Երանի ես նրան շուտ ճանաչեի…

0
34
Անկեղծանում է մարզական մեկնաբան Վարդան ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ
 -Կառլեն Լևոնիչին ճանաչում եմ ընդամենը երկու տարի: Մինչ այդ նրա մասին լսել էի ընկերներիցս: Ընդ որում, նրանք բոլորն էլ` թե՛ մարզաշխարհի, թե՛ արվեստի մարդիկ, թե՛ քաղաքական գործիչներ և այլք, միաբերան խոսում էին Լևոնիչի մասին, իսկ ես դեռ այդ մարդուն անձամբ ճանաչելու առիթ չէի ունեցել: Երբ արդեն գիտեի և միասին ԱՄՆ էինք գնացել, այնտեղ էլ մարդիկ կային, որ լսել էին Լևոնիչի մասին և ուզում էին գոնե մեկ անգամ պարզապես իրեն տեսնել` ճանաչելու այն մարդուն, ում մասին ողջ Լոս Անջելեսն էր խոսում: Ծանոթ-անծանոթ հետաքրքրված էին իրենով և ուզում էին թեկուզ ձեռքը սեղմել և ասել. <<Հալալ է քեզ…>>: Նման երևույթի, նման ինքնաբուխ  հետաքրքրության, խոստովանենք, մեր շրջապատում այնքան էլ չենք հանդիպի: 
   Մեր ծանոթանալու առիթը Վիկ Դարչինյանն էր, ում մասին պարբերաբար հեռուստահաղորդումներ էի անում: Լևոնիչն ամեն անգամ Վիկի հաղթանակից հետո Հայաստանում մատաղի արարողություն էր կազմակերպում, որին մասնակից դարձա նաև ես: Երբ Լևոնիչին արդեն ծանոթ ես, նրա <<բիոտոկերը>> քեզ քաշում են, հրավերի անգամ թեթև ակնարկի դեպքում նրան մերժելու որևէ ցանկություն մեջդ չի կարող առաջանալ: Այնքան լավն ես լսել նրա մասին, որ ուզում ես անպայման նրա ընտանեկան օջախում հյուրընկալվել, արժանանալ այդ մեծ պատվին: Ինքը շիտակ ու ուղղամիտ է` եթե մեկի չսիրեց, պարզ կասի: Նրա սեղանի շուրջ նստում են մարդիկ, ովքեր իրենց մասնագիտությունը, ով լինելը բացարձակապես մոռանում են և դառնում ընկերներ: Հարցնելու առիթի դեպքում, թե ինչ միջավայր է, ես անվարան պատասխանում եմ` 20-րդ դարասկզբի թումանյանական վերնատունն է, որտեղ հավաքվում են մտավորականներ, որտեղ հավաքվում են մարդիկ, ովքեր անցյալ ունեն, ովքեր ներկա ունեն, ասելիք ունեն, գալիս են` զբաղվելու, ծանոթանալու, շփվելու, մի կտոր հաց կտրելու և, ի վերջո, հոգեպես հանգստանալու: Կառլեն Լևոնիչն  ստեղծել է մի աուրա, որտեղ դու քեզ հանգիստ ու վստահ ես զգում: Եվ պատահական չէ, որ նրա որդին` Արթուրը, բացեց <<Կառլլևոնի>> արվեստի սրահը. Լևոնիչի բնավորությունը արվեստագետի բնավորություն է, սպորտի մարդու բնավորություն է, մեծ մտավորականի բնավորություն է: Ինքն ամեն ինչ է: Երբ ես իմ հաղորդումներն անում եմ այդ սրահում, հասկանում եմ, թե ինչքան սրտացավ է Լևոնիչը, և պիտի ասեմ, որ այդ գործն Արթուրի հիմնադրմամբ իրենց համար չեն արել, արել են ընդհանուրի շահերից ելնելով: 

   Ոչ մեկի ծննդյան օրը չի մոռանում, ոչ մի առիթ բաց չի թողնում, տխուր առիթների դեպքում առավել ևս պատրաստակամ ներկա է: Շատ մեծ հիշողության տեր անձնավորություն է: Իր բոլոր ընկերներին լուսանկարում է, պահում հեռախոսի մեջ. ով զանգահարում է, իրեն նկարով է տեսնում, ինքը դեմքին նայում է, ամեն մեկը ժպիտով արդեն իրեն բարևում է: Դա այնքան կարևոր է… Ես իմ շրջապատում այդտեսակ մարդու չեմ հանդիպել: Ասում են, ընկերոջ հետ պետք է ճանապարհ գնալ: Խորեն Հովհաննիսյանի և Կառլեն Լևոնիչի հետ վերջերս ԱՄՆ մեկնեցի` Վիկ Դարչինյանի մարտը դիտելու: Երկու շաբաթ շատ հետաքրքիր ժամանակ ենք անցկացրել միասին: Ես հասկացա, որ նա իմ ավագ ընկերն է, և այսօր հպարտ եմ, որ Լևոնիչի նման ավագ ընկեր ունեմ, ում կարող եմ մեծապես վստահել: Եթե այսօր Երևանում եմ և ԱՄՆ-ում չմնացի, ապա դրա <<մեղավորը>> նա է: Որքան լավ բան կա, կարող ես իր հասցեին ասել: Շատ քիչ է պատահում, երբ մարդու մասին ուզում ես կարծիք հայտնել և այդ կարծիքում լավն այնքան շատ է, որ չգիտես` որն ասես, որպեսզի կարողանաս բավարարել պահանջը: 
   Կառլեն Լևոնիչի 60-ամյակն է մոտենում, և ինքը խուսափում է այդ առթիվ իր համար ինչ-որ բան անել, այն դեպքում, երբ պատրաստակամ է բոլորի համար անելու ամեն անհրաժեշտը: Իրեն նեղություն տալով ուրիշին լավություն է անում: 21-րդ դարի մեր իրականությունում չգրված օրենք է դա: Ես ինքս այդպիսին չեմ, չեմ կարող լինել այնպես, ինչպես Լևոնիչն է: Փորձում եմ նմանվել, մի բան անել, հաճոյանալ մեկին և այլն, բայց միևնույն է, Լևոնիչի արածը չեմ կարող անել: Աստծուց պարգևած բնավորություն է Լևոնիչին տրված: Եղբոր կորստի ցավը սրտում ունենալով, նա անպայման հարգում է ցավ ունեցողին: Առիթների դեպքում շատ չի խոսում, կենացներ չի ասում, սիրում է միայն ասել` եկեք խմենք մեր ապուպապերի համար, մեր մեծերի համար, այն մարդկանց համար, ովքեր քո, քո ազգի համար արել, ինչ-որ բան թողել են, որ դու այսօր հպարտ ու կայացած անձնավորություն ես, որ դու կաս, անուն ու պատիվ ունես, դրանում քո ապուպապերն իրենց վաստակն ունեն: Լևոնիչն այդ անձնավորությունն է: Ես հպարտ եմ, որ նրա ժամանակակիցն եմ, ուրախ եմ, որ կարող եմ նրա հետ ընկերություն անել, որ նրա հետ միասին ճանապարհ գնալու պատվին եմ արժանացել: Ես ԱՄՆ-ում հասկացա, թե ով է Լևոնիչը: Շատ եմ գնացել-եկել, շատ ընկերներ ունեմ, բայց այն հարգանքն ու պատիվը, այն մոտեցումը, այն վերաբերմունքը, որ մարդիկ, չտեսնելով և միայն լսելով նրա մասին, զգաստ կանգնած էին` պատրաստ նրա համար ինչ-որ բան անելու, հաճոյանալու /ինչից նա միշտ խուսափում է/, դա լրիվ բավարար էր Լևոնիչին իրապես ճանաչելու համար: Երբեք չէր ուզում, որ մեկն իրեն նեղություն տա, մի բան անի իր համար, մինչդեռ հարյուրավոր մարդիկ պատրաստ դրան էին սպասում: 
   Լևոնիչը լավ հայր է, լավ պապիկ: Ամերիկայում միայն թոռների համար էր նվեր  առնում, ընկերոջ երեխաների համար, իր աշխատողների համար: Եթե գիտի, որ այս կամ այն բանը ընկերը սիրում է, պատրաստ է իր հետ արտասահման տանելու` ինչ գնով ուզում է լինի: Հակառակ դրան չի սիրում, որ որևիցե մեկն իր համար նեղություն կրի, լրացուցիչ ծախս անի, երբ ինքը պատրաստակամ է բոլորի համար: Վիկի համար այնքան հպարտ էր, որ հասել էր ԱՄՆ: Շատ լավ հումոր ունի: Ընկերներով սիրում ենք նարդի խաղալ, ինքը պարտվել չի սիրում, բայց նաև, հաղթելու դեպքում, երբեք դիմացինին ցույց չի տա, որ խաղալ չգիտի: Իր կերպը բնութագրող բաներ եմ ասում: Երանի թե իրեն նման մենք շատ հայեր ունենայինք, իսկ միգուցե` կան: Մարդիկ կան, որ կարող են այդ բաներն անել, բայց նման քայլի չեն գնում կամ ռիսկ չեն անում: Լևոնիչը կարողանում է բոլորին կանչել, հրավիրել, համախմբել, բոլորն իրեն լսում, հավատում են: Մարդու բնավորության ամենակարևոր գծերից մեկն այն է, որ լսում է դիմացինին և գնահատում է նրա արածը: Արածդ լավ գործը բոլորի ներկայությամբ կբարձրացնի, կփառաբանի: Ընկերոջն ազգանունով է դիմում` այդպես մեծարելով նրան: Հարգում է թե՛ մեծին, թե՛ փոքրին: Գնահատում է մարդուն` անկախ այն բանից, ով է, ինչ պաշտոն կամ զբաղմունք ունի: Աստվածատուր անձնավորություն է: Իմաստալից կյանքով է ապրում: Ծնողին արժանիորեն հարգել, գնահատել գիտի: Խոսքով չէ` գործո՛վ, վերաբերմունքո՛վ: Նույն ոգով էլ դաստիարակում է զավակներին ու թոռներին: Թոռանն Արթուրիչ է կոչում` մեծ մարդու տեղ դնելով նրան: Թոռը լավ էլ հասկանում է պապին: Երանի ավելի շուտ ճանաչեի նրան` ավելի շատ բան կսովորեի…   
   Նշեցի, որ չի սիրում, երբ իր համար մեկը մի բան է անում, դրանից նեղանում է ու վատ զգում իրեն, որ մեկն իրեն նեղություն պիտի տա ու Լևոնիչի համար ինչ-որ բան անի: Մինչդեռ ինքը միլիոնավոր անգամներ իրեն նեղություն է տալիս` դիմացինին հաճույք, բավականություն պարգևելու համար: Մոտենում է իր 60-ամյակը, մտածում ես` ինչ անես, որ հաճելիորեն զարմացնես իրեն, չնայած դա անչափ դժվար կլինի, քանի որ ինքը կյանքում ամեն ինչ տեսել է: Շատ տեսել է, շատ վաստակել, շատ ծախսել: Ընկերներով շատ կուզենանք նրան հաճելի անակնկալ անել, մնում է այդ օրը նրան կարողանանք բռնացնել, անհասանելի չլինի… 
   -Ի՞նչ է ընկերությունը հեռուստալրագրող Վարդան Թադևոսյանի համար:
   -Առհասարակ, դու պիտի լավը լինես, որ կարողանաս լավ ընկեր լինել: Պիտի կարողանաս քեզ նեղություն տալ, որ ընկերոջդ համար լավ բան արած լինես: Ընկեր կոչվելու իրավունքը պիտի վաստակել: Ընկերոջ հետ պիտի ճանապարհ գնալ, սեղան նստել: Պիտի այնքան լավ ընկեր լինել, որ ընտանիքներով ընկերություն անել, ինչի դեպքում ընկերությունն ավելի հաստատուն է դառնում: Եթե ընկերդ է, ապա լավն է ու վստահելի: Այնքան վստահ պիտի լինես ընկերոջդ վրա, որ իր ծանոթացրած անձնավորությանն այլևս <<դիագնոստիկա>> անելու կարիք չզգացվի: Ընկերներ շատ ունեմ, մարդիկ, ում հետ արդեն 40 տարի մտերիմ ենք: Մանկությանս ընկերներից կան: Մենք նեղ ու դժվար օրեր ենք ապրել միմյանց հետ: Համարում եմ, որ նեղ օրերին, երբ մարդիկ իրար հետ ճանապարհ են անցել, իրար հետ անքուն գիշերներ  լուսացրել, ավելի ամուր հիմնաքար է դրվում ընկերության համար: Ընկերոջ հետ արված քայլերով պիտի ասես` ով է ընկերդ, դու ինչ կարող ես անել նրա համար: Խոսելով չէ: Կյանքում պիտի կարողանաս անել այն, ինչը հաճելի է դիմացինի համար: Քեզ նեղություն տալով պիտի կարողանաս դիմացինին լավություն անել: Ինձ համար ընկեր բառի այդ ֆենոմենը, այդ գաղափարը Կառլեն Լևոնիչն է: Ես չեմ ասում, թե իր ընկերն եմ, դեռ այդ աստիճանի չեմ հասել, որ իրեն համարձակվեմ ընկեր կոչել: Լևոնիչն այն անձնավորությունն է, որ ինձ համար յուրօրինակ էտալոն է, չափանմուշ: Այնպես պիտի պահել ընկերությունը, ինչպես նա է պահում-պահպանում: Պիտի սովորել, ընդօրինակել լավը: Ես փորձում եմ սովորել Լևոնիչից… Ընկերոջից շատ բան կարող ես սովորել: Եթե ընկերոջիցդ սովորում ես, ուրեմն ընդունակ ես լսելու, տեսնելու, հասկանալու, գնահատելու… Ինձ համար Կառլեն Լևոնիչը ընկերության իդեալն է: 
 -Լրագրողական ընկերություն լինո՞ւմ է, կա՞ ինչ-որ առանձնահատկություն կամ յուրահատուկ գիծ:
 -Ես 27 տարի հեռուստատեսությունում եմ, և վստահ եմ` փողոցով քայլեմ, ինձ ոչ ոք չի հայհոյի կամ վատ խոսք ասի: Ըստ իս, վաստակել եմ մարդկանց, շրջապատի հարգանքը: Մարզաշխարհը մեծ է, վերջին մի քանի տասնամյակներին քանի սերունդ է եկել, գնացել, բայց այսօր ես մնացել ու աշխատում եմ, ընդունվում ու գնահատվում եմ: Այսօր եթե Յուրի Վարդանյանն ասում է, որ Վարդանը ոչ թե լրագրող է, այլ իմ ընկերը, կամ Խորեն Հովհաննիսյանն է ինձ ընկեր ընդունում, նույնը` նաև այլ մեծութուններ, ապա նշանակում է, որ իմ աշխատանքով վաստակել եմ ընկեր կոչվելու իրավունքը: Անշահախնդիր արել եմ իմ գործը, հանուն ընկերոջ նաև տքնել ու չարչարվել: Աշխատանքով ծառայել եմ իմ գործին, որը մարդկանց ուրախություն, բավարարվածություն ու հրաշալի պահեր է պարգևել: Մասնագիտությանս հավատարիմ եմ մնացել և երբևէ չեմ դավաճանել սկզբունքներիս: Լրագրողի մասնագիտությունն այնպիսին է, որ կարող է մարդուն կամ բարձրացնել, կամ գցել: Եթե հանկարծ սխալվես, ապա մարդկային ճակատագրերի հետ գործ կունենաս: Եթե կարող ես լավն անել, ապա այնպես պիտի անես, որ ոչ թե դու դրանից հաճույք ստանաս, այլ դիմացինը: Քո աշխատանքը ճիշտ, մասնագիտորեն կատարելով, կարող ես ընկերոջդ բարի, լավ ծառայություն մատուցել: Ջանացել եմ իմ կյանքում, աշխատանքիս բերումով հատկապես, մարդկանց որևէ վատություն չանել: Այնքան հե՜շտ է վատություն անելը… Խոսքը, մասնավորապես, մարզաշխարհի մարդկանց մասին է: Այսօր դու մեծ սպորտսմեն ես, բարձունքում ես, բոլորը քեզ ծափահարում են, բայց գալիս է մի պահ, երբ կարող է սայթաքես, անհաջողության մատնվես: Ահա, այդ նեղ պահին եթե նրա կողքին չլինես, ապա ի՜նչ արժեք ունի քո աշխատանքը… Պիտի քեզ նեղություն տաս, ծանր պահին նրա կողքին կանգնես, որպեսզի, իրոք, մնաս ընկեր: Դիմացինը պետք է հավատա լրագրողին, ինչի դեպքում պատրաստ կլինի քեզ հետ աշխատանք տանելու: Մարդը, առհասարակ, պիտի կարողանա ընկեր անունը վաստակել: Եթե մեկը մեկին հարգեց, սիրեց, ընդունեց, վստահեց, ուրեմն կայացած ընկերություն է ձևավորված: Հնարավոր է, քո մասնագիտության տեր մարդու հետ դժվարանաս ընկերություն անել, զուտ աշխատանքային լինի: Երբ տարբեր բնավորության, տարբեր մասնագիտության տեր մարդիկ իրար հետ ընկերություն են անում, շատ ավելի հետաքրքիր է լինում: Ես ապրում եմ այնպես, որ երեխաներս հպարտանան ինձանով… <<Վերադարձող ակնթարթ>> հաղորդաշարս, որտեղ անդրադառնում եմ սպորտի մեծերին, պատահական չեմ արել: Ցավում եմ, որ այսօրվա երիտասարդությունը անտարբեր է այն մարդկանց հանդեպ, չի ճանաչում այն մարդկանց, ովքեր տասնամյակներ առաջ այս ազգի համար մեծ բան են արել, և հիմա այդ մարդիկ փոքրիշատե հարգալից վերաբերմունքի, գնահատման կարիք ունեն: Բոլոր մեծերին պիտի մեծարել… Կառլեն Լևոնիչն այդ մարդկանցից է, մարդ է մեծատառով: Ապրում է լավով, լավի համար, իմաստալից ու բովանդակ կյանքով: Այնքան կուզեի գոնե նրա արածի կեսի  չափով հասցնել անել իմ կյանքում: Նա ստեղծած ամեն հնարավորություն ծառայեցնում է ընկերությանը: Պիտի նշեմ, որ նշածս հաղորդաշարն անցկացնում եմ <<Կառլլևոնի>> արվեստի սրահում: Սրահը ինձ համար սպորտի մեծերի հետ հանդիպատեղի է դառնում: Սրահը, ինչպես գիտենք, Լևոնիչի որդին` Արթուրն է հիմնադրել: Իսկ Արթուրի յուրաքանչյուր քայլ, եթե լավն է, ուրեմն Լևոնիչը, որպես հայր, այդտեղ իր արժանի վաստակն ունի: 
    Ուրախ եմ, որ այսօր Լևոնիչի մասին կարող եմ խոսք ասել, սրտիս անկեղծ ցանկությունն արտահայտել: Շնորհակալ եմ, որ այդ պատվին արժանացրիք, պատիվ` խոսելու մեծանուն ընկերոջ, մեծ մարդու մասին: Մարդ, որ իր ամբողջ  էությամբ ու հնարավորություններով կանգնած է յուրաքանչյուրի կողքին, և եթե մենք էլ մեր հերթին կարողանանք մեր աշխատանքով որևէ կերպ նպաստել նրա դավանած սկզբունքների ու գաղափարների իրագործմանը, ապա կարելի է համարել, որ մեր ընկերության նավի առագաստները միշտ հաղթական կծածանվեն ու անարգել առաջ կտանեն բոլորիս…  
SHARE