Երբ մարդիկ ըմբռնում են,

0
16

որ իրենց ներդրումը ևս վճռորոշ ու կարևոր է համայնքի խնդիրները լուծելիս…

Գյուղ

   Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքը Հովիկ Զաքարյանը ղեկավարում է 2010 թվականից: Ինչպես նա նշեց մեզ հետ զրույցում, այս ընթացքում գյուղում որոշակի լայնածավալ աշխատանքներ չեն կատարվել: Մարզպետարանի միջամտությամբ գյուղի մի հատվածն է գազաֆիկացվել, մի որոշ հատված էլ կգազաֆիկացվի այս տարի /աշխատանքներն ընթացքի մեջ են/: Տվյալ գործընթացը բավականին ծախսատար է, ինչը համայնքի հնարավորություններից վեր է, ահա թե ինչու միայն մարզպետարանի աջակցության շնորհիվ է իրականացվում այն: 
   Անտառուտը ոռոգման ջրի շատ մեծ խնդիր ունի, և այս պահին այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Համայնքի ղեկավարը սեփական միջոցներով վերականգնում է վթարային վիճակում գտնվող ոռոգման առուն, որպեսզի ջրի  կորուստները նվազագույնի հասցվեն: Մտահոգող խնդիր է նաև խմելու ջուրը: Պարոն Զաքարյանի համոզմամբ, այս երկու խնդիրն ամենաառաջնահերթն են գյուղի համար, և դրանց լուծումը հրատապ է: Ահա արդեն 13 տարի ջրի անբավարարության պատճառով համայնքի 30 հեկտար սեփականաշնորհված վարելահող չի մշակվում: Առվի վերանորոգման պարագայում փոքրիշատե հնարավորություն կստեղծվի այդ տարածքում մշակություն կազմակերպել, թեկուզ` ցորենի: 

   Գյուղի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ առայժմ միայն ձնհալի ջրերից օգտվելու հնարավորություն կա: Խմելու ջուրը գրեթե 80-90 տոկոսով բավարարում է, բայց քանի որ ոռոգման ջրի խնդիր կա, ուստի խմելու ջուրն օգտագործում են ոռոգման նպատակով, ինչից էլ տուժում է խմելու ջրի մատակարարումը: Գյուղի դպրոց հաճախում են նաև /կիսով չափ/ Բյուրականից: Մանկապարտեզ, մշակույթի տուն չունեն: Մանկահասակ երեխաների թիվը փոքր է, ուստի մանկապարտեզից առավել մշակույթի տան կարիք են զգում: Գյուղապետարանը վագոն-տնակում է գործում:
  Առաջիկա ՏԻՄ ընտրությանն առաջադրելով թեկնածությունը, Հովիկ Զաքարյանն այն համոզումն ունի, որ առաջին 4 տարին բավարար չէ գյուղի խնդիրներով լրջորեն զբաղվելու, առաջադրված խնդիրները բարեհաջող ավարտի հասցնելու համար: 
   -Երբ ընտրվեցի,- ասաց պարոն Զաքարյանը,- համայնքի բյուջեում գումար չկար, պարտքեր էին գոյացել: Այս 4 տարվա ընթացքում սեփական եկամուտների լիարժեք  հավաքագրման արդյունքում արդեն բյուջեում 10 մլն դրամ ունենք, ինչը տնտեսումների, անհրաժեշտ խնայողությունների շնորհիվ է: Ամեն տարեվերջի սեփական եկամուտները` թե՛ գույքահարկի, թե՛ հողի հարկի տեսքով, հասցրել ենք 100 տոկոսի: 
   Դրան, անշուշտ, հասել են քրտնաջան ու համառ աշխատանքի արդյունքում: Գյուղացին հավատում է, որ այդ գումարները ծառայելու են համայնքի զարգացման  ու առկա խնդիրների բարեհաջող լուծման նպատակներին: Խնայած գումարով նախ ուզում են օր առաջ նպաստել ամենաառաջնահերթ խնդրի` համայնքային կենտրոնի,  որտեղ կտեղավորվեն գյուղապետարանը, մշակույթի տունը և բուժկետը,  կառուցմանը: Նպատակ ունեն ընդգրկվել որևէ ծրագրում և համաֆինանսավորմամբ  իրենց կողմից համապատասխան ներդրումն ապահովելով, հասնել այդ նպատակի իրագործմանը: Տվյալ նպատակով գործադրվող ջանքերն առավել կորոշակիանան ընտրություններից անմիջապես հետո: 
   Համայնքի գործող ղեկավարը վստահ է, որ գյուղացին սեփական քվեն կտա անպայման իրեն, քանզի այս 4 տարիների ընթացքում չի եղել դեպք, երբ գյուղացին դիմի ինչ-որ հարցով և հնարավորության սահմաններում չստանա ակնկալվող աջակցությունը: Երբևէ չի մերժել գյուղացիներին: Ամեն ինչ արել է բնակչի համար և շահել նրա վստահությունը: Գյուղացիները գիտակցորեն, ըմբռնումով են մոտենում այն հանգամանքին, որ դեռևս մեծածավալ աշխատանքներ չեն կատարվել` եղած միջոցների անբավարարությամբ պայմանավորված: Լավ հասկանում են, որ դրանում նաև իրենց ներդրումը պետք է լինի: Համենայնդեպս, անգամ այս պայմաններում գյուղապետարանը կարողացել է ձեռք մեկնել կարիքավոր, անապահով ընտանիքներին` ուսման և այլ անհրաժեշտ ծախսերը հոգալու համար: 
    Հովիկ Զաքարյանն այն կարծիքին է, որ իրենց նման համայնքները պետք է պետության կողմից անպայման աջակցություն ստանան: Վստահ է միաժամանակ, որ առաջադրված նպատակներն իրագործելու է:  Իսկ ընկերության առումով ասաց, որ մտերիմ է հարևան գյուղերի ղեկավարների` Արայիկ Մանուկյանի /Օրգով/, Զարզանդ Բաբայանի /Բյուրական/, Գառնիկ Հովհաննիսյանի /Տեղեր/ հետ: Դա շատ լավ է նաև հենց համայնքների, նրանց բնակիչների համար: Միմյանց օգտակար են լինում նաև անհրաժեշտ խորհուրդներով: 
    Ընկերությունն առհասարակ, ըստ նրա, երկարատև է լինում միայն ճշմարտության հիմքերի առկայության դեպքում: Եթե ճշմարիտ ես, անկեղծ, ուրեմն ընկերությունը կստացվի: Հակառակ դեպքում լավ արդյունք չի կարելի ակնկալել: Ընկերություն անելուց բոլորն, ընդհանրապես, պետք է առաջնահերթությունը տան մաքրությանն ու անկեղծությանը…    
SHARE