Երկիրը պահողը գյուղն է

0
19

Ահա թե ինչու պետք է պահել, պահպանել հողն ու նրա անխոնջ մշակին…

Ծննդավայր

     Դավթաշենի /Արագածոտնի մարզ/ համայնքապետ Գրիգոր Վարդանյանը հունիսի 8-ին կայանալիք ընտրությանն առաջադրել է թեկնածությունը` դա պայմանավորելով այն հանգամանքով, որ կիսատ գործերը շարունակելու անհրաժեշտության առաջ է կանգնած: Համայնքը ղեկավարելով 2003 թվականից, բազմաթիվ գործերի ձեռնարկման հեղինակ է դարձել: Թվարկենք` գազաֆիկացում, խմելու և ոռոգման ջրագծերի, օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցում, մանկապարտեզի և մշակույթի տան շենքի վերանորոգում…
  <<Օրանժի>> հետ համատեղ համակարգչային կենտրոն են ստեղծել: Սենյակը վերանորոգվել է համայնքի միջոցներով, իսկ գույքը տրամադրել է <<Օրանժը>>` <<Շեն>> բարեգործական կազմակերպության հետ համատեղ: Մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները շուտով կավարտվեն: Այն իրականացվում է <<Վորլդ Վիժնի>> հետ համատեղ: Գույքով համալրվելուց հետո մանկապարտեզը կսկսի գործել: Շուտով կսկսեն նաև դպրոցի հիմնանորոգումը: Այս տարվա ընթացքում կփոխվի տանիքը, ինչպես նաև` դռներն ու պատուհանները: Աշխատանքները 2 փուլով են արվելու, քանզի ֆինանսավորումը միանգամից չի լինելու: Նախորդ տարվանից մշակույթի տան վերանորոգման աշխատանքներն են սկսել: Արդեն փոխվել են տանիքը, դռներն ու պատուհանները, իսկ հետո ներքին հարդարման աշխատանքները կարվեն: 
   Ֆուտբոլի խաղադաշտ է կառուցվել USAID-ի հետ համատեղ: Դպրոցում առանձին ջեռուցում է անցկացվել: Համաշխարհային բանկի ծրագրով գյուղի համար էքսկավատոր է ձեռք բերվել և շարունակվել է գազաֆիկացումը կիսատ մնացած նոր թաղամասում: Կառուցել են ոռոգման ջրի նոր խողովակաշար, որով ջուրը լցվում է ջրամաբար: Վերանորոգվել է խմելու ջրի 300 խմ ծավալով օրվա կարգավորիչ ջրամբարը` համայնքների հրատապ խնդիրների լուծման ծրագրով: Մշակույթի տան վերանորոգումը նույնպես տվյալ ծրագրով է արվում: Այս տարի դպրոցի հիմնանորոգումն է սկսվելու հենց այդ ծրագրով: Խմելու ջրի ներքին ցանցում ջուրը հավասարաչափ բաշխելու խնդիր կա: Նոր խողովակներով բաշխումը պետք է արվի առանձին թաղամասերով, այսինքն` առանձին խողովակաշարերով է ջուրը բաշխվելու թաղամասերին:

      Այս տարի <<Վորլդ Վիժնի>> հետ համատեղ իրականացվելու է ևս մեկ ծրագիր` խմելու ջրի աղբյուրների վրայի կապտաժներն են վերանորոգվելու, կանցկացվի սանիտարական գոտի: Կրկին վերանորոգում պետք է կատարվի բուժկետում: Բուժկետի համար գույք են ձեռք բերել: Գիշերային լուսավորություն պետք է անցկացվի, նախ` կենտրոնական փողոցում: 
Գրիգոր Վարդանյանը կրկին առաջադրվել է, որպեսզի այս ծրագրերի շարունակականությունն ապահովի: Համոզված է` արված գործերը բավարար հիմք են, որ գյուղացին դարձյալ իր քվեն տա գործող գյուղապետին: Աշխատանքներն, իհարկե, միայնակ չի իրականացրել, օգնել են համայնքի բնակիչները, ընկերները:
   -Ինձ համար,- ասաց պարոն Վարդանյանը,- բոլոր գյուղացիներն էլ հավասար են, գյուղապետը բոլորի համար է` ընտրողի թե չընտրողի: Ցանկացած խնդրի դեպքում նրանց կողքին եմ: Օրերս 10-ական գլուխ ոչխար ենք տրամադրել 2 անապահով ընտանիքի: Դա արվել է այդ ծրագրերն իրականացնող կազմակերպությունների հետ համատեղ: Բնական աղետների դեպքում գյուղացին միայնակ չի մնում: Գյուղացիներից մեկին գումար ենք տրամադրել հրդեհված տանիքը վերակառուցելու համար…
   Անդրադառնալով ընկերության թեմային, Գրիգոր Վարդանյանը նշեց, որ առանց ընկերական շրջապատի համայնք ղեկավարելը դժվար է, անգամ ամեն քայլ անելն է դժվար: Բաներ կան, որ ընկերոջդ հետ ես կիսվում, ոչ ընտանիքի անդամի: Ընկերությունն առանձնակի տեղ ունի իր կյանքում: Երբեք չի մոռանա մանկության ընկերներին, հաճախ է նրանց հանդիպում: Մարդն ընկերություն անելիս առաջնահերթ պետք է ազնիվ լինի: Առհասարակ, ազնիվ պետք է լինել բոլորի հանդեպ, առավել ևս` ընկերոջ: Ընկերը հոգու կապ է նաև: Հոգով էլ պիտի մերձենան մարդիկ: Որքան ծանր իրավիճակում էլ հայտնվես, միևնույն է, ընկերությունը չպիտի վնասես: Հայ ազգը մի քանի արժեքների վրա է հիմնված` ընտանիք, ընկերություն, հավատ: Պետականության բացակայության պայմաններում այս արժեքները դարեր ի վեր պահել, պահպանել են մեզ: Գոյատևել ենք ու հասել այսօրվան: 
      Գրիգոր Վարդանյանը ընկերական մեծ շրջապատ ունի: Համայնքապետերից ընկերություն է անում Աշնակի, Կաքավաձորի, Սասնաշենի, Բազմաբերդի գյուղապետերի հետ. <<Բոլորս էլ նույն գործն ենք անում, միևնույն խնդիրներն ունեն մեր համայնքները, ահա թե ինչու միասին ենք լինում շատ հաճախ, իրար հետ խորհրդակցելու շատ բան ունենք: Դավթաշենցին շատ աշխատասեր է, դժվարությունների պայմաններում էլ աշխատում է, տքնում, արդարամիտ է, հայրենասեր: Ղարաբաղյան պատերազմում, կարելի է ասել, մեր գյուղն ամենաբարձր մասնակցությունն ունեցավ: Պետք է շիտակ լինես գյուղացու հանդեպ: Ասում են` գյուղը Աստված է ստեղծել, արարել, քաղաքը մարդիկ են կառուցել: Որքան լավ բան կա, ազգային, դեռ գյուղերում է պահպանվել, քաղաքը փոխում է մարդուն: Գյուղերն են երկիրը պահողները, բոլոր մեր մեծերը համարյա գյուղերի ծնունդներ են: Մարդը հողածին է, իր ոտքը պիտի հողին հպվի, հողը էներգիա է տալիս: Ասֆալտը և բետոնն արհեստածին են: Գյուղերը պիտի պահել, պահպանել, մարդկանց մեջ աշխատելու գաղափարը պիտի ներարկել: Ի վերջո, աշխատելով է ամեն ինչ լինում…>>:
SHARE