Երևանյան Վարդատոն

0
30

Այն պետք է համաժողովրդական դառնա և առավել մեծ միջազգային ճանաչում ստանա…
      <<Սայաթ-Նովա>> մշակութային միությունը փորձում է վերականգնել հայ մեծ աշուղ Սայաթ-Նովայի հիշատակին նվիրված Վարդատոնը: Ինչպես նախորդ  տարիներին, այս տարի ևս մայիսի 20-ին Երևանում նրա հուշարձան աղբյուրի մոտ նշվեց այդ ավանդական տոնը: Աջակցեցին ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:
   Վարդատոնն առաջին անգամ տոնել են 1914 թ. Թբիլիսիում, Հովհ. Թումանյանի և Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ: Ամեն տարի ավանդաբար Թբիլիսիում մայիսի վերջին կիրակին նշվում է այդ տոնը` որպես Սայաթ-Նովայի հիշատակի օր: Յուրաքանչյուր մասնակից խորհրդանշական մեկ վարդ է բերում աշուղի շիրիմին: 2005-ից սկսած <<Սայաթ-Նովա>> միությունը մայիսի նախավերջին կիրակին է ընտրել նաև Երևանում այդ տոնի անցկացման համար: Այս անգամ Սայաթ-Նովայի 300-ամյակի, ինչպես նաև Վարդատոնի առթիվ մեծ աշուղի արվեստի երկրպագուները նախ քայլերթով անցան նրա անունը կրող փողոցով, այնուհետև միացան նրա անվան երաժշտական դպրոցի և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի հարակից այգում` մեծ քնարերգուի հուշարձան աղբյուրի մոտ հավաքված քաղաքացիներին: Այստեղ էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
        Բացառիկ ազգային երգատոնի առիթով Սայաթ-Նովայի հուշարձան աղբյուրի տարածքը մարդաշատ էր: Եկել էին մարդիկ` մեկական վարդ ձեռքներին` մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցելու սիրո մեծ երգչի անմահ հիշատակին: Ամեն հայ իր մեջ յուրովի կրում է նրա արվեստի մնայուն ու հավերժական արժեքներից, հատկապես` սիրո, չէ՞ որ սերն է կյանք պարգևողն ու իմաստավորողը…

     Արդեն ութերորդ տարին է, ինչ շարունակելով թումանյանական ու բաշինջաղյանական հրաշալի ավանդույթը, մեր մշակույթի անխոնջ նվիրյալ Թովմաս Պողոսյանը տարեցտարի նոր գույներ ու խորհուրդ է հաղորդում այդ մեծ ու նվիրական տոնին: Այս յուրօրինակ քայլարշավը, որի մասնակիցները հիմնականում երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ էին, յուրովի ազդակ ու հիշեցում է` շարունակել ճանաչել ազգային արժեքները, վերաիմաստավորել մեր մեծերի թողած ժառանգությունը, հավատարիմ մնալ հայրենի  պատմությանն ու արմատներին: Զորօրինակ, պիտի աշխարհին կարողանանք հավուր պատշաճի ներկայացնել մեր մեծերի թողած ժառանգությունը, որն իր մեջ նաև համամարդկային արժեքներ է կրում: Իսկ որ Սայաթ-Նովան այդ մեծությունների ու արժեքների շարքում է, երկրորդ կարծիք չի կարող լինել: Տեղին ու արժանի է, ինչ խոսք, որ մեծ աշուղի 300-ամյա հոբելյանը նշվի առանձնակի շուքով և միջազգային ճանաչում ու լայն շրջանակներ ընդգրկի: Պատահական չէ, որ մեծ քնարերգուի ծննդյան 300-ամյակն ընդգրկված է, պաշտոնապես ներառված ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարվա մշակութային իրադարձությունների շարքում: Հուսանք, որ համայն հայության սիրասուն ոստան մեր Երևանը, այս տարի գրքի  միջազգային մայրաքաղաք ճանաչվելուց հետո, հաջորդ տարի կհռչակվի որպես Սայաթ-Նովային նվիրված մեծաշուք հանդիսությունների մայրաքաղաք: Այո, Վարդատոնը ոչ միայն պետք է վերածվի համաժողովրդական տոնախմբության, այլև միջազգային ճանաչում ու հնչեղություն ստանա:  Վերհիշելով Վալերի Բրյուսովի խոսքը, որ կան երկնային պարգևներ, որոնք ուղղակի օրհնանք են իրենց ծնող ժողովրդին և իրենց դարաշրջանին, պարտավորված լինենք անելու այն ամենը, ինչին արժանի է Սայաթ-Նովայի նման հանճարը: Արժանի լինենք նրան: Հավերժ է մեր ժողովուրդը, հավերժ է նրա մեծ ուղեկիցը` Սայաթ-Նովան…
     Երևանյան Վարդատոնին ելույթներ ունեցան ժամանակակից աշուղներ, գրողներ, արվեստագետներ: Հանդիսությունն ավարտվեց ՀՀ հանրային ռադիոյի <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլի /գեղարվեստական ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյան/ և գեղարվեստական այլ խմբերի համերգային ելույթներով:
v
SHARE