում կազմեն, թե դրանք ինչպիսի ազդեցություն կունենան գյուղի ու գյուղացու կյանքի բարելավման վրա: Գյուղն իր առանձնահատկություններն ունի, ինչը, ցավոք, ոչ բոլորն են գիտակցում ու կարևորում…
SHARE