Երբ վստահում, գնահատում են

0
35

Ուրեմն պիտի ծառայել մարդավարի, նվիրված ու անշահախնդիր

Արժանիք

<<Ընկեր>>-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի ղեկավար Վրեժ Սարգսյանն ասաց, որ, 2008-ից ղեկավարելով գյուղը, կրկին առաջադրվել է: Հիմնական դրդապատճառը կիսատ գործերն ավարտի հասցնելն ու մտահղացումները հաջողությամբ կյանքի կոչելն են:

-Համայնքում շատ մեծ ծրագրեր ենք իրականացրել,- նշեց գործող համայնքապետը:- Նախ, գյուղ մտնող գլխավոր ճանապարհի ասֆալտապատումը` պետական բյուջեի միջոցներով, Համաշխարհային բանկի ծրագրով: Այն ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում էր: Ճանապարհը շատ վատ վիճակում էր, և դրա բարեկարգմամբ գյուղի համար կենսական նշանակության կարևորագույն հարց լուծվեց: Մի քանի ծրագրեր էլ կյանքի ենք կոչել ողջ համայնքի ուժերով կամ մարզպետի հետ համատեղ: Մարզպետի միջամտությամբ` կառավարության օգնությամբ դպրոցի տանիքը վերանորոգվեց, ջեռուցում անցկացվեց: Գյուղնախարարության արոտօգտագործողների ծրագրով կոոպերացիային ենք աջակցել, որը գործում է 2011 թվականից: Ստացել ենք 4 միավոր տեխնիկա իր գյուղգործիքներով: Անասունների համար 4 կմ ջրագիծը վերակառուցվեց, խմոցներ տեղադրվեցին, ինչի շնորհիվ մոտ 35 տոկոսով բարձրացավ թե՛ կաթի արտադրությունը, թե՛ մսատվությունը: Համայնքի միջոցներով արտաքին լուսավորության մոտ 100 հենասյուն ենք տեղադրել: Երկու եղբայրներիս հետ միասին մեր միջոցներով կառուցել ենք գերեզմանատան ցանկապատը:

Իրականացված ծրագրերին զուգահեռ կան նաև դեռևս կիսատ մնացած ծրագրեր, որոնք լիարժեք ավարտի հասցնելու համար Վրեժ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրությանը կրկին առաջադրել է թեկնածությունը:

-Մեզ մոտ,- շարունակեց պարոն Սարգսյանը,- շատ մաքուր ընտրություններ են անցկացվում: Մադինացիները շատ ազնիվ ժողովուրդ են, իրենք են որոշում` ոչ մի ստիպողական քայլ չի անցնում: Եթե հարցնեք, նրանք իրենց օբյեկտիվ գնահատականը կտան և կարծիքը կարտահայտեն: Ինչպես ծառայել եմ ժողովրդիս, այնպես էլ ցանկանում եմ շարունակել: Մնում է ժողովուրդն ինքը որոշի. ընտրեց` շնորհակալ կլինեմ, իսկ եթե ոչ, ապա մեղքն առաջին հերթին պիտի իմ մեջ փնտրեմ: Ուրեմն, լավ չեմ աշխատել: Վերընտրվելու դեպքում առավել քան պարտավորված կզգամ և կանեմ ավելին: Համոզված եմ, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի… Ինչևէ, անցնեմ խնդիրներին: Ոռոգման ջրի խնդիրներ ունենք. 1950-ականներին կառուցած ջրանցքը լրիվ ավերված է: Գալիք տարվա ծրագրում ընդգրկված է և պետք է վերակառուցվի: Քանի որ Մադինայում ձմեռը խստաշունչ է, ուստի, դարձյալ եղբայրներիս հետ, անձնական միջոցներով ձյուն փչող տրակտոր ենք գնել, որպեսզի ծառայի ընդհանուր համայնքին: Համայնքի բյուջեով /1200 բնակիչ/ հազիվ կարողանում ենք ծայրը ծայրին հասցնել: Մանկապարտեզ չունենք, նախակրթարան է գործում: Մեր ժողովուրդը շատ զարգացած ու գրագետ է, բարձրագույն ուսման նկատմամբ առանձնակի հակում ունի: Մեր զինծառայողներն էլ աչքի են ընկնում:

Կարևորելով ընկերության հանգամանքը, Վրեժ Սարգսյանը նշեց, որ համայնքի ղեկավարման հարցում ընկերությունը մեծ դեր ունի.

-Մեծի հետ` մեծ, փոքրի հետ` փոքր, աշխատանքի ժամանակ` աշխատանք. շատ բարի, փափուկ, հանգիստ բնավորություն ունեմ: Ժողովուրդը շատ հարգում ու սիրում է: Ցանկացած պահի միասնական ենք, ամեն հարց լուծում ենք համայնքի հետ միասին: Ամիսը մեկ անգամ համայնքի ժողով եմ անցկացնում, ժողովրդի հետ քննարկում ենք, թե որ ծրագիրն է կարևոր, ինչը պետք է անել, ինչը` ոչ և այլն: Մեր մարզպետն էլ շատ ժողովրդական է, մեր գյուղը միշտ ուշադրության կենտրոնում է պահում…

Նրա համոզմամբ, ընկերությունը շատ դժվար հասկացություն է, պետք է միայն ճիշտ հասկանալ ու գնահատել: Ընկերը պիտի ազնիվ ու մաքուր լինի, անպայման իրեն նեղություն տալով ընկերոջը հասնի: Ուրախ պահին բոլոր ընկերները կողքիդ են լինում, ընկերը պիտի դժվար պահին լինի կողքիդ: Շատ ընկերներ ունի թե՛ գյուղում, թե՛ տարբեր մարզերում, թե՛ դրսում: Ընկերը նաև ընտանիքի ընկեր պիտի լինի` անկեղծ, անշահախնդիր, մաքուր: Ընկերները ապրիլյան իրադարձությունների օրերին ֆինանսական օգնություն ուղարկեցին, տեղում ևս հանգանակություն կազմակերպվեց, նաև` այլ օգնություն, և այդ ամենը հասցվեց Արցախ` Հադրութ, Մարտունի, Ֆիզուլի, Մարտակերտ. <<Լավ ընկերներ շատ ունեմ: Ընկերությունը լավ բան է, առանց ընկերոջ մարդու գոյությունն անիմաստ է: Տարածաշրջանի համայնքապետերից մեծ մասի հետ մտերիմ եմ: Մասնավորապես` Վարդաձորի, Երանոսի, Ձորագյուղի, Ծակքարի, Լիճքի, Թազագյուղի, Վերին Գետաշենի, Վաղաշենի, Գեղհովիտի, Արծվանիստի և Զոլաքարի: Մարզպետարանում էլ, նախկինի համեմատ, շատ դրական փոփոխություններ կան: Որքան ընկերությունը շատ լինի, դու այնքան հզոր ես լինելու ցանկացած միջավայրում: Հենվում ես ընկերոջդ վրա, նրա հետ հեշտ է: Եթե խոսելու լինեմ ձեռքբերումների մասին, ապա անպայման պիտի նշեմ ընկերներիս: Իմ ժողովրդին էլ ընկեր եմ համարում: Բարի, ընկերասեր մարդու ձեռքբերումները, սովորաբար, շատ են լինում: Երբ ժողովուրդը վստահում, գնահատում է, ուրեմն պիտի մարդավարի ծառայես նրան, լինես անշահախնդիր ու նվիրված: Մի լավ ընկեր էլ արդեն <<Ընկերն>> է: Պատիվ է մեզ համար նման հյուր ընդունելը, որ քեզանով մարդկայնորեն հետաքրքրվում, համայնքի կենսական խնդիրների լուծմամբ մտահոգ ու շահագրգիռ է…>>:

-Մեր համայնքի ղեկավարը շատ մարդկային ու ընկերասեր է,- ասաց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմեն Սարոյանը,- իր հարգանքի շնորհիվ է գյուղը ղեկավարում: Նրան կարող ես ապավինել, նրա վրա հույս դնել, որովհետև անտարբեր չէ համայնքին վերաբերող խնդիրների նկատմամբ, յուրաքանչյուրի հոգսը կամովին իրենն է համարում: Սոցիալապես անապահով ընտանիքների համար առանձին ֆինանսական հատկացումներ են արվում: Նրա մարդկային տեսակն ընդունելի է բոլորիս կողմից: Ինչպես ցանկացած գյուղացի, ինքն էլ անասուն է պահում, հող մշակում` հավասարը հավասարի հետ: Ընտանիքն էլ` զուսպ, ասես` չափած-ձևած: Խստապահանջ է, մանավանդ երբ հարցը բնակչին է վերաբերում, նրա կարիքների բավարարմանը: Իրատես է, անիրականանալի խոստումներ երբեք չի տա…

-Վրեժ Սարգսյանը,- իր հերթին նշեց բնակիչ Արտաշ Մնացականյանը,– երիտասարդ լինելով` բավականին աշխատասեր է, հասարակությանը պիտանի անձնավորություն: Նա կարողացավ այս տարիներին հասունանալ` թե՛ որպես մարդ, թե՛ որպես ղեկավար: Կարողացավ, իրոք, գործ անել գյուղի, համայնքի համար, համախմբել ժողովրդին, նպաստավոր պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ կապվեն հայրենի հող ու ջրին, նրանից առավելագույն եկամուտ, ապրուստի միջոց ստանան: Նոր մոտեցում, ունակություններ դրսևորեց` օգտակար դարձնելու մարդկանց աշխատանքը, ջանքն ու եռանդը: Ապրում է իր բնակչի ամենօրյա հոգս ու ցավով և ամեն անգամ մի բան նախաձեռնում, ստեղծում է, որպեսզի մարդն իրեն փոքրիշատե ապահով ու պաշտպանված զգա: Մարդասեր, մարդամոտ, պարզ ու անմիջական անհատ է, ում նկատմամբ չես կարող հարգանքով չլցվել: Համոզված եմ, որ Վրեժ Սարգսյանը գյուղի համար դեռևս անելու շատ բան ունի, ուստի պետք է հնարավորություն տալ նրան շարունակելու իր ազգանպաստ գործունեությունը…

SHARE