Երկիրը պահողը հողն է, գյուղացին

0
28
Պետությունն իր ագրարային քաղաքականությամբ պետք է նպաստի տվյալ ոլորտի իրական առաջընթացին…

Հավատամք

  <<Հենց մանկությունից այնպես է դասավորվել,- մեր զրույցի սկզբում անկեղծորեն խոստովանեց Արմավիրի մարզի Առատաշենի համայնքապետ Վահրամ Հարությունյանը,- որ շրջապատված լինեմ ընկերներով, այնպիսի մարդկանցով, ում շրջապատում փոխադարձ սերն ու նվիրումն է թագավորել: Տարիքային մեծ տարբերության դեպքում էլ լավ ընկերություն եմ արել: Կիսել ենք միմյանց գաղափարները, նպատակները, անցնելիք ճանապարհները: Մարդու մեջ աշխատել եմ գտնել այն, ինչն ինձ կապում է նրա հետ և ընդհակառակը: Այդ առումով շատ բազմազան է իմ ընկերությունը: Ընկերներս կարող են տրամագծորեն տարբեր բնույթի մարդիկ լինել: Ունեմ շատ մտերիմ ընկերներ, ում հետ կիսում եմ գրեթե ամեն ինչ` աշխատանքային, ընտանեկան խնդիրներ և մարդկային հարաբերություններին առնչվող շատ ու շատ հարցեր: Չենք տարանջատում, մարդկային առումով այնքան ենք մտերմացել, որ այդ հարցերը իրար հետ ենք քննարկում: Միմյանց այցելել, ուրախության, դժվար ու ծանր օրերին իրար կողքի լինել, ինչի կարիքը ընկերներով միշտ էլ զգում ենք: Եվ այդպես էլ պատկերացնում եմ կյանքը: Առանց ընկերների մարդն, ընդհանրապես, իր կյանքում ոչինչ չի կարողանա անել: Ինձ համար ընդունելի է մարդու պարզությունը: Ընկերության կամ ընկերների մեջ ենթատեքստ չդնել կամ չփնտրել, մտքերը, ցանկությունները, նպատակները պարզ, շիտակ ասել ու արտահայտել: Այս դեպքում, բնականաբար, ամեն ինչ հասկանալի կլինի, օգնելը` հեշտ ու ըմբռնելի: Շիտակություն պահպանելն, ըստ իս, ամենակարևորն է: Եթե ուզում ես մարդուն ճանաչել, պետք է իսկապես նրա հետ ճանապարհ գնաս. պահի ազդեցությամբ մարդուն գնահատելը ճիշտ չէ: Ընկերությունը պահանջ է, որտեղ ամեն ինչ իր հերթականությունն ունի: Պղտորվում է և մաքրվում: Պետք չէ հապշտապ վճիռներ, որոշումներ կայացնել: Ընկերությունը չպետք է երբևէ նժարին դրվի: Չափանիշներ էլ պետք չեն: Եթե դու ավելի մեծ հնարավորություններ ունես, ապա քեզանից ավելի շատ է պահանջվում: Ընկերոջից պիտի չսպասել ավելին, քան կարող է: Մենք ընկերներով այդպիսին ենք: Հազար ու մի հարց է լինում, վիճում ենք, պահի ազդեցությամբ նեղանում միմյանցից, բայց այդ ամենը հաղթահարում ենք: Ես ունեցածս ընկերության մեջ ոչինչ չեմ կորցրել, միայն գտել եմ: Տարբեր կարծիքներ ենք ունեցել, ինչ-որ բանում չենք հասկացել, բայց դա չի նշանակում, որ ընկերոջդ կարող ես կորցնել: Ինձ համար ամենածանրը հոգեկան կորուստն է: Ինչպես կարող ես տասնյակ տարիների ընկերոջդ կորցնել, դա նույնն է, որ կորցնում ես նաև ապրածդ այդ տարիները: Ուրիշի գնահատականը երբեք հիմք չի դառնա ընկերոջս հետ հարաբերությունների վատթարացմանը կամ կորստին: Ավելի լավ է մի քայլ հետ գնալ` պահելու ընկերոջը: Դրանից միմիայն կարելի է շահել: Մարդու մեծությունը հենց այն բանում է, որ մանր խնդիրներով չլցնի կյանքը և դրանով չառաջնորդվի: Եթե մանրուքներին չես հետևում, ապա ընկերությունն էլ է պահպանվում, մարդու արժանապատվությունն էլ, մարդ լինելն էլ, և դու քո տեղում ես մնում: Մինչև գյուղապետ ընտրվելն ավելի շատ ժամանակ ունեի ընկերներիս համար, ինչը, կարծում եմ, նրանք կհասկանան: Միաժամանակ, առիթը բաց չենք թողնում միմյանց հանդիպելու համար: Շատ ընկերների համար ինքս կապող օղակ եմ եղել: Նոր ընկերություններ են ձևավորվել, ինչից շատ լավ եմ զգացել: Այդ ընդհանուր մեծ ընկերությունը բոլորիս համար շատ ընդունելի է դարձել: Ջանում եմ, որ այն ամրապնդվի ու շարունակվի անվերջ: Թեև տարիների ընթացքում մարդու մտածողության մեջ փոփոխություն է լինում, ավելի շատ է տեսնում, ավելին հասկանում, աշխարհայացքն է ընդլայնվում, ընկալման աստիճանն ու չափն էլ են մեծանում, այդուհանդերձ, պետք է ուժ գտնել` պահպանելու ընկերությունը: 

