Երջանկության մեխանիկա

0
24
Ի՞նչ է պետք հայերիս երջանիկ լինելու համար…

  <<Գելափ>> վերլուծական ընկերության 143 երկրի շրջանակում անցկացրած հարցումների համաձայն, աշխարհի ամենադժբախտ բնակչություն ունեցող պետություն է ճանաչվել Բուլղարիան: Իսկ դժբախտ երկրների 2-րդ <<պատվավոր>> հորիզոնականը բաժին է հասել Հայաստանին, որտեղ հարցվածների 37 տոկոսը դժգոհ է իր կյանքի որակից: Դժբախտ երկրների <<առաջատարների>> շարքում մեզ հաջորդում են Կամբոջան, Հայիթին, Հունգարիան, Մադագասկարը, Մակեդոնիան, Տանզանիան, Սիրիան, Աֆղանստանը, Իրաքը և Հոնդուրասը…
   Ըստ մասնագետների, հայերի երջանկության գրավականներից են ապահովությունը, պաշտպանվածության զգացումը, օրենքի ու արդարության գերակայությունը, նյութական միջոցներ ստեղծելու համար հավասար պայմանները և մասնագիտական կյանքում /ընդ որում` հայրենիքում/ հեռանկարներ ունենալը: Այս ամենի կողքին շատ կարևոր է մարդկանց առողջությունը, որով անմիջականորեն պայմանավորված է անհատի  երջանկությունը: Մեր երկրում, ինչպես գաղտնիք չէ, մարդկանց մեծ մասն առողջական լուրջ խնդիրներ ունի, իսկ հիվանդությունները բուժելը մեծ գումարների հետ է կապված: Հասարակ քաղաքացին, որ բարձր դիրք չի գրավում, մեծ սեփականության տեր չէ, այսօրվա պայմաններում հազիվ թե իրեն երջանիկ զգա: Անգամ եթե նա փոքրիշատե ապահովված է, սակայն ամեն քայլափոխի աղքատություն, թշվառություն տեսնելով չի կարող երջանիկ լինել, չի կարող չցավել իր ազգակցի համար, չտառապել թեկուզ այն բանից, որ իր աչքը թշվառ տեսարաններ է նկատում: Այնպես որ, հոգեբանների կարծիքով, եթե կան առանձին երջանիկ մարդկանց կղզյակներ, ապա նրանց երջանկությունը շինծու է…

   Տեսակետ կա, որ հայ ժողովրդի երջանկությանը խանգարում է այն, որ մեզ թույլ չեն տալիս մոտենալ մեր բաղձանքին: Խոսքն այն մասին է, որ մեր  ժողովուրդն արդեն հազարավոր տարիներ այս հողի վրա համառորեն ուզում է մոտենալ Աստծուն, և անընդհատ իր և Բարձրյալի միջև խոչընդոտներ են հայտնվում: Երբ հայը չի կարողանում դրսի խոչընդոտը հաղթահարել, սկսում է դժգոհել իր ներսից` հարևանից, բարեկամից, ընկերոջից, հայրենիքից, պետությունից, իշխանություններից… Մեր հարևան հին ժողովուրդները ժամանակի ընթացքում փոխվել են, իսկ մենք զարմանալիորեն նույնն ենք մնացել: Ադ պատճառով էլ չենք հրաժարվել սեփական երկրից ու բախտից բողոքելու սովորությունից: Այնինչ, մեր բախտի տերը հենց մենք ենք, ուրիշ ոչ ոք: Իսկ ամենամեծ պատասխանատուն քաղաքական այրերն են, կուսակցությունները, որոնք հրահրում են ժողովրդին սեփական կյանքից դժգոհ լինելուն: Չէ՞ որ ղեկավարը պետք է սիրի իր զավակին, տունը, այսինքն` ժողովրդին, պետությունը, և հոգ տանի նրանց համար…
    Մեկ այլ կարծիքի համաձայն, մեր դժբախտության պատճառը տնտեսության քայքայումն է, օրենքների, մարդկանց իրավունքների ոտնահարումը, ինչից էլ մարդիկ իրենց պաշտպանված չեն զգում, անարդարությունը բոլոր ոլորտներում, օլիգարխիկ համակարգը և այլն: Սակայն, միաժամանակ, մեր դժբախտության զգացումը պայմանավորված է նաև սուբյեկտիվ գործոններով, որոնցից հիմնականը հայկական մենթալիտետն է: Եվ ապա, մեր երջանկությանը խանգարում է հայկական հավակնոտությունը, քանի որ հայերս հավակնոտ ենք, սակայն հաճախ չենք կարողանում իրականացնել մեր հավակնությունները: Այդ պատճառով մենք մեզ դժբախտ ենք զգում…
   Հայերիս երջանկության մեխանիկան, թերևս, կարելի է համարել ինքնամաքրումը: Հարկավոր է մաքրվել մեր մեջ կուտակված կեղտից, կեղծիքից, ստորաքարշության հիվանդությունից: Հասարակ քաղաքացին պետք է ապրի արդար երկրում, մեզ արդարություն և մարդասիրություն է հարկավոր, ազնվություն և փոխադարձ անկեղծություն: Այդ ժամանակ ժողովուրդը կհասկանա, որ արժևորված է, մարդ է, և կսկսի իրեն մարդու պես դրսևորել, իրեն երջանիկ զգալ…
   Իսկ, միգուցե, երջանիկ լինելու համար ընդամենը պետք է դժբախտ չլինել և հոգեպես տրամադրվել երջանիկ լինելուն: Ո՜վ գիտե…
SHARE