Երբ համախմբված ես, միահամուռ

0
52

Ուրեմն հաջողություններն էլ չեն շրջանցի և անպայման արդյունքի կհասնես…

Լավատեսություն

 

watermarked_Armavir Axavnatun Grigoryan Ashot

  -Մեր նորակառույց եկեղեցին օծվել և բացվել է 2012 թվականին,- մեր զրույցում ասաց Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանը:- Այն կառուցվել է մորեղբորս որդու` Վահան Ավագյանի և Արման Սահակյանի բարերարությամբ: Հոկտեմբերի 19-ին նշեցինք եկեղեցու հիմնադրման երկամյակը, նշեցինք մեծ շուքով և բավականին հանդիսավորությամբ: Երեկոյան անցկացրեցինք արևելյան մարզաձևի առաջնություն, որին մասնակցեցին նաև հարևան գյուղերի մարզիկներ: Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով ու մեդալներով: Առհասարակ, համայնքի առօրյան աշխույժ ու հետաքրքիր է անցնում: Գործում են նաև մշակութային խմբակներ: Ավելորդ չէ նշել, որ հոգևոր կյանքն առանձնակի ոգևորությամբ է անցնում, կարելի է ասել`զարթոնք է ապրում, ինչը համայնքի համախմբման գործում մեծ դերակատարում ունի և ինչի համար մեծապես շնորհակալ ենք մեր բարերարներին…

  Բնական է, որ եղածը պահպանելու հետ մեկտեղ, մեծ նախանձախնդրությամբ ջանում են զարգացնել ձեռքբերումները և առավել աշխուժացնել համայնքի կենսագործունեությունը: Ինչպես այնուհետև նշեց պարոն Գրիգորյանը, իր նախաձեռնությամբ կառուցվում է մանկական խաղահրապարակ, զրուցարան` մեծահասակների համար: Կանաչապատման միջոցառումներ են ձեռնարկում, ընթացքի մեջ են գյուղի գլխավոր հատակագծի կազմման աշխատանքները: Տվյալ փաստաթղթով, կարելի է ասել, նախանշվելու են համայնքի զարգացման հեռանկարները: Համայնքապետարանի ուժերով գազաֆիկացվում է մեկ նոր թաղամաս: Ընդհանուր առմամբ, մեծ է ուշադրությունը նորաստեղծ, երիտասարդ ընտանիքների նկատմամբ` նրանց կենցաղային, սոցիալական հոգսերը հնարավորինս թեթևացնելու առումով:

  Իսկ, առհասարակ, ամեն ինչ արվում է գյուղացու վիճակը բարելավելու համար: Մասնավորապես, գյուղապետն աջակից է համագյուղացիներին գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և հատկապես աճեցրած բերքը հաջողությամբ իրացնելու հարցում: Գյուղացին հույսով ու հավատով է տրամադրված իր իշխանության նկատմամբ և վստահ է, որ ամեն հարցում Գրիգորյանն իր կողքին կանգնած է: Համայնքի ղեկավարը շատ հաճախ նաև անձնական միջոցներից է ներդնում, որպեսզի իր բնակիչը երբևէ հուսախաբ չլինի և իրեն մենակ ու անպաշտպան չզգա: Գյուղացու վիճակն առանց այն էլ բարվոք չէ, ահա թե ինչու չպետք է նրան հիասթափեցնելու տեղիք տալ:

  Աղավնատունցիների համախմբման մի նոր ու փայլուն առիթ էր գյուղի 187-ամյակի տոնակատարության նշումը: Մշակույթի տան տնօրեն Սլավիկ Հայրապետյանի խոսքերով, այն գյուղապետի և գյուղապետարանի ջանքերով էր կազմակերպվել. <<Պարոն Գրիգորյանը շատ ուշադիր է բոլորի նկատմամբ, հետևողական ու սրտացավ ղեկավար է, իսկ որպես անհատ, կարելի է ասել, մեծատառով մարդ է…>>:

  Տոնն, իրոք, բարձր մակարդակով էր կազմակերպվել: Սկսվեց համերգային ծրագրով, իսկ ավարտին` հրավառություն: Բայց միայն սա չէր: Համայնքի ղեկավարը չէր մոռացել ամենակարևորը` մարդուն, հողի մշակին արժևորելն ու գնահատելը: Շնորհակալագրեր  հանձնեց այն հողագործներին, ովքեր գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության և բերքի ստացման բարձր ցուցանիշներ են գրանցել ընթացիկ տարում: Նման վերաբերմունքն, ինչ խոսք, մյուսներին ևս շահագրգռելու, լավն ու խրախուսելին ընդօրինակելու նպատակ ունի:

  Տոնը ողջ գյուղին էր,բոլորն էին ուրախ ու ոգևորված: Հենրիկ Կիրակոսյանն, օրինակ, իր խոսքում մասնավորապես ասաց. <<Աղավնատունը, հին գյուղ լինելով, հայտնի է իր փառքով ու անհատներով: Բոլոր ղեկավարներն էլ իրենց լուման ունեցել են: Առաջընթացն ակնհայտ է գյուղում, մարզում շինարարության առումով նշանավորներից մեկն ենք: Կարելի է ասել, քաղաքային բնակավայր ենք դառնում: Մեր բարերարների շնորհիվ բարենորոգ համայնք ունենք, ինչում մեծ է նաև համայնքապետի` պարոն Գրիգորյանի ներդրումը: Նա կարողացել է  համախմբել գյուղն ու գյուղացիներին: Մենք հպարտանում ենք մեր նշանավոր ու հայտնի աղավնատունցիներով: Հյուրերն ու զբոսաշրջիկները հիացմունքով են հեռանում այստեղից: Ամեն մեկս ջանում է իր չափով նպաստել նրա առաջընթացին: Համայնքում շատ բարի ու բարյացակամ մթնոլորտ է տիրում: Պարոն Գրիգորյանն ամեն ինչում իր ժողովրդի հետ է, ուստի բոլորն էլ նրան հարգում ու գնահատում են: Գրիգորյանների ընտանիքն, առհասարակ, մեր գյուղի նշանավորներից է` բարի համբավով ու արժանի հեղինակությամբ…>>:

   Բուժամբուլատորիայի տնօրեն Ալիսա Պարսամյանն իր շնորհակալությունը հայտնեց բարերարներից, որ մեծ ներդրում ունեն նաև ամբուլատորիայի վերազինման գործում` իրենց հաստատությանը, մասնավորապես, նվիրելով շտապօգնության մեքենա և սոնոգրաֆիայի սարք. <<Աղավնատուն գյուղի բախտը, առհասարակ, բերել է` սկսած հին ժամանակներից. և° նախագահները, և° համայնքապետերը դրական անձնավորություններ են եղել ու կան: Աշխատել ենք համերաշխ, միահամուռ, սերտ, ինչի արդյունքում գյուղը բարգավաճել է և այսօր էլ զարգացման ճանապարհին է` շնորհիվ պարոն Գրիգորյանի…>>:

   Բնակիչները, օգտվելով առիթից, խոսեցին նաև իրենց մտահոգություններից: Մասնավորապես, դժգոհեցին էլեկտրաէներգիայի մատակարարման անմխիթար վիճակից: Իսրայել Մակարյանն ասաց. <<Շատ վատ վիճակում են թե° հենասյուները, թե° էլեկտրալարերը: Անպատասխանատու մարդկանց հետ ենք ստիպված գործ ունենում: Գյուղապետն իր հնարավորությունների սահմաններում ջանում է ամեն ինչ անել, բայց, միևնույն է, վիճակը չի բարելավվում: Պատասխանատուները միայն խոստումներ են տալիս…>>:

   Համայնքի ղեկավարն իր հերթին նշեց, որ էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրը շատ է մտահոգում իրենց: Եղած հնարավորությունները հին են, իրենց <<դարն ապրած>>: Բազմաթիվ ահազանգերին, դիմում-խնդրանքներին ի պատասխան առայժմ որևէ գործնական քայլ չի հետևել: Չնայած մարզպետի միջամտությունից հետո որոշ աշխատանք կատարվեց վերջերս, բայց դա խնդրի լուծում չէր: Չնչին իսկ առիթի /անձրև, քամի և այլն/ դեպքում էներգամատակարարումը խափանվում է, և մարդիկ ժամերով հոսանք չեն ունենում, խախտվում է համայնքի բնականոն կենսագործունեությունը: Պարոն Գրիգորյանի խոսքով, ոլորտի պատասխանատուներն այս անգամ խոստացել են հաջորդ տարվա իրենց ծրագրերում ներառել տվյալ խնդիրը և այն կարգավորել վերջնականապես:

   Աղավնատունցիները գոհ են, որ վերջերս փոխվեցին խմելու ջրի խողովակները, սակայն և միաժամանակ չեն կարող չդժգոհել, որ, դրանով պայմանավորված, ճանապարհներին  անմխիթար վիճակ է ստեղծվել: Ջրմուղի պատասխանատուները չպիտի մոռանան, որ քանդածը պիտի ժամանակին նորոգել, կարգի բերել: Ցանկալի է, որ լուծվի նաև Հովտամեջ-Աղավնատուն 5 կմ ճանապարհահատվածի ասֆալտապատման շատ կարևոր խնդիրը…

  Աշոտ Գրիգորյանի համոզմամբ, մարդը միայնակ չի կարող հաջողության հասնել: Ուստի, շատ կարևոր է ինչպես աշխատանքային կոլեկտիվի, այնպես էլ ընկերների ու համախոհների  աջակցությունը: Ունի շատ լավ ընկերական շրջապատ, աշխատանքային շատ լավ կոլեկտիվ: Արժանի հարգանք վայելելով շրջապատում, կարողանում է օգտակար լինել թե° գյուղացու, թե° ընկերների համար:

   -Ընկերությունը բարդ և լայն հասկացություն է,- անկեղծացավ մեր զրուցակիցը:- Ընկեր կա, որ իրոք ընկեր է, ընկեր կա` անունով է ընկեր, պատահում է նաև, որ ոչ մեկն է, ոչ մյուսը: Ընկերներս, փառք Աստծո, նվիրված են ինձ, ես էլ` նրանց: Հիմքում անկեղծությունն է: Ընկերներս շահագրգիռ են, որ կարողանամ արդյունավետ լուծել համայնքի առջև ծառացած խնդիրները, ավելի շատ օգտակար լինեմ գյուղացուն… Առիթից օգտվելով, իմ և մեր համայնքի անունից շնորհավորում եմ <<Ընկեր>> թերթի 5-ամյակը: Այս ընթացքում, հավատացած եմ, շատ լավ ու հավատարիմ ընկերներ եք ձեռք բերել: Կարևոր գործ եք կատարում` ներկայացնելով ընկերությունը և բարձրացնելով նրա արժեքը: Ցանկանում ենք, որ այս ոլորտում հաղթանակի բերկրանքի բազում պահեր ապրեք, նոր ընկերներով  հարստանաք և ավելին հասցնեք անել: Որքան շատ ընկերներ, այնքան ավելի շատ հաջողություններ և, առհասարակ, իմաստալից ու բեղուն կյանք: Բոլորն էլ ընկերության կարիք ունեն, հետևաբար, թերթի կարիքն էլ նույնչափ մեծ է: <<Ընկեր>>-ը բարձր իմիջի հասնելու ճանապարհին է: Շատ լավ, կապող կամուրջ եք ընկերների, մարդկային ջերմ ու անկեղծ փոխհարաբերությունների զարգացման համար, և մենք այդ բարձր առաքելության համար շնորհակալ ենք թերթի խմբագրակազմից…