Երջանիկ ենք, որ նա մեր կողքին է…

0
29
   Ես Թովմասին շատ վաղուց եմ ճանաչում: Այն ժամանակվանից, երբ եկավ ընդունվելու կոնսերվատորիա: Առաջին անգամ նրա երգը լսելով` շատ տպավորվեցի: Թովմասը շատ տաղանդավոր ու բազմաշնորհ անձնավորություն է: Հիանալի երգիչ է: Հիանալի տիրապետում է իր ձայնին և շատ ճաշակով երգիչ է: Հնարքների ետևից չի ընկնում, հոգին է իր երգի մեջ փայլատակում: 
   Արդեն իսկ երիտասարդ տարիքում  նրա մեջ զգացվում էր նաև գիտնականի ներուժը, որովհետև շատ էր հետաքրքրվում աշուղական արվեստով և երգում էր այնպիսի նմուշներ, որոնք այն ժամանակ անգամ հայտնի չէին: Պեղում էր նոր անուններ, հին, մոռացված աշուղների երգերը: Դա շատ գնահատելի է, որովհետև մեզանում նման աշխատանքով քչերն են զբաղվել: Ես գոնե գիտեմ, որ Շարա Տալյանն էր այդպիսին: Մուշեղ Աղայանը շատ հետաքրքրված էր և Տալյանի հետ աշուղական երգեր, Սայաթ-Նովա հրատարակեցին, նոտաները մեջտեղ բերեցին: Վաղարշակ Սահակյանը և այլք: Բայց երիտասարդ սերնդի մեջ նման մարդ չէի տեսել: Թովմասն էր առաջինը: Ես տեսա իսկապես նվիրյալի` աշուղական արվեստին և, ընդհանրապես, հայ երգին: Զարմանալի չէր, որ այսքան կարճ ժամանակում /20-30 տարի/ Թովմասը շատ-շատ գործ արեց: Նախ, սովորելով ճեմարանում, լինելով բանագետ, նաև ավարտեց կոնսերվատորիան: Այնպես որ, ստացած կրթությունը շատ էր ու քիչ չէր: Բազմաշնորհ երիտասարդ էր` և՛ գիտնական, և՛ ուսումնասիրող, պրպտող-գտնող, հավաքող, երգող, նաև` շատ մեծ կազմակերպիչ: Նա կարողացավ ստեղծել աշուղական կենտրոն, աշուղական դպրոց, իսկ դա շատ մեծ բան է: Հիմա երիտասարդությունը ամենայն ճշտությամբ կատարում է աշուղական երգ-երաժշտությունը` առանց աղավաղումների, հայեցի: Եվ Թովմասը մենակ չէ, իհարկե, նա իր շուրջը հավաքել է իր նման նվիրյալ ու տաղանդավոր մարդկանց, ովքեր ժողովրդական արվեստի խենթ սիրահարներ են: Թովմասն այդ խենթերից մեկն է… 

    Նա ունի հինգ տաղանդավոր զավակ,  ամենակրտսերը` Սերիկը, իմ ուսանողուհին է: Շատ լավ երեխաներ են, կիրթ, դաստիարակված: Ունի շատ ազնվազարմ տիկին: Այնպես որ, Թովմասն ամեն ինչում է տաղանդավոր ու ճաշակով` և՛ իր ընտրությունների մեջ, և՛ իր աշխատանքում, և՛ իր գործընկերների ընտրության հարցում: Այդպիսի մարդկանց շնորհիվ են ծաղկում իրենց նախընտրած բնագավառները: 
   Սրտանց շնորհավորում եմ Թովմասին, թող 60-ը դառնա 70, 80, 90… Որքան կկարողանանք` կլինենք նրա կողքին, թև-թևի տված կաշխատենք: Երբեմնի մեր ուսանողը դարձել է մեր կոլեգան, և մենք սիրով աշխատում ենք: Նա մեր ամբիոնի դասախոս է: Ոչ միայն գործով է զարգացնում աշուղական արվեստը, այլև դասախոսում է` սերունդ է կրթում և շուտով կպաշտպանի դոկտորական ատենախոսությունը: Շատ եմ գնահատում նրա աշխատանքը, ամբիոնում սիրված է: Շատ բազմազբաղ է, շատ հոգսերի տակ, բայց շատ բան է հասցնում անել: Հատկապես Ջիվանու արվեստի ուսումնասիրման գործում անգնահատելի է նրա ներդրումը: Ինչպես 5 մատը, ահա այդպես լավ գիտի Ջիվանի: Ստեղծել է աշուղական քարտարան, որը բավականին հեշտացնում է աշխատանքը: Դա էլ կազմակերպվածության, խելքի, շնորհքի խնդիր է: Ուրախ եմ, որ մեր կողքին, մեր ասպարեզում այդպիսի մասնագետ կա, ինչը մեծ հարստություն է մեզ համար: Կուզենամ նրա 100-ամյա հոբելյանին ներկա գտնվել: 
   Ասում են` անփոխարինելի մարդ չկա, բայց այդպես չէ: Երկար ժամանակ հողը պիտի աշխատի, որպեսզի նորից ծնի անհրաժեշտ մարդու, տաղանդավոր մարդու: Մենք բողոքելու տեղ չունենք: Հայ ժողովուրդը տաղանդավոր է: Մեր կոմպոզիտորական դպրոցը շատ հարուստ է այսօր, այնպիսի կոմպոզիտորական հզոր խմբակ ունենք, որ մի մեծ երկրի կբավարարեր: Աշուղներով էլ շատ հարուստ ենք: Այնքան ինքնուս, ձգտող, հողից արդեն ոսկեծնունդ աշուղներ ունենք, ում համար Թովմասի նման մասնագետները ճանապարհ են հարթում, ընդգրկում աշուղական աշխարհի մեջ, ուղղորդում, ձեռնադրում և այլն: Այս ամենը Թովմասի շնորհքն է: Նրա շնորհքն է նաև <<Սայաթ-Նովա>> աշուղական անսամբլի վերականգնումը: Որպես մարդ-անձնավորություն նույնպես անգնահատելի է: Շատ մաքրամաքուր, բյուրեղյա հոգի ունեցող անձ է: 
    Նրա հետ կարելի է ընկերություն անել` անկախ տարիքային տարբերությունից: Փոքրի հետ փոքր է, մեծի հետ` մեծ: Իր զավակների համար անգնահատելի հայր է: Թովմասը լավն է, և մենք երջանիկ ենք, որ նա մեր կողքին է: Աշուղական երգերը Թովմասի հոգին մաքրազարդել են: Շատ երգեր է <<պեղել>>, գտել, վերադարձրել իր ժողովրդին: Անընդհատ փնտրտուքի մեջ է: Գործի մեջ պետք է այրվել, ինչպես Թովմասն է…  

Ալինա Փահլևանյան
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայ երաժշտական 
ֆոլկլորագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
SHARE