Եթե մասնակից ես համայնքի գործերին,

0
12
ապա սրտացավ ու պատասխանատու կլինես նաև նրա ճակատագրի հանդեպ…

Համախմբում


      Հանդիպելով Շիրակի մարզի Լանջիկ համայնքի ղեկավար Սեդրակ  Առաքելյանի հետ, ով, ի դեպ, պաշտոնավարում է 1996 թվականից, հետաքրքրվեցինք նրանից, թե վերջին երկու տասնամյակներին ինչպիսի գլոբալ խնդիրներ են լուծվել այստեղ և, առհասարակ, ինչպիսի աշխատանքներ կան, որոնց լուծումն առաջնահերթ ու հրատապ է:
    -Նախ նշեմ,-ասաց պարոն Առաքելյանը,-որ դժվարին ճանապարհ ենք անցել, և այն ամենին, ինչին հասել ենք, հեշտ ու դյուրին չի եղել: Երբ ստանձնեցի համայնքի ղեկավարումը, ամեն ինչ, կարելի է ասել, բարձիթողի ու քարուքանդ վիճակում էր: Գյուղապետարանի շենքում կաթում էր, արխիվի հին թղթերն էինք այրում, որպեսզի մի կերպ տաքանայինք: Ահա, այս և մյուս դժվարությունները կրելով,  հաղթահարելով ու եղածը պահպանելով, ձգտեցինք առաջ ընթանալ և իրականացնել նախանշած աշխատանքները: Այն քիչ գյուղերից էր, որտեղ անգամ պատերազմի զոհերի հուշարձան չկար: Դրանից էլ սկսեցինք, և 1998-ին արդեն գյուղը Հայրենական ու Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձան ուներ: Գյուղում կար 2-3 աղբյուր, որտեղից մարդիկ դույլերով խմելու ջուր էին կրում: Այսօր ամեն տուն առանձին ջուր ունի: Փոխեցինք հին ջրագծերը` կառուցելով մոտ 6 կմ երկարությամբ նոր ցանց: Բարձրադիր 40 տների համար հատուկ պոմպակայան կառուցեցինք, որտեղ ջուրը ժամով է տրվում: 2001-ին պարսպապատեցինք գերեզմանատունը: Հիմնանորոգել ենք քայքայված, երկրաշարժից տուժած դպրոցը: Գյուղը բնական գազ չուներ և այսօր ամբողջությամբ գազաֆիկացված է: Առայժմ բնակչության մոտ 50 տոկոսն է օգտվում գազից: Մանկապարտեզը, թեև քանդված վիճակին, 1996-ից գործել է: Տարիների ընթացքում աստիճանաբար վերանորոգումներ ենք իրականացրել: Մնացել է ջեռուցման խնդրի լուծումը. նախագիծ-նախահաշիվն արդեն պատրաստ է, և մինչև սեպտեմբեր դա էլ կավարտենք: Ծրագրում ենք մեկի փոխարեն երկու խումբ ունենալ: 2010-ին Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի /ՀՍՆՀ/, անձամբ նրա տնօրեն, բարի ու լավ մարդ Աշոտ Կիրակոսյանի օգնությամբ բարերարներ են գտնվել, ում համատեղ ներդրումներով հիմնանորոգվել է մշակույթի տունը` վերածվելով համայնքային կենտրոնի: Այնտեղ է նաև գյուղապետարանը: Լանջիկն ապահովված է գիշերային լուսավորությամբ: Մեր ամենամեծ խնդիրը կենտրոնական ճանապարհի ասֆալտապատումն է: Եթե ես ուզենամ էլի աշխատել այստեղ, ապա` միմիայն այն լուծելու, կարևոր այդ աշխատանքն իրականացնելու համար: Շատ աշխատանքներ, որոնք այստեղ նշեցի, գյուղապետարանի միջոցներով են արվել: Որոշ աշխատանքներ կատարվել են <<Կարիտաս>> բարեգործական ընկերության, <<Փրկեցեք երեխաներին>> կազմակերպության և ՀՍՆՀ-ի ծրագրերի միջոցով: Դպրոցի վերանորոգումն արվել է պետբյուջեով:

Նախորդ տարի նրա լոկալ ջեռուցումն է անցկացվել: Հայ կաթողիկե եկեղեցու աջակցությամբ ու ներդրմամբ վերանորոգվել է գյուղի եկեղեցին: Տեղացիների օգնությամբ այստեղ ևս որոշակի ներդրում արվել է: Առհասարակ, ես կողմնակից եմ, որ համայնքին վերաբերող ցանկացած խնդրում անտարբեր չլինի և ակտիվություն ցուցաբերի  յուրաքանչյուր լանջիկցի: Այս դեպքում կբարձրանա մարդկանց թե՛  սրտացավությունը, թե՛ պատասխանատվության զգացումը համայնքի բարեկեցության ու զարգացման ապահովման նկատմամբ: Անհանդուրժելի է այն անտարբերությունը, որ բույն է դրել այսօր շատ մարդկանց հոգիներում և դարձել տխուր, ցավալի վարքագիծ: Կառուցելը համեմատաբար հեշտ է, քան այն պահպանելը: Գյուղացին այնքան սրտացավ պիտի լինի, որ ոչ միայն պահպանի եղածը, այլև առանց որևէ արտաքին միջամտության ինքը նախաձեռնություն հանդես բերի և քարը քարին դնի: Չէ՞ որ համայնք ասածը նրա յուրաքանչյուր անդամինն է: Հաճախ այնպիսի տպավորություն ես ստանում, որ միայն գյուղապետն է պարտավոր հոգալ համայնքի բոլոր մեծ ու փոքր խնդիրների մասին… Յուրաքանչյուրի ճիշտ, խելամիտ վերաբերմունքի ու մոտեցման դեպքում կունենանք բարեկարգ ու բարեկեցիկ համայնք: Գյուղը մերն է` բոլորինս, համայնքը մեր ընդհանուր տունն է, ուստի չպետք է անտարբեր լինենք և մի կողմ քաշվենք` անկախ ամեն ինչից: Պետական, հանրային մտածելակերպ դրսևորելու անհրաժեշտություն ունենք այսօր, դրա պակասը լավ բանի չի հանգեցնի: Եթե կա քաղաքացիական հասարակություն, ունենք զարգացած մարդիկ և լավ համայնք, ապա նրանց շարքերից անպայման կընտրվի լավ համայնքապետ: Ցավով պիտի նշեմ, որ մարդիկ այսօր, կարծես, չարացած լինեն, դարձել են չկամ ու նախանձ, անգամ եթե ֆինանսական, նյութական խնդիրներ չունեն: Ընդհանուր անտարբերություն է նկատվում չունևոր, կարիքի մեջ գտնվող մարդկանց նկատմամբ, մինչդեռ պարտավոր ենք կարեկից ու հոգատար լինել: Կարծում եմ, ժամանակ է պետք, որպեսզի այս ամեն վատը տեղի տա և ամեն ինչ բնականոն հուն վերադառնա…
        Խոսելով ընկերության մասին, Սեդրակ Առաքելյանը նշեց, որ իր համար ընդունելի են ազնիվ, շիտակ ու անկեղծ մարդիկ. <<Ունեմ շատ քիչ մտերիմ ընկերներ: Դպրոցական, բանակային, աշխատանքային ընկերները ժամանակի ընթացքում մաղվում, <<մաշվում>> են, մնում են միայն այն մարդիկ, ովքեր մտածում են քո մասին: Ունենալով տարբեր կարծիքներ, ընկերներն,  այնուհանդերձ, պետք է միևնույն ուղղությամբ մտածեն ու միևնույն գաղափարներով, սկզբունքներով առաջնորդվեն: Ընկերություն ենք անում նաև համայնքի ղեկավարներով: Առանձնացնեմ Ձորակապի Զարզանդ Սահակյանին, Ջրափիի Կամո Սարգսյանին…>>:
    Համայնքի ղեկավարի գործունեության մասին գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Կարինե Գրիգորյանը հետևյալն ասաց. <<Սեդրակ Առաքելյանն առաջինը լավ մարդ է, ապա միայն համայնքի լավ ղեկավար: Մարդկային բարձր հատկանիշների շնորհիվ կարողանում է համախմբել գյուղը, մարդկանց և լավ գործեր ձեռնարկել` ի շահ համայնքի ու նրա բնակչության: Նրանից շատ բան ենք սովորել ու այսօր էլ շարունակում ենք սովորել: Երբ աշխատանքի ընդունվեցի, սկսնակ էի, անփորձ և շնորհիվ պարոն Առաքելյանի բավարար փորձ ու հմտություն ձեռք բերեցի: Մարդկանց վերաբերվելու, նրանց բարձրացնելու ու գնահատելու ճիշտ ձևը գիտի: Համայնքն այսօր համախմբված ու միասնական է: Շատ հարցերով են նրան դիմում, խորհուրդ հարցնում: Կարեկից է յուրաքանչյուրի հանդեպ: Միշտ ջանում է օգնել կարիքի մեջ գտնվողներին: Ցանկացած դիմողի դժգոհ ու անպատասխան չի թողնի: Նյութապես աջակցում է հատկապես միակողմանի ծնողազուրկ ընտանիքներին: Չնայած գյուղապետարանի սուղ հնարավորություններին, օգնում է նաև դպրոցին, նրա ուշադրությունից չեն վրիպում տոներն ու հանդիսությունները, որոնց ժամանակ սիրում է հաճելի  անակնկալներ մատուցել գյուղի բնակչությանը: 2006-ին Շիրակի մարզից միայն նա է արժանացել ՀՀ վարչապետի հուշամեդալին: Քիչ համայնքապետեր կան, որ նման պարգևի են արժանացել: Իսկ 2011-ին համայնքի ավագանու որոշմամբ նրան Լանջիկի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել…>>:
     Համայնքի գործող ղեկավարը, ով ի դեպ սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրությանն առաջադրել է թեկնածությունը, իր հերթին հավելեց, որ միայնակ հնարավոր չէ նման բարձր արդյունքի հասնել: Եթե ունես լավ աշխատակազմ, բանիմաց ու մասնագետ աշխատակիցներ, ապա համատեղ ուժերով գործն առաջ կգնա և ցանկալի արդյունքի կհասնես: Տարբեր տարիների ստացած պատվոգրերն ու շնորհակալագրերը այդ աշխատանքի արժանի գնահատականն են: 
      Նշենք, որ համայնքային կենտրոնում գործում են պարի, ձեռագործության խմբեր, որոնք <<Հայ կաթողիկե միություն>> ՀԿ-ի կազմում են: Առանձին գործում է նաև սիտորյու կարատե դո մարտարվեստի խումբ, որտեղ հաճախող երեխաները մասնակցում են ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային առաջնությունների և արժանանում մրցանակների…

SHARE