   Ընկերությունը կենաց ասելով չէ: Ապրելակերպովդ, մարդկանց հետ շփվելով, ընկերներիդ հետ առնչվելով պետք է երևա ընկերությունդ: Ես ուղղակի կյանքը ընկերության մեջ եմ պատկերացնում: 1991-2002 թթ. ղեկավարել եմ գյուղը, 2012-ին առաջադրվեցի և կրկին ղեկավարում եմ համայնքը: Դեռևս 1991-ից ընկերություն եմ անում շատ համայնքների ղեկավարների հետ, նաև նրանց հետ է շարունակվում մտերմությունը, ովքեր այսօր գյուղապետ չեն: Ընկերություն եմ անում Արտիմետի Զավեն Միրզախանյանի, Ակնալճի Գևորգ Միսակյանի հետ, շատ մտերմիկ հարաբերություններ ունենք: Հայթաղի Սամվելի և իր նախորդի` Համլետի հետ շատ ջերմ ընկերական հարաբերություններ եմ պահպանում: Ծաղկունքի Դավիթի, Ամբերդի Մանվելի, Լուսագյուղի Միսակի հետ` նույնպես: Այո, մարդկային հարաբերությունների հետ, նաև` աշխատանքային, գործնական ջերմ առնչություններ…>>:  
   Պարոն Հարությունյանի համոզմամբ, համայնքի ղեկավարը պետք է, իրոք, ապրի համայնքի խնդիրներով, հոգսերով: Ամեն մեկի հոգսն իրենը պետք է լինի: Ուժ, հնարավորություն, ճանապարհ գտնել, մտնել դիմացինի դրության մեջ և ամեն գնով փորձել օգտակար լինել նրան: Հնարավորինս պարզ ու հասկանալի լինել, հասարակ, որպեսզի մարդը կարողանա կիսվել քեզ հետ, ճիշտ ներկայացնել իրեն հուզող խնդիրը: Գյուղապետն իր վարքով, բարքով, աշխատանքով նաև երկիր է ներկայացնում: Ինչպես վերաբերվես բնակչին, այնպիսի վերաբերմունք էլ կստեղծվի երկրի, պետության նկատմամբ: Ուստի և, պետք է սիրել երկիրը, ժողովրդին, ինչն էլ իսկական հայրենասիրությունն է: Մարդուն լավ ես վերաբերվում, ազնիվ ու արդար ես, ուրեմն նա երբեք չի թողնի հայրենիքը, չի խռովի պապենական հողից. <<Մեր հողատարածքների մեծ մասը մշակովի է: Խորհրդային շրջանում շատ հարուստ տնտեսություն ենք ունեցել, հիմա էլ մարդիկ նույն աշխատասիրությամբ շարունակում են: Հող մշակելը ոնց որ մասնագիտություն լինի յուրաքանչյուր առատաշենցու համար: Խնդիրներ ունենք հատկապես ոռոգման հետ կապված: Տարեցտարի Ակնալճի ջրի մակարդակը իջնում է, հետևաբար, նաև ոռոգման մեր ջուրն է պակասում: Խնդիր ունենք նաև խմելու ջրի հետ կապված: Արտեզյան է, դա էլ գնալով պակասում է: Ամենահրատապն այսօր մեզ համար այդ խնդիրն է: Դիմել ենք վերադասին և հույս ունենք, որ կա՛մ նոր խորքային հոր հորատելով, կա՛մ նոր ջրագիծ կառուցելով պիտի այդ հարցին լուծում տանք: Քանի որ սակավաջուր երկիր ենք, և հատկապես ոռոգման հետ կապված խնդիրները գնալով առավել զգացնել են տալու, պետք է մեզանում առհասարակ ներդնենք կաթիլային եղանակով ոռոգման համակարգը, որն անհամեմատ շահեկան է: Այլապես շատ հողեր են մնալու անմշակ: Բարձրորակ, ստուգված, փորձված սերմերի պակաս մենք այսօր շատ ենք զգում: Թունաքիմիկատների մասին էլ չեմ ասում, քանզի չգիտենք, թե ինչ ծագման կամ ինչ որակի բուժանյութ ենք օգտագործում: Մասնագիտական տեղեկատվության պակաս ունենք: Որպես ֆերմեր եղել եմ արտասահմանում: Նրանց տեխնիկական զինվածության աստիճանն է շատ բարձր, ոռոգման համակարգից սկսած մոտեցումները լրիվ ուրիշ են:  Պատահական ոչինչ չեն օգտագործում, ամեն ինչ փորձված է` սերմերը, թունաքիմիկատը և այլն: Ամեն ինչ` բարձր որակի, ստացված բերքը` նույնպես: Պետության մոտեցումն էլ այլ է: Հողօգտագործողն ապահովագրված է բոլոր առումներով: Վարկային շատ ճիշտ քաղաքականություն է տարվում, տոկոսները ցածր են, ժամկետը` երկար: Մեզանում նաև այդ առումով, բոլորս էլ լավ գիտենք, աննախանձելի տխուր վիճակ է: Զարգանալու, առաջ գնալու տեղ շատ ունենք: Եթե ճիշտ ու նպատակային օգտագործվեն մեր բնաշխարհի  հնարավորությունները, ապա բարձր բերք կստանանք, եթե իրացման խնդիրը պատշաճորեն լուծվի, ապա եկամուտն ավելի մեծ կլինի: Արտահանման նոր  հնարավորություններ պետք է ստեղծվեն, միջազգային շուկա մուտք գործելու ուղիներ պետք է որոնել: Մի խոսքով, պետության դերն անհամեմատ մեծ պետք է լինի, առանց դրա գյուղն ու գյուղատնտեսությունը չեն զարգանա: Գյուղացին պիտի կարողանա և՛ աշխատել, և՛ արտադրել, որպեսզի երկիրը առաջ ընթանա…>>:     
SHARE