Երբ ամենակարևորը` ձգտումը, կա

0
10

Ուրեմն հաջողություն ու դրական արդյունք էլ անպայման կլինեն

Հավատարմություն

-Համայնքի ղեկավար ընտրվելուս նպատակն այն էր,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում անկեղծացավ Արմավիրի մարզի Արտիմետ համայնքի ղեկավար Վարդան Միրզախանյանը,– որ բարեփոխումներ իրականացնեմ գյուղում: Բավականին շատ գործ կա անելու, և առանց ժամանակ կորցնելու անում ենք: 2016 թ. աշնանից սկսած, երբ ընտրվեցի, ահագին աշխատանք է արվել: Մասնավորապես, դաշտամիջյան անանցանելի ճանապարհներն ենք կարգի բերել: Ծառատունկ ենք իրականացրել` մոտ 700 տնկի կենտրոնական փողոցներում և դաշտամիջյան ճանապարհներին: Ամեն օր, քայլ առ քայլ, մի բան փորձում ենք անել` մինչև կունենանք բարեկարգ համայնք: Մտահոգիչը ժողովրդի սոցիալական ծանր վիճակն է, ինչի հետևանքով և հարկերի մուծման դժվարությունների ենք հանդիպում: Ամեն տարի բերքի իրացման խնդիրներ են առաջանում: Մարդը վարկերով, պարտքերով մեծ դժվարությամբ հողը մշակում է, բայց բերքի իրացման ժամանակ հազար ու մի խնդիր է ծագում: Ահա առաջին հերթին այս հարցում պետք է կանգնենք գյուղացու կողքին ու ջանանք օգնել նրան: Մեր գյուղացին աշխատասեր է, այսօր անմշակ հողակտոր չունենք, անգամ հարևան համայնքներում ենք հողեր վարձակալել, որտեղ ներգրավված են նաև երիտասարդները: Սակայն… Մեր շուկան փոքր է արտադրված գյուղմթերքի համար: Խնդրի կարևորությունը պարտադրում է, մասնավորապես, արտահանման ուղիներ փնտրել, ինչի նպատակով դիմելու ենք նաև վարչապետին, մարզպետին: Դրական ելքի դեպքում մեր ընդհանուր վիճակի բարելավումը երաշխավորված կարելի է համարել: Ապահովված գյուղացին նշանակում է նաև փոքրիշատե ապահովված համայնքային բյուջե, ինչի դեպքում արդեն ի վիճակի կլինենք բավարար աշխատանքներ կատարել: Իսկ այսօր մի կերպ փորձում ենք ինչ-որ բաներ անել` էլի նույն այդ ամենազոր ընկերության շնորհիվ: Մարդը որտեղ էլ աշխատի, իհարկե, պիտի ընկերություն ունենա, շրջապատ, հարգանք վայելի: Ընկերության շնորհիվ է, որ դարձել եմ համայնքի ղեկավար: Ընկերներիցս մեկն իր տեխնիկան է տրամադրում, մյուսը` մի այլ բան, և այդպես գործերն առաջ ենք տանում: Ամեն մեկն իր չափով օգնում է: Որտեղ ընկերություն, այնտեղ մաքրություն, ազնվություն: Ընկերության մեջ ի հայտ են գալիս մարդկային ամենալավ որակները, առանց որի հնարավոր չէ ընկերություն ստեղծել ու պահպանել: Որքան էլ զբաղված լինես, ընկերության համար պարտավոր ես ժամանակ գտնել: Դրսում էլ ընկերություն ունեմ և մտածում եմ նաև նրանց աջակցությամբ լուծել համայնքի ինչ-ինչ խնդիրներ, մասնավորապես` բերքի արտահանման, դրսում վաճառքի կազմակերպման առումով: Մի խոսքով, ընկերներս իմ հարստությունն են…

Հավելեց, որ համայնքների ղեկավարներից մտերիմ է հատկապես Գրիշա Հարությունյանի /Դողս/ և Վաչիկ Գրիգորյանի /Ծիածան/ հետ: Մինչև համայնքի ղեկավար ընտրվելն էլ Վարդան Միրզախանյանը մտահոգված է եղել գյուղի հոգսերով, պատրաստակամ կանգնել համագյուղացիների կողքին: Իսկ այսօր արդեն, կարելի է ասել, այդ հոգսերի ու խնդիրների կիզակետում է` պատասխանատվության մեծ բեռ կրելով իր ուսերին: Կանգնած է ցանկացած կարիքավորի կողքին

Գործում է հիմնանորոգված մանկապարտեզ` իր 50 սաների աշխույժ եռուզեռով: Բակի բարեկարգումն առաջիկա ծրագրերում է: Գյուղապետարանի շենքը վերջերս են նորոգել, ինչում անձնական ներդրում են ունեցել թե՛ համայնքապետը, թե՛ ընկերները: Մարզադպրոցում ըմբշամարտով է զբաղվում շուրջ 50 երեխա, այս մարզաձևից քիչ հաջողություններ չունեն: Գործում են նաև պարի խմբեր: Նորընտիր համայնքապետը հնարավոր ամեն ինչով օգնում է, որպեսզի շնորհալի երեխաները կյանքում գտնեն իրենց տեղը:

Արտիմետը շատ լավ դպրոց ունի, որտեղ մեր այցելության օրը <<Հաղթական մայիս>> խորագրով միջոցառում էր անցկացվում: Մասնակցում էր նաև գյուղապետը: Դպրոցի տնօրեն Արտակ Գյոզալյանը մասնավորապես ասաց. <<Ես ընտրություններին չեմ պաշտպանել Վարդան Միրզախանյանի թեկնածությունը, քանի որ նրա հետ մրցապայքարի մեջ էր դասընկերս: Վարդանն իմ աշակերտն է եղել, էլի իմ կողմից շատ սիրված ու հարգված անձնավորություն է: Տվյալ պարագայում կարելի էր ենթադրել, որ մեր միջև կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվելու: Փառք Աստծո, նման բան չկա, և մեր համագործակցությունը շատ սերտ է: Երիտասարդ, էներգիայով լի գյուղապետ է, կամքի մեծ ուժով ու վճռականությամբ, արդեն կարճ ժամանակահատվածում հասցրել է լավ կողմերով իրեն դրսևորել, գործ անել: Ես ժառանգել եմ վթարային դպրոց, այսօր այն կոչվում է փոքրիկ դրախտ: Միայնակ ոչնչի չէի հասնի, եթե կողքիս չլիներ այսօր արդեն նախկին համայնքապետը, ում գործը հավատարմորեն շարունակում է Վարդան Միրզախանյանը: Համախմբված ավելի մեծ արդյունքների կարող ենք հասնել: Աշխատանքներ տարվում են գյուղում, և կա ամենակարևորը` ձգտումը, եռանդը: Բոլորս պետք է համախմբվենք գուղապետի շուրջը և թև ու թիկունք լինենք նրան, աջակից, ինչպիսին որ նա է մեր բոլորիս հանդեպ: Հայրենասեր է, հետևողական իր գործում, ինչը հաջողության լուրջ գրավական ու երաշխիք է…>>:

 

SHARE