Երբ իշխանությունն է անպատասխանատու`

0
22

ներկան է վտանգվում, իսկ երբ ընդդիմությունը, ապա մեր ապագան է ջնջվում…

  Այսօր մեր ժողովրդին պատած անտարբերության պատճառները մի քանիսն են: Մեկն այն է, որ նրան շատ են հիասթափեցրել: Ճռճռան, ամպագոռգոռ կոչերով ակտիվացրել են ժողովրդին, ապա տարել պարտության, ինչից հետո անգամ ամենաթթու ներողությունը չեն խնդրել:

  Երբ տեսնում ես, որ իշխանությունները շատ հարցերում անպատասխանատու են, ապա ջղայնանում ես` հասկանալով, որ նրանք մեր ներկան են վտանգում: Իսկ երբ տեսնում ես, որ ընդդիմադիրներն են անպատասխանատու, հասկանում ես, ցավոք, որ նրանք մեր ապագան են ջնջում, որովհետև անպատասխանատվությունն ընդդիմության միջոցով անցնում է դեպի ապագա:

  Երբ ժողովուրդը տեսնում է, թե ինչպես են հերթական պայքարի տապալումից հետո առաջնորդները կույսերի նման պահում իրենց և դեռ ավելին` նոր ցասման ալիք են ուզում բարձրացնել, համատարած հիասթափությունն առավել է խորանում: Այնինչ, պետք է լավ հասկանան, որ ժողովրդին թերագնահատել պետք չէ, և իզուր է նոր ակտիվության սպասելը: Ահա, թերևս, հիմնականում այդ պատճառով ժողովուրդն անտարբեր է նաև սահմանադրական ընթացիկ անցուդարձի նկատմամբ:

  Հայի հետ հայի լեզվով չեն խոսում: Մեր լեզուն արդեն չի համապատասխանում իրականությանը: Ասես, միտումնավոր խոսում են մի լեզվով, որ մարդիկ չհասկանան, և դա շատ հաճախ արվում է <<գրանտակերների>> միջոցով: Մինչդեռ ցանկացած փոփոխություն պահանջողը պետք է պարզ լեզվով ու հստակ ունենա ընկալելի ծրագրի իր տարբերակը:

  Ընդդիմադիրներից ոչ ոք չի հասկանում մի պարզ բան. դու կարող ես մարդու վստահությունը վայելել, երբ ծրագրում ասում ես, որ այս հարցում, այս ժամանակահատվածում միջանկյալ արդյունքներ ես ունենալու և այլն: Գրված պիտի լինի, թե ով է գլխով պատասխանատու լինելու, եթե արդյունքներ չլինեն…

  Մենք ժողովրդին հիմարի տեղ ենք դնում, ժողովուրդն արտագաղթում է ոչ այնքան վատ իշխանության պատճառով: Հիմնական պատճառն այն է, որ նա չի վստահում իր ապագային: Իսկ ապագայի վստահության սուբյեկտն ընդդիմադիրների որակն է: Եթե ընդդիմադիրն իր նշած բաները չի անում, ուրեմն ժողովուրդը խաչ է քաշում իր ապագայի վրա, իսկ մեր ազգին յուրահատուկ է երեխաների, թոռների համար մտահոգ լինելը: Որքան շատ արտագաղթի համար պատասխանատու են իշխանությունները, կրկնակի պատասխանատուն ընդդիմադիրներն են:

  Բազում հարցեր կան, որտեղ Սահմանադրության փոփոխության հարցն արդեն այդ անձերից սկսած` վերջացրած բովանդակային մասով, ժողովրդի առջև ցավալիորեն վարկաբեկված է: Սկսած նրանից, թե ով է դեմ սահմանադրական առաջարկվող փոփոխություններին, ինչ էր ասում տվյալ անձը մի երկու տարի առաջ և այլն:

  Սահմանադրական փոփոխություններին <<այո>> և <<ոչ>> ասողներն էլ իրենց ներսում են ճամբարների բաժանվել: Սա, արդյոք, ժողովրդի մեջ հիասթափություն կամ չկողմնորոշվածություն չի՞ առաջացնում: Միանշանակ` այո, առաջացնում է: Ժողովուրդը կարոտ է միասնության: Երբ տեսնում է, որ մի հարցի շուրջ տարբեր խմբեր են առաջանում, սկսում է անհանգստանալ, որ միասնություն չկա:

  Եվ, ի վերջո, Սահմանադրությունը կարող է բարեփոխվել, ոչ թե փոփոխվել…

SHARE