Երջանկության բանաձև

0
72

Ինչպիսի՞ն է կամ ինչպիսի՞ն պետք է լինի այն հայ մարդու համար

  Ի՞նչ է անհրաժեշտ մարդուն երջանիկ լինելու համար: Ո՞ն է հայ մարդու երջանկության բանաձևը: Որքանո՞վ է երջանիկ մեր հասարակությունը…

  Եթե փորձելու լինենք, ասենք, մեզանում տասնյակ հազարավոր մարդկանց, տարբեր խավերի ներկայացուցիչների շրջանում տվյալ թեմայով հարցում անցկացնել, ապա, հավատացեք, հատուկենտ մարդկանց կհանդիպենք, ովքեր իրենց հաջողակ, երջանիկ, բոլոր խնդիրները հաղթահարած կհամարեն:

  Բանն այն է, որ հաջողակ, հարուստ լինելն այնքան էլ ընդունելի չէ հայ մարդու տեսանկյունից:  Հայը կողմնորոշվելիս ընտրում է միջին չափանիշները, ձգտում է ապրել այնպես, ինչպես մյուսներն են ապրում: Մինչդեռ, օրինակ, ամերիկացիների համար կարևոր է լինել հաջողակ: Ամերիկացիները հանդիպելիս միմյանց գրեթե միշտ ասում են, որ ամեն ինչ լավ է, իրենց բոլոր խնդիրները լուծված են: Ավելին, ձգտում են ցույց տալ, որ ամեն ինչ նորմալ է: Դա օգնում է նրանց նոր խնդիրներ դնել, ավելի բարձր արդյունքների հասնել: Մեզանում, սակայն, մոտեցումն այլ է: Ուսանող երիտասարդների շրջանում, օրինակ, կատարված ուսումնասիրության շրջանակներում երեք հարց է ձևակերպվել` ինչի՞ եք ձգտում, ո՞րն է ձեր հիմնական նպատակը, ի՞նչ է ձեր պատկերացմամբ հարուստ լինելը:

  Պարզվել է, որ մեր երիտասարդները հաշվարկել էին, թե որքան փող է պետք ամուսնանալու, ընտանիք կազմելու, երեխաներ, տունուտեղ, մեքենա ունենալու համար և կոնկրետ թվեր էին նշել: Ստացվել էր, որ ամսական մի քանի հազար դոլարը նրանք համարում են լրիվ բավարար իրենց հարցերը լուծելու համար: Այսինքն, ուրիշների նման ապրելը, ուրիշներին նմանվելը դիտվում է որպես չափանիշ: Եթե մեկն ավելի մեծ գումարներ է վաստակում, ավելի մեծ տուն է կառուցում, ավելի թանկարժեք ավտոմեքենա է գնում, ավելի ճոխ է ապրում, ապա նրան մերժում են` համարելով մեծամիտ ու գոռոզ:

  Մեզանում տարածված է համայնքային մտածողությունը, համայնքային արժեքներն են ամենակիրառելին: Ապրել` ինչպես ողջ համայնքն է ապրում. սա դարձել է մարդկանց համար երջանկության չափանիշ: Տուն, ընտանիք ունենալը, հաջող ամուսնանալը, համեստ կին ունենալը, աշխատանք ունենալու համար կրթություն ստանալն այն միջին չափանիշներն են, որոնք Հայաստանում նախընտրելի են:

  Ըստ հարցումների, հայկական ընտանիքների մի զգալի մասը սեփական բարեկեցությունը բավարար չի համարում երջանիկ կամ գոհ լինելու համար: Այսպես, Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ տրված գնահատականներից պարզվել էր, որ երկրում վիճակը վատ է, համայնքում ավելի պակաս վատ է, իսկ ընտանիքների մեծամասնությունում ամեն ինչ նորմալ ու լավ է: Հարց է առաջանում` եթե համայնքը կազմված է ընտանիքներից, ապա ինչպես կարող է երջանիկ կամ բարեկեցիկ կյանք ունեցող ընտանիքներից կազմված համայնքը լինել բարեկեցիկ միայն որոշ մասի գնահատմամբ: Ուրեմն, բաներ կան մեր ընտանիքներից դուրս, որոնք մեր երջանկության բաղադրիչն են, և դրանց պակասը մենք զգում ենք: Բաներ կան, որոնք ընդհանրական են…

  Մեր ընտանիքներում հաճախ անձնական նպատակները ստորադասվում են, անձնական երջանկությունը զոհաբերվում է ընտանիքի համար: Մարդիկ իրենց կյանքը նվիրում են երեխաներին, թոռներին ավելի բարեկեցիկ կյանք ապահովելու համար, և անձնական երջանկությունը հայտնվում է երկրորդ պլանում: Ավանդապաշտ ընտանիքներում երեխաների թիվն է որոշում ընտանիքի բարեկեցությունը:

   Ի վերջո, թեև ամեն մեկն ունի երջանկության սեփական չափորոշիչները և դրանցով առաջնորդվելով փորձում է երջանիկ լինել, համենայնդեպս, ընդհանրական բանաձևը հետևյալն է` եթե կարող ես դժվարություններ հաղթահարել, ապա կլինես երջանիկ: Մարդը զգում է իրեն ուժեղ, կայացած և երջանիկ, երբ հաղթահարում է կյանքի նետած մարտահրավերները: Ինչ վերաբերում է, մասնավորապես, հայ մարդու երջանկության բանաձևին, ապա այն կարելի է սահմանել հետևյալ կերպ` ունենալ ընտանիք, ապրելու հարմարավետ պայմաններ, լավ հագնված ու կրթված երեխաներ, նաև հարգանք շրջապատող մարդկանց կողմից…

SHARE