Երախտապարտ եմ…

0
28
  Օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցի տնօրեն Սուրեն Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բոլորի կողմից մեծ հարգանք վայելող, պատվավոր հայ Կառլեն Լևոնիչի հետ ծանոթության առիթը վերջինիս թոռնիկն է եղել:
  -Նրա մասին,- ասաց պարոն Ղազարյանը,- շատ էի լսել, բայց անձամբ ծանոթ չէի: Մի օր երեկոյան տեսնում եմ, որ մի լավ ընկեր դպրոցի միջանցքում շրջում է և ուզում է ներս մտնի: Այդ նկատելով, նրան ներս հրավիրեցի: Ասաց. <<Թոռանս ուզում եմ բռնցքամարտի պարապմունքի տալ, այդ մարզաձևը սիրում եմ…>>: Ընդունեցինք, բնականաբար, երեխային, որ այնքան աշխույժ ու ժիր երեխա է, մինչև օրս էլ իմ փոքրահասակ պատանիների խմբի լավագույն սաներից մեկն է: Մեծ սպասելիքներ ունենք նրանից: Կառլենը պարապում է Հարութ Նազարյանի մոտ, արդեն երրորդ տարին է: Ահա այդքան էլ, երեք տարի, անմիջական կապ ունեմ Կառլեն Լևոնիչի հետ: 
 Այդ մարդու մեջ միայն մեծ մարդկայնություն, մեծ ընկերասիրություն ու մարդամոտություն եմ տեսել: Շատ օգնող, հասնող, ձեռք մեկնող մարդ է, մանավանդ` սպորտի մեր բնագավառին: Եղել են դեպքեր, երբ դպրոցի առաջնություններում միջոցառումներ անցկացնելիս ֆինանսական խնդիրներ ենք ունեցել, և Կառլեն Լևոնիչը, տեղեկանալով այդ մասին, իր պատրաստակամ օգնությունն է ցուցաբերել մեր սաների սննդի, ճանապարհածախսի և գործուղման այլ ծախսերի հարցում: Առհասարակ, նա իր այդ հրաշալի նկարագրով ու բարի կամեցողությամբ, առատաձեռնությամբ ու վեհանձնությամբ հանրահայտ է: 

    Լավ ընտանիքի հայր է, լավ պապիկ, լավ եղբայր: Նրա մոտ հյուրընկալվելիս, հանդիպել եմ տարբեր բնագավառների, տարբեր բնույթի շատ մարդկանց և, ճիշտն ասած, հաճախ եմ զարմացել, թե ինչպես է իրար գլխի հավաքում, մի սեղանի շուրջ նստեցնում այդքան տարբեր մարդկանց: Հետո ես հասկանում, որ դա հենց ընկերական շրջապատն է, ընկերների լայն շրջանակը, որին համախմբողը, միավորողը Կառլեն Լևոնիչն է` իր զարմանահրաշ էությամբ ու կախարդանքով: Երբևէ չեմ լսել, որ այդպիսի հավաք-հանդիպումների ժամանակ խոսք գնա քաղաքականության, այս կամ այն պաշտոնյայի, որևէ այլ առօրյա դեպքի մասին. ոգին մաքուր ընկերասիրությունն է, մտքի, գաղափարի  ուղղվածությունը: Որքան էլ մեր օրերում դա զարմանալի թվա, ինձ համար շատ ընդունելի է, հաճելի նման միջավայրում գտնվելը: 
     Միջավայր, որտեղ փոխադարձ հարգանքն ու վստահությունն են իշխում, որտեղ լսում են մեկմեկու և հաղորդակցվում բարու, գեղեցիկի հետ: Կառլեն Լևոնիչի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ իր շրջապատում բոլորի նկատմամբ միևնույն վերաբերմունքն ու մոտեցումն ունի, տարբերություն չի դնում ընկերների միջև, նրա համար բոլորն էլ հարազատ ու սիրելի են: Շատ հաճախ զարմանում եմ նրա ուժի, անսահման եռանդի ու ոգեշնչվածության վրա… 
    Հոյակապ հայ մարդ, նվիրյալ հայրենի հող ու ջրին, ընկերությանը, մարդկային բարձր արժեքներին: Թող Աստված նրան երկար տարիների կյանք տա, ամուր առողջություն պարգևի: Առիթից օգտվելով, ուզում եմ նախապես շնորհավորել մեր սիրելի Կառլեն Լևոնիչի 60-ամյա հոբելյանը, որը, թերևս, ոչ այնքան իր, որքան իր ընկերների, հարազատների, մտերիմների ու բոլոր-բոլորի համար կարևոր ու նշանակալից իրադարձություն է: 
    Նա իր ապրած կյանքով, իր էությամբ ու խառնվածքով, իրավամբ, մարդու, ընկերոջ լավ տեսակն է` արժանի ամենավեհ կոչման: Մեծ հայ է, նվիրյալ հայորդի, որ անշահախնդիր, ինքնազոհության աստիճան սիրում է իր հողն ու ջուրը, իր աննման երկիրը… Ճիշտ են ասում, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում: Հրաշալի թոռնիկ ունի Կառլեն Լևոնիչը, որ մեր շնորհալի ու խոստումնալից սաներից է: Անպայման մեծ հաջողություններ կունենա կրտսեր Կառլենը մեր ասպարեզում, եթե, իհարկե, շարունակի պարապել ու կատարելագործել վարպետությունը: Դա որպես մասնագետ եմ ասում, քանզի տեսնում եմ նրա նվիրումն ու ձգտումը, ֆանատիզմը: Ուրախ եմ, որ պապն իր հերթին է քաջալերում թոռանը, և Աստված տա, որ բոլոր երեխաներն այդպիսի պապիկ ունենան… 
    Երախտապարտ եմ Կառլեն Լևոնիչին` իր շատ լավ մարդ ու հրաշալի ընկեր լինելու համար…
SHARE