Երգի ճամփով դեպի լույսն ու բարին…

0
25

Աշուղական
       Աշուղներ Աստղանուշի և Երամի նախաձեռնությամբ վերջերս <<Առնո Բաբաջանյան>> համերգասրահում կայացած համերգը երաժշտասեր հանրությունը մեծ ցնծությամբ ընդունեց: Այն, աշուղին յուրահատուկ բանավոր խոսքով, բանասերին բնորոշ լեզվամտածողությամբ, աշուղական արվեստի ճիշտ մեկնությամբ և աշուղի խոսքին վայել հանկարծաբանությամբ, վարում էր աշուղ Աստղանուշը, ով, ասես, ծնված լինի հենց բեմի համար: 
     Հանդիսատեսին այդպես <<իրենով անելը>> հատուկ է միայն կրթական բարձր ցենզ ունեցող, բանասեր աշուղ Աստղանուշին: Կարող է կենդանի ձայնով երգն այնքան գեղեցիկ մատուցել, այնքան նրբորեն դիպչել սրտիդ լարերին, ինչը բնորոշ է տարիների փորձառություն ու վաստակ ունեցող հմուտ արվեստագետին: Ընդ որում, այդ ամենը` դերասանական ու բեմական մեծ վարպետությամբ: Նրա հոգուց երգ ու մեղեդի է ծորում: Տավշո աշխարհի ծնունդ աշուղ Աստղանուշի 20 տասնյակից ավելի երգեր ընդգրկված են <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլի համերգային ծրագրում: Երգող աշուղ լինելով, ինքն էլ, առանձին համերգներից զատ, իր կատարումներով հանդես է գալիս  անսամբլում: Նրա բոլոր երգերն էլ սիրված են, բայց ավելի մեծ տարածում ունեն <<Իմ յարը սոխակ է>>, <<Դե, խոսիր լռած բլբուլս>> և <<Եկել էիր>> հոգեթով երգերը: Աշուղ Երամին առանձին ներկայացնելը ճիշտ չի լինի: Այս աշուղների արվեստը, կարծես, միախառնված լինի: Առանց մեկի` մյուսի մոտ ինչ-որ բան պակաս կլինի: Ահա թե ինչու միասին են համերգային ելույթներ ունենում, որոնց անբաժան ուղեկիցը <<Երամ>> աշուղական երգի անսամբլն է /գեղ. ղեկավար` աշուղ Երամ/: 

        Նշենք նաև, որ եթե աշուղ Աստղանուշի երգերում  ինչ-որ թախիծ, տխրություն կա, ապա աշուղ Երամի պարագայում իշխողը սիրո յուրօրինակ մեկնությունն է` ինչպես զուլալ աղբյուր: Հոգուց, սրտից ծնված` ասելիք ու միտք ունեցող երգեր: Երգեր, որոնք կարող են տեղավորվել աշուղականի ու դասականի միջնամասում: Երամի 30-ից ավելի մեծ տարածում ունեցող երգեր թե <<Սայաթ-Նովա>>-ի, թե առանձին` երիտասարդ շնորհալի կատարողների երգացանկում են: Հիշենք այդ երգերից ամենահանրաճանաչներն ու ամենատարածվածները` <<Չի հագենալու>>, <<Սիրո անուրջներ>>, <<Ամուսինների վեճը>>, <<Սյունեցի աղջիկ>>, <<Կարմիր նուռը>>… Կան շատ երգեր, որոնք գրեթե ամենուր երգվում են, և քչերը գիտեն դրանց հեղինակին: Առհասարակ, մեզանում, կարծես, ընդունված չէ երգերի հեղինակին հիշելը կամ մատնանշելը: Այդ բացը լրացնելու լավ միջոց են հենց իրենց` աշուղների մասնակցությամբ անցկացվող համերգային միջոցառումները, որոնք ճանաչողության առումով անհրաժեշտ ու ցանկալի են:
-Այս` <<Երգում են աշուղները>> վերտառությամբ համերգն աննախադեպ է,-ասացին Աստղանուշն ու Երամը:-Մեկ տարուց ավելի է, որ երեք աշուղներով սկսեցինք համերգային ելույթները: Մեզ հետ էր նաև աշուղ Անդրանիկ Ուջանցին, ում ժամանակին ձեռնադրել են աշուղ Հավասին ու Շահենը: Նա էլ իր հերթին այդ պատվին արժանացրել է մեզ: Անդրանիկ Ուջանցու հիվանդության պատճառով համերգները շարունակում ենք երկուսով: <<Երամ>>-ի հետ շրջում ենք Հայաստանի մարզերով, համերգներ տալիս քաղաքներում, գյուղերում, բանակի զորամասերում և այլուր: Անկախ համերգասրահից ու հանդիսատեսից, մենք միևնույն պատասխանատվությամբ ենք մոտենում մեր ելույթներին և ջանում առավելագույն սիրով ու եռանդով հանդես գալ: Շատ հաճախ նաև բարեգործական համերգներ ենք ունենում սահմանամերձ, լեռնային ու հեռավոր բնակավայրերում, ինչպես նաև զինծառայողների առջև: Եղել ենք բոլոր մարզերում: Այն ջերմ ընդունելությանը, որ արժանացել ենք, օրինակ, Սյունիքի Քարահունջ, Խնածախ և Սվարանց գյուղերում, երբ երեխաները պարտեզից քաղած յասամանը, նարգիզը` շաղը վրան, նվիրում էին մեզ, բառերով դժվար է բացատրել: Մարդիկ կարոտ են հայկական զուլալ, մաքուր աշուղական երգին… Մեր հիմնական նպատակը հենց այսօրվա խառնարանում, հորձանուտում կորսվելու, խեղաթյուրվելու վտանգից մշակութային ճշմարիտ արժեքները փրկել-պահպանելն է: Կենդանի նվագախմբի հետ ելույթ ունենալով, ջանում ենք մեր ժողովրդին ճանաչելի դարձնել ազգային երգն ու տաղը: Արդյունքն առավել տեսանելի է դառնում, երբ այն մատուցվում է մեր իսկ հեղինակների կատարմամբ: Այո, ժողովրդի հետ, ժողովրդի համար… Չէ՞ որ ամենամեծ քննիչը ժողովուրդն է, և մենք մեր երգի ճամփով գնում ենք դեպի լույսն ու բարին, դեպի հայ մարդն ու շինականը:
       Մշակույթի դերն, անշուշտ, շատ մեծ է ազգապահպանման գործում: Եվ փառք ու պատիվ բոլոր այն նվիրյալներին, ովքեր կանգնած են ազգայինի ակունքներում  ու ամենօրյա իրենց գործունեությամբ պահում-պահպանում են մեր հոգևոր արժեքները` այդ ամենը տանելով դեպի մարդը և սերմանելով մատաղ հոգիներում: Ահա այս հիմնական առաքելությունն ունեն մեր նորօրյա աշուղները, որ զուտ իրենց նվիրվածության ու եռանդի, նպատակասլացության ու կորովի շնորհիվ ապացուցում են ամենակարևորը` հայրենասիրության, մարդասիրության ու առաքինության վեհ գաղափարներին իրենց հավատարմությունը: Այո, նվիրյալներ են, ինչպես աշուղ Աստղանուշն ու աշուղ Երամը, որ ապրում են մշակույթի վեհ ու ազնվացնող գաղափարներով և իրենց  շուրջն առատ ու շռայլ սփռում բարին, առաքինին ու լուսավորը… 
Լուսանկարները` 
Սուրեն Սարուխանյանի
Հ.Գ. Ցավով տեղեկացանք, որ աշուղ Անդրանիկ Ուջանցին օրերս կնքեց մահկանացուն:

<<Ընկեր>>-ի կողմից.-Հուլիսի 18-ին <<Առնո Բաբաջանյան>> համերգասրահում տեղի կունենա աշուղներ Աստղանուշի և Երամի համերգը` <<Երամ>> աշուղական երգի անսամբլի նվագակցությամբ:
SHARE