Երբ աշխատանքն ու նվիրումը կան

0
28

Հաջողություններ անպայման կլինեն` ցանկալի պտուղներ տալով

 Եռանդ

  Ղազար Ղազարյանը Ջրարբի համայնքը ղեկավարում է 2008 թվականից: Մինչ այդ գյուղապետն ընկերն էր` Միսակ Սարգսյանը, իսկ ինքը տեղակալն էր: Այսօր հակառակն է` ընկերն է իր տեղակալը: 2005-ին երկու ընկեր 15 կետից բաղկացած ծրագիր առաջադրեցին, որն ամբողջությամբ, 4 տարվա ընթացքում, իրագործեցին` իրենց խոստման տերը լինելով:

  Գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Անուշ Արեյանը նշեց, որ ամենակարևոր աշխատանքներից մեկը խմելու ջրի բավարարումն էր: Անհավանական էր թվում, որ այն երբևէ իր լուծումը կստանա, եթե նկատի ունենանք համայնքային բյուջեի ֆինանսական սղությունը: Համայնքի ուժերով 3 հոր հորատվեց` 5 մլն դրամ ներդրումով: Ահա, այդպես, դրան հետևեցին կոյուղագծի անցկացումը, մշակույթի տան վերանորոգումը, գիշերային լուսավորության անցկացումը և այլն:

  -Ով աշխատում է,- ասաց պարոն Ղազարյանը,- նա էլ հավատում է հաջողությանը, արդյունքին: Աշխատում ու աշխատում ենք` չնայելով, թե գիշերվա որ ժամն է: Շաբաթ-կիրակի չունենք, բոլորս էլ սրտացավորեն աշխատում ենք: Սկսել ենք զրոյից` դեռ պարտքեր էլ <<շալակելով>>: Գյուղապետարանն ընդունել ենք 4 մլն դրամ պարտքով. ժամանակի ընթացքում ոչ միայն դա մարեցինք, այլև ահռելի աշխատանքներ կատարեցինք: Տնտեսման և կոլեկտիվի քրտնաջան, թիմային աշխատանքի արդյունքում: Ամեն արվածը գյուղապետարանի միջոցներով է իրագործվել: Հիմա արդեն այն պահն է, որ մեր ստեղծածը պիտի պահպանենք, զարգացնենք ու հնարավորությունները կատարելագործենք: Ներկայումս մանկապարտեզն ենք հիմնանորոգում, հաջորդ քայլը կլինի այն գույքով ապահովելը և այդպես շարունակ: Վստահելով աշխատողներիս, միաժամանակ հետևողական եմ ու խստապահանջ: Գերխնդիրը եղել և մնում է այն, որ գյուղացին մեզ հետ հարաբերվելիս գոհ ու բավարարված զգա իրեն, դժգոհելու առիթ երբևէ չունենա…

  Այսօր համայնքապետին ամենից շատ մտահոգում է ճանապարհների անբարեկարգ վիճակը, ինչպես նաև դպրոցի շենքն օր առաջ վերանորոգելու խնդիրը: Այս երկուսն արդեն համայնքի բյուջեի հնարավորություններից վեր են, ուստի դիմել են պատկան մարմիններին:

  -Գյուղն առանց մշակութային կյանքի,- ընդգծեց համայնքի ղեկավարը,- անհնար է պատկերացնել: Ահա թե ինչու մեծագույն ջանքեր գործադրեցինք` վերանորգելով մշակույթի տունը: Դրանից հետո արդեն անցանք խմբակների ստեղծմանը: Այսօր ունենք պարի, երաժշտական, մարզական /շախմատ/ խմբակներ: Այդ առումով իսկական եռուզեռ ենք ապրում, նաև հարևան համայնքներից են գալիս: Տոները մեծ շուքով ու հանդիսավորությամբ ենք նշում` մեր բնակիչներին հաճելի անակնկալներ պարգևելով: Մարտի 8-ն ենք իսկական տոն դարձնում մեր աղջիկների ու կանանց համար: Մյուս տոներն ու իրադարձությունները ևս մեր ուշադրությունից դուրս չեն մնում: Հատկապես երեխաների նկատմամբ ենք առավել հոգատար, իսկ դպրոցականների հոգսերի մի մասը մենք ենք կամովին ու պատրաստակամ ստանձնում: Մի շատ կարևոր գործ արեցինք: Խոսքը ֆուտբոլի դաշտի կառուցման մասին է, որը շատ ծախսատար էր…

  Շարունակելով կիսատ մնացած խոսքը, Անուշ Արեյանն այնուհետև հավելեց. <<Ղազարյանի հետ աշխատելը շատ հեշտ է, քանի որ բանիմաց է ու խելացի: Նրա համար ամենակարևորը բնակչի նկատմամբ վերաբերմունքն է` ճիշտ, կշռադատված մոտեցում, հասկանալու, պատրաստակամորեն օգնելու ցանկության մեծ դրսևորում, իրոք, մարդավայել վերաբերմունք: Գյուղացին վստահ է, որ եթե դիմեց գյուղապետարան, ապա ոչ մի դեպքում մերժված կամ չբավարարված չի հեռանա: Վստահ են բոլորն էլ ու համոզված, որ գյուղապետն անկեղծ նվիրումով համայնքի, իրենցից յուրաքանչյուրի հետ է, կողքին կանգնած: Ղազարյանը շատ մեծ հարգանք ու հեղինակություն ունի, գնահատվում է բնակչի կողմից: Այդ ամենն, ինչ խոսք, պատահական չէ…>>:

  Մանվել Փալանդուզյանը, համագյուղացիների կարծիքն արտահայտելով, նշեց, որ պատրաստակամորեն են վճարում իրենց հարկուտուրքը, քանի որ առավել քան վստահ են ու համոզված, որ այդ գումարները նպատակին են ծառայում , ծառայում են գյուղի շենացմանն ու զարգացմանը: Ասաց, որ շատ գոհ են իրենց ղեկավարից, նրանից առայսօր ոչ մի վատ բան չեն տեսել` լավից բացի: Բնակիչների կողմից գնահատելի են նրա անսահման աշխատասիրությունը, մարդասիրությունը, մարդամոտությունը, մեծահոգությունը…

  Ահա թե ինչու նրանք բոլորն էլ, ինչպես հավաստիացրեցին, մեկ մարդու պես առաջիկա ընտրությանն իրենց քվեն տալու են Ղազար Ղազարյանին` որպես լավ մարդու ու լավ ղեկավարի: Վերջինիս, անշուշտ, դա առավել է պարտավորեցնում` հարազատ գյուղի համար նոր ծրագրեր ու մտահղացումներ կյանքի կոչելու համար